Եվրոպական Միության ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը, որն այսօր այցելել էր Գյումրի ու ելույթ ունեցավ Շիրակի պետական համալսարանում՝ ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի առջև, իր խոսքը մատուցեց մի քանի հետաքրքիր պատմություններով։
Վիզայի ազատականացման մասին խոսելիս մասնագիտությամբ լրագրող Կոսը պատմեց, որ այսօր, նախքան բուհ գալը, եղել է Շիրակի մարզի գյուղերից մեկի հացաբուլկեղենի արտադրամասում, որտեղ համտեսել է գաթա։
«Ես գաթայի միջից գտա մետաղադրամ, բայց մինչ մետաղադրամը գտնելս սենյակում գտնվող տղամարդկանցից մեկը, սա իրոք զուգադիպություն էր, ասաց՝ «եթե գտնեք մետաղադրամը, տիկին հանձնակատար, մենք պիտի ստանանք վիզաների ազատականացում»։
Այսպիսով՝ սա է մեր այսօրվա պայմանավորվածությունը․ ես ուտում եմ ձեր գաթան, իսկ մենք ձեզ մոտեցնում ենք Եվրոպային՝ առանց վիզայի ռեժիմի»,- ասաց Մարթա Կոսը։
Կարդացեք նաև
Տիկին Կոսի ներկայացրած մեկ այլ պատմությունը կապված էր հումորասեր Գյումրի կատարած այցելության հետ։
Նա պատմեց, որ երեկ Գյումրի գալուց առաջ իր թիմում հանդիպում է ունեցել, որտեղ նրան ասել են՝ գյումրեցիները շատ հումորով են ու խորհուրդ են տվել՝ «Գյումրի որ գնաք, այնտեղ ասեք՝ փող չկա»։
Տիկին Կոսն էլ այդ պահին թղթի վրա գրառում է կատարել, որ չմոռանա, բայց տեղ հասնելով՝ հանեց իր գրառումը ու ճիշտ հակառակը կարդաց․ նա հայերեն լեզվով ասաց՝ «Փող կա»։
Իհարկե, հումորով համեմված այս պատմությունն այն մասին էր, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին տարբեր ծրագրեր իրականացնելու հարցում։
«Գումարը խնդիր չէ, պետք է պարզապես այն խելացի ծախսել, Եվրոպան ունի գումարներ լավ ծրագրերի համար»,- ասաց տիկին Կոսը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































