Լրահոս
Օրվա լրահոսը

Կփորձեմ փոխանցել դրական ֆլյուիդներ, ու թող զարթոնքը չուշանա մեր ազգի համար. Ադամ Բարրո

Մարտ 24,2026 16:38 Share

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստան է վերադառնում համերգային երեկոյով․ ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին նվիրված «Անուրջներ» խորագրով համերգը։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Գալինա Ցոլակյանը, Արամո Մամիկոնյանը, Սյուզաննա Բարէն, Մարիաննա Հայրապետյանը, Սկենա երգչախումբը, Վիկտորյա եւ Լյանա Ուլիխանյանները։

Aravot.am-ը Ադամ Բորրոյից հետաքրքրվեց, թե ինչպես է կազմվել համերգի ծրագիրը, ինչով է այն առանձնահատուկ: «Իմ լավ բարեկամ, ընկեր Մաշա Ալավերդյանի հետ ներկայացնում ենք յուրօրինակ կամերային համերգ՝ նվիրված Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին: Ի տարբերություն նվագախմբային կատարումների կամ այլ մեկնաբանությունների՝ ընտրել ենք կամերային ձևաչափը, որպեսզի լիարժեք բացահայտենք կոմպոզիտորի հանճարեղ մեղեդայնությունը եւ նրա ստեղծագործությունների ներքին խորությունը:
Այս մոտեցմամբ էլ Բաբաջանյանի երաժշտությունը հզոր է ոչ միայն մասշտաբայնությամբ, այլ ինքնին՝ մաքուր մեղեդիական գծերով, որոնք կամերային հնչողությամբ ձեռք են բերում նոր երանգներ ու զգացողություններ:

Համերգի ծրագիրը կազմված է այնպես, որ առավելագույնս ընդգծի կոմպոզիտորի ժառանգության մեծ գունապնակը: Բաբաջանյանի հեղինակային մշակումներից զատ՝ առաջին անգամ կհնչեն հատուկ փոխադրությամբ ջութակի եւ թավջութակի համար ստեղծագործություններ, ինչպես նաև սիրված երգեր՝ սոլիստի և երգչախմբի կատարմամբ, փոխադրությամբ համերգի դիրիժոր՝ Մաշա Ալավերդյանի։ Սպասվում են մի քանի անակնկալ կատարումներ։ Ակադեմիական ժանրն էլ ավելի գրավիչ, մշակված ձայնը՝ բնական կատարմամբ, ձայնային վերևի եւ ներքևի ռեգիստրը անթերի ներկայացնելը էլ ավելի դյութիչ է դարձնում Բաբաջանյան հանճարի չնաշխարհիկ մեղեդայնությունը, որ էլ ավելի է գրավելու հանդիսատեսի հոգիները»,-ասաց ֆրանսաբնակ օպերային երգիչը։

Մեր հարցին՝ իր համար սկզբո՞ւնքն է Փարիզից Երեւան ամեն այցը նշանավորել որեւէ հիշարժան համերգով,Ադամ Բարրոն այսպես արձագանքեց. «Ինձ համար սկզբունք է Տիրոջ նվիրած ամեն օր նշանավոր դարձնել, պիտանի մարդ լինել իմ ազգի համար։ Ափսոս, որ հնարավորություններս ներում են դեռ այսքանը, որքանով փորձում եմ օգտակար լինել ու ամեն մի նոր համերգի ժամանակ մատուցել հատընտիր ծրագիր։ Այս անգամ էլ փորձեմ փոխանցել դրական ֆլյուիդներ, ու թող որ զարթոնքը չուշանա մեր ազգի համար …»:

Հավելենք, որ հոկտեմբերի 3-ին երգիչը նախաձեռնել է Ջոն Տեր-Թադեւոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված երեկո՝ Փարիզի Cortot համերգասրահում՝ ճանաչված արտիստների մասնակցությամբ։ Ադամ Բարրոն նաեւ հանդես կգա Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա եկեղեցում ապրիլի 24-ին. Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ կայացող համերգին կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Մարիամ Պոզապալյանի եւ Արա Պարթեւյանի ստեղծագործությունները` ի հարգանս անմեղ հայ զոհերի։

Ադամ Բարրոյի նախաձեռնած նմանատիպ համերգների շարքում են եղել նաեւ «Ավե Մարիա» խորագրով գալա երեկոն՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված «Ադամ Բարրո և ընկերներ» եւ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031