Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն անցած շաբաթ կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին, հայտնում են «Ազատության» Բրյուսելի աղբյուրները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքները կանխելու նպատակով արտգործնախարար Արարատ Միրզոյանը նամակով դիմել էր Եվրամիությանը։
Այս նոր առաքելությունը բաղկացած է լինելու 9-14 հոգուց, նրանց խնդիրն է պայքարել արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտությունների, ինչպես նաև կիբերսպառնալիքների դեմ։ «Ազատություն» ռադիոկայանին հասանելի է դարձել արագ արձագանքման առաքելության հայտարարությունը, ըստ որի, Հայաստանը բախվում է հիբրիդային ինտենսիվ գործողությունների, որոնք մեծ հավանականությամբ կսրվեն ընտրությունների շեմին։
Ակնկալվում է, որ առաքելությունը Հայաստանում կտեղակայվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին՝ 10-15 աշխատանքային օրով։
Կարդացեք նաև
Խումբը կառավարությանը խորհրդատվություն կտրամադրի ճգնաժամային կառավարման, տարբեր ընտրական սցենարների ժամանակ հետախուզական տվյալների փոխանակման վերաբերյալ։ Առաքելությունը նաև կօգնի համապատասխան մարմիններին ընտրական ապօրինի ֆինանսավորման դեպքերի հայտնաբերման հարցում, կաջակցի բարձրացնել հանրային իրազեկվածությունը ընտրական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ։
Ակնկալվում է, որ առաքելության ավարտին կկազմվի զեկույց, որը կհստակեցնի Բրյուսելի հետագա գործողությունները Հայաստանի հետ հարաբերություններում։ «Սա կարող է ներառել Եվրամիության լիարժեք քաղաքացիական առաքելության տեղակայում Հայաստանում՝ փոխարինելու ներկայիս ԵՄ առաքելությանը, որը ստեղծվել է 2023-ին՝ հայ-ադրբեջանական սահմանամերձ տարածքներում կայունությանը նպաստելու համար։ Նման առաքելության տեղակայումը կպահանջի ԵՄ անդամ բոլոր 27 պետությունների միաձայն համաձայնությունը», – հայտնում է «Ազատության» աղբյուրը։
Սրան զուգահեռ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը անդամ երկրներին է ներկայացրել Հայաստանի համար ճգնաժամային մոտեցման քաղաքական շրջանակ՝ “Political Framework for a Crisis Approach (PFCA) for Armenia” փաստաթուղթը, որը հասանելի է նաև «Ազատությանը»։
Փաստաթղթում ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը հավանություն է տալիս նոր՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության առաքելության ստեղծմանը Հայաստանում՝ շեշտելով, որ Եվրամիության կենսական շահերից է բխում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի տեսանելի ձերբազատումը ծայրահեղականացնող, օտար միջամտություններից։
Այս տեսանկյունից հարկ է համարվում Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության առաքելության հնարավորությունների դիտարկումը՝ ԵՄ առկա գործիքների և ներկայիս առաքելության փուլ առ փուլ կրճատման համատեքստում, մինչ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններ են ընթանում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































