2026թ. մարտի 16-ից 25-ը ՄԱԿ-ի Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խումբն այց է իրականացրել Հայաստան։ Անկախ փորձագետները գնահատել են գենդերային հավասարության ապահովման և խտրականության վերացման գործում գրանցված առաջընթացն ու մարտահրավերները, ինչպես նաև՝ ուսումնասիրել են կանանց և աղջիկների կյանքի տարբեր ոլորտներ, հատկապես այն խմբերին, որոնք բախվում են խտրականության բազմակի և փոխկապակցված ձևերի։
➡️ Աշխատանքային խումբն իր հրապարակած հաղորդագրության շրջանակներում ողջունել է գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, որոնք առաջնահերթություն են տալիս գենդերարձագանքող պետական քաղաքականություններին և անվտանգ, բռնությունից զերծ միջավայրի ստեղծմանը և գործողությունների համար առաջահայաց շրջանակ են ապահովում: Խումբն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը և ակտիվ քաղաքացիական հասարակությունը նույնպես անփոխարինելի դեր են խաղում գենդերային հավասարության առաջխաղացման գործում:
➡️ Առանձին անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ աշխատանքային խումբն իր տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշել է. «2024 թվականի դեկտեմբերին Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը վերահավաստագրվել է «A» կարգավիճակով։ Մարդու իրավունքների պաշտպանը կատարում է մի շարք գործառույթներ, այդ թվում՝ հանդես գալով որպես կանխարգելման ազգային մեխանիզմ և վերահսկելով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային (CRC) և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային (CRPD) համապատասխանությունը։ Այնուամենայնիվ, առկա ֆինանսական և նյութական ռեսուրսները դեռևս բավարար չեն այս գործունեության արդյունավետ իրականացման համար։
➡️ Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր դեր է խաղացել մարդու իրավունքների պաշտպանության առաջխաղացման գործում՝ ռազմավարական տեսանկյունից նշանակալի գործերը Սահմանադրական դատարան ներկայացնելով։ Արժանահիշատակ օրինակ էր Սահմանադրական դատարանի 2025 թվականի որոշումը, որը որոշակի հաշմանդամություն ունեցող անձանց դատավորի պաշտոնում ծառայելուն կամ պետական պաշտոն զբաղեցնելուն խոչընդոտող ընդհանուր արգելքները համարեց հակասահմանադրական՝ վերահաստատելով, որ հանրային ծառայությանը հավասար մուտքի հնարավորությունը պետք է հիմնված լինի անհատականացված գնահատման, ողջամիտ հարմարեցումների և արժանիքների, այլ ոչ թե ավտոմատ բացառման պահանջներ սահմանելու վրա։ Այն նաև ցույց տվեց Մարդու իրավունքների պաշտպանի` որպես հավասարության պահապանի առանցքային դերակատարումը, որը համագործակցում է քաղաքացիական հասարակության փորձագետների հետ և գործարկում սահմանադրական արդարադատությունը՝ առաջ մղելու համակարգային բարեփոխումները և մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառություններին համապատասխանությունն ամրապնդելու համար։
Կարդացեք նաև
➡️ Պաշտպանի հաստատությունը նաև կարևոր իրազեկման միջոցառումներ է իրականացնում, և նրա զեկույցները, առաջարկությունները և այլ միջամտությունները պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն և ծառայեն որպես պետական ծրագրերի և քաղաքականության հիմք։
ℹ️ Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս Հայաստանին ավելացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվող ֆինանսական և նյութական աջակցությունը և ապահովել դրա առաջարկությունների համակարգված դիտարկումը իրավական և քաղաքականության մշակման գործընթացներում:
📌 Մարդու իրավունքների պաշտպանին անհրաժեշտ են բավարար ռեսուրսներ և իրական ինստիտուցիոնալ ներգրավվածություն՝ իր մանդատներն արդյունավետորեն կատարելու և ապացուցահենք, իրավունքակենտրոն պետական ծրագրերին նպաստելու համար»։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան


















































