«Երգեհոն վերականգնողը բարձր որակավորում ունեցող մասնագետ է, որը պահպանում, վերանորոգում և վերականգնում է պատմական ստեղնաշարային-փողային այդ գործիքը։ Իսկ աշխատանքը պահանջում է ակուստիկայի, մեխանիկայի, փայտամշակման և երաժշտական պատմության գիտելիքներ՝ երգեհոնի բնօրինակ ձայնը վերականգնելու համար։ Այդպիսով՝ վերականգնող-վարպետներս պահպանում ենք մշակութային ժառանգությունն ապագա սերունդների համար՝ երաժշտական գործիքների «թագավորի» պատշաճ գործունեությունը»։ Այս միտքը մեզ հայտնել էր տասնամյակներ շարունակ Հայաստանում միակ երգեհոն վերականգնող վարպետ Դավիթ Գիլանյանը, որը հեղինակ է «Երգեհոնագիտության ներածություն» ծավալուն աշխատության, եւ որի կյանքը ընդհատվեց 2015-ին:
Aravot.am-ը, զրուցելով երաժիշտների հետ, պարզաբանեց, որ այդ գործը՝ երգեհոն վերականգնողի, առանց որևէ գովազդի, «սուսուփուս» ստանձնել է մեր հայրենակիցը՝ ծնունդով Վրաստանից, Մոսկվայում ուսում ստացած և մինչ օրս էլ համերգային բուռն գործունեություն ծավալող երգեհոնահար, դաշնակահար Գարրի Եփրիկյանը, որը երբեմն օպերային երգիչների հետ ելույթ է ունենում որպես կոնցերտմայստեր։
Կարդացեք նաև
Նա սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ։ Նախ` հակիրճ ներկայացնենք երաժշտի ուսումնառության շրջանը, որը, վստահ ենք, մտածելու առիթ կտա պատկան մարմիններին։
Այսպես՝ 2002 թ․ գերազանցությամբ ավարտում է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական քոլեջը, ապա ուսումը շարունակում կոնսերվատորիայում՝ դարձյալ որպես երգեհոնահար, դաշնակահար։ Ավարտում է նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ որպես երգեհոնահար։ Ուսման տարիներին նա մասնակցում է մի շարք ռուսաստանյան և եվրոպական մրցույթների։ Որպես դաշնակահար՝ մրցանակներ է շահում Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Մոսկվայում կայացած մրցույթներից, իսկ որպես երգեհոնահար՝ I և II մոսկովյան միջազգային փառատոներում, նաև Գերմանիայի Ինգոլշտադտ քաղաքում անցկացված երգեհոնային իմպրովիզացիայի փառատոնում։
Հիմա ներկայացնենք երաժշտի՝ որպես երգեհոնահարի վերջին շրջանի գործունեությունը։ Մենահամերգներով հանդես է եկել Մոսկվայի դահլիճներում և տաճարներում (Զարյադյե մեծ դահլիճ, կոնսերվատորիայի մեծ և փոքր դահլիճներ, Սուրբ Պետրոս և Պողոս, ինչպես նաև Անարատ Հղիության Սուրբ Կույս Մարիամի տաճարներ և այլն), Սանկտ Պետերբուրգում (Տավրիդյան պալատի դահլիճ, Սուրբ Եկատերինայի եկեղեցի), ինչպես նաև Արխանգելսկի, Իրկուտսկի, Մուրոմի, Մուրմանսկի, Տուլայի, Տամբովի, Խարկովի, Թբիլիսիի ֆիլհարմոնիաներում։ Բազմիցս հրավիրվել է Կալինինգրադի մայր տաճար։
Կարևոր մի փաստ․ մեր զրուցակիցը ներգրավված է եղել որպես փորձագիտական հանձնաժողովի անդամ՝ Մուրմանսկի ֆիլհարմոնիայի, Տանեևի անվան մանկական երաժշտական դպրոցի երգեհոնների ընդունման, ինչպես նաև Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճի երգեհոնի վերականգնման աշխատանքներում։
Հիմա ուշադրություն․ Գարրի Եփրիկյանը Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում ուսանելու տարիներին հաճախել է նաև տեղում գործող երաժշտական գործիքների վերականգնման արհեստանոց, որը ղեկավարում է Նատալյա Մալինան։
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ինչպես պատահեց, որ Մոսկվայի կոնսերվատորիայում 15 տարի որպես վերականգնողի աշխատանքը թողեց ու եկավ Երևան։ «Դա 2022 թվականն էր։ Գործընկերոջս՝ Եգոր Ռուդոմյույոտովի հետ եկանք Հայաստան և սկսեցինք վերականգնողական աշխատանքները։ Իսկ Հայաստանում տեղադրված է 13 երգեհոն։ Հիմա արդեն լավ վիճակում են Երևանի կամերային երաժշտության տան, Չայկովսկու երաժշտական դպրոցի, Գյումրիի Յոթ Վերք և Սուրբ Նշան եկեղեցիների ու Կապանի արվեստի քոլեջի գործիքները։ Այլ վայրերում գտնվող երգեհոնների վիճակը, մեղմ ասած, անմխիթար է։ Միայն առայժմ տեղեկացված չեմ Չարենցավանի երգեհոնից», — ասաց երաժիշտ-վերականգնողը։
Հետաքրքրությանը՝ փաստորեն ձեզ արդեն ճանաչում են, վերականգնել եք 5 երգեհոն, իսկ ինչո՞ւ ձեզ չեն հրավիրում մնացած 8-ը կարգի բերելու նպատակով, ստացանք հետևյալ պատասխանը՝ այդ հարցի պատասխանը չունեմ։
«Ճի՞շտ ենք ենթադրում, որ դուք, ի տարբերություն Հայաստանի, շարունակում եք ավելի հաճախ բեմ բարձրանալ Ռուսաստանում, եվրոպական երկրներում» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ձեր ենթադրությունը ճիշտ է, բայց պետք է ասեմ, որ Հայաստանում լավ պայմաններ են ստեղծագործելու համար։ Որպես կոնցերտմայստեր աշխատում եմ Երևանի օպերային թատրոնում և շատ գոհ եմ։ Այո, թռիչքները շատ են Երևանից՝ Ռուսաստան կամ այլ երկրներ, բայց ես վաղուց սովորել եմ նման ռիթմի… ի վերջո, հյուրախաղերը իմ՝ երաժշտի աշխատանքի անբաժան մասն են»։
Զրույցի ընթացքում բազմիցս հնչեց միտքը՝ Մոսկվայի օրինակով, 100 տարին բոլորած Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում էլ հիմնել երաժշտական գործիքների վերականգնման արհեստանոց։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

























































