Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերաքննիչ դատարանը կասկածի տակ չի դրել պարոն նախագահի անմեղությունը»․ Սերժ Սարգսյանին հարցաքննելու միջնորդություն ներկայացվեց դատարանին

Մարտ 27,2026 16:51 Share

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։ Այս գործով դատարանն անցնում է ապացույցների հետազոտման փուլին։

Հանրային մեղադրողների կողմից միջնորդություն ներկայացվեց հիմնական դատալսումներում հարցաքննել Սերժ Սարգսյանին եւ «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանին։

Դատավորը հարցրեց Սերժ Սարգսյանին․ «Մտադրություն ունե՞ք հիմնական դատալսումներում հարցաքննվել»։ Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ըստ իրավիճակի, կտեսնենք։ Ավելի շատ՝ ոչ, բայց չեմ կարող ասել»։ Բարսեղ Բեգլարյանը պատրաստակամություն հայտնեց հարցաքննվել։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտով կոնկրետ հաստատված հանգամանքներ են նշվել, որոնք հակասության մեջ են մտնում հանրային մեղադրողի կողմից նախորդ դատական նիստում ներկայացված գույքային հայցի հետ։ «Վերաքննիչ դատարանը որեւէ նախադասությամբ կասկածի տակ չի դրել պարոն նախագահի անմեղությունը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հանրային մեղադրողը նշեց, որ պաշտպանական կողմի դիրքորոշումը չի կիսում, որովհետեւ Վերաքննիչ դատարանը նոր ծավալ է սահմանել, եւ պետք է որոշել ապացույցների հետազոտման ծավալը։ «Այն ապացույցների շրջանակը, որը մեղադրական կողմը ներկայացրել է, դատարանը պետք է ապացույցների վերաբերյալ որոշում կայացնի եւ ներառի հետազոտման ենթակա ապացույցների ծավալում։ Բայց արդեն ապացույցների հետազոտման ընթացքում գուցե նաեւ նպատակահարմար լինի հետազոտել այն ապացույցները, որոնք Վերաքննիչ դատարանի դիրքորոշմամբ են արձանագրվել, հետո արդեն մյուս ապացույցների հարցը քննարկենք»,- նշեց հանրային մեղադրողը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու քրեական վարույթների քննությունը միացվել է։ 

Այդ գործերից մեկը վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանը 2008-18 թթ զբաղեցնելով բարձր պաշտոններ, իր պաշտոնեական լիազորությունները օգտագործելով՝ կազմակերպել է պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 450 միլիոն դրամի պետությունից վատնումը:

Մյուս գործը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ քննվող գործն էր, որով երրորդ նախագահը մեղադրվում է նրանում, որ 2008-2018 թվականներին զբաղեցնելով բարձր պաշտոններ, իսկ 2006 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության՝ գույքային, առեւտրատնտեսական, ֆինանսական հարցերի համակարգման համար 1997 թվականի հուլիսի 1-ին հիմնադրված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ 2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսականյանի եւ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխայիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու եւ խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսեւորված օժանդակությամբ մասնակցել է Միխայիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» եւ «Աբիտ» առեւտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին եւ հովանավորելով իրականացվող գործունեությունը: Որը դրսեւորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով եւ այլն:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031