Նիկոլ Փաշինյանի իշխանության հասցեին սուր, համարձակ քննադատություններ հնչեցնող քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանին այսօր հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ և նրան մեղադրանք է առաջադրվել։
Մենք ճշտեցինք, որ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հոդվածը, որը վերնագրված է «Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը», սահմանում է հետևյալ պատիժը․
1.Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ բացառապես դատավոր, դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմին, փաստաբան, ներկայացուցիչ, փորձագետ կամ հարկադիր կատարող կամ նշված անձանց մերձավոր ազգական կամ մերձավոր կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող լինելու հանգամանքի հետ՝
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Կարդացեք նաև
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ՝
պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով։
Գագիկ Համբարյանը չի ընդունել մեղադրանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։
Նրա շահերը պաշտպանում է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































