Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պարը դառնում է ինքնություն․ Մխիթարի ճանապարհը դեպի հայկական ավանդական պար

Մարտ 30,2026 21:12 Share

Այսօր Մխիթար Դարմոնցի և նրա «Հարք» խմբի համար կարևոր նպատակներից մեկը հայկական ավանդական պարը ավելի լայն շրջանակներում ներկայացնելն է։

Հայկական ավանդական պարը շատերի համար բեմի վրա գեղեցիկ ներկայացում է։ Բայց կան մարդիկ, ում համար այն ապրելակերպ է։ Պարուսույց Մխիթար Դարմոնցի համար պարը դարձել է հենց այդպիսի ճանապարհ՝ ինքնաճանաչումից մինչև մարդկանց միավորելու միջոց։

Մխիթարի պատմությունը սկսվել է դպրոցական տարիներից։ Երրորդ դասարանում էր, երբ իրենց գյուղ՝ Մեղրաձոր, եկավ պարուսույց Արթուր Բայրամյանը և սկսեց երեխաներին սովորեցնել ժողովրդական-բալետային պարեր։ Սկզբում դա պարզապես միջոցառման պատրաստություն էր, բայց հետո ստեղծվեց «Արծափ» պարային համույթը, և պարը դարձավ նրա առօրյայի մի մասը։

Հետագայում ուսման նպատակով տեղափոխվեց Երևան, և պարի հետ կապը կտրվեց։ Այդ դադարն այնքան երկար տևեց, որ նույնիսկ կարծրատիպ էր ձևավորվել։

-Ի սկզբանե սիրե՞լ եք պարը։

-Ոչ այնքան։ Մի փուլում նույնիսկ մտածում էի, որ պարելը տղաների գործ չէ։ Բայց ամեն ինչ փոխվեց 2014 թվականին, երբ տեսա Գագիկ Գինոսյանի «Յարխուշտա» պարը։ Այնքան զորեղ ու առնական էր, որ ցանկացա նույն էներգիան զգալ։

Հենց այդ պահից սկսվեց վերադարձը պարին։ Մխիթարը սկսեց մասնակցել «Մեր պարերը և մենք» միջոցառումներին, ապա միացավ «Կարին» ավանդական երգի ու պարի համույթին։ Մի քանի ամիս անց արդեն մասնակցում էր հիմնական փորձերին և մինչ այսօր շարունակում է նույն ճանապարհը։

2017 թվականին նա հիմնադրեց «Հարք» ավանդական պարի խումբը։ Ինը տարվա ընթացքում այստեղ պարել է շուրջ 450 մարդ։ Նրա համար սա պարզապես պարային խումբ չէ, այլ միջավայր, որտեղ մարդիկ վերագտնում են իրենց։

-Շարժումներից բացի ի՞նչ է մարդը սովորում պարից։

-Շարժումները միայն արտաքին մասն են։ Իրականում պարը դաստիարակում է արժեքներ։ Ձևավորում է հավաքական «մենք»-ի մտածելակերպ, տալիս է ինքնության զգացում և մարդկանց միավորում։

Մխիթարի կարծիքով՝ ավանդական մշակույթի գլխավոր խնդիրը ընկալման մեջ է։ Շատերը պարը դեռ տեսնում են՝ որպես հին, թանգարանային երևույթ։

-Ինչպե՞ս կարելի է մարդկանց կրկին կապել պարի հետ։

Պարը պետք է դադարի լինել միայն բեմի վրա։ Երբ մարդը հասկանում է, որ դա իր ապրելակերպի մասն է, սկսում է մասնակցել, ոչ թե պարզապես դիտել։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին երիտասարդների վերաբերմունքը նկատելիորեն փոխվել է։ Եթե նախկինում հանդիսատեսը միայն դիտում էր, ապա այսօր շատերը արդեն պարում են բեմի հետ միասին։

-Երբ մարդը ասում է՝ «չեմ կարող պարել», ինչպե՞ս եք արձագանքում։
Ասում եմ՝ եթե մեր նախնիները կարողացել են, ուրեմն մենք էլ կարող ենք։ Պետք է պարզապես փորձել ու տեր կանգնել մեր ժառանգությանը։

Մխիթարը վստահ է, որ ավանդական պարը նաև բուժիչ ուժ ունի։

-Պարը կարո՞ղ է թերապիա լինել։

-Միանշանակ։ Դա ոչ միայն մշակույթ է, այլ նաև հոգեկան ու ֆիզիկական վերականգնման միջոց։ Աշխարհում սա արդեն հայտնի է՝ որպես պարային-շարժողական թերապիա։

Այսօր նրա նպատակն ավելի լայն է, քան պարզապես պար սովորեցնելը։ Նա փորձում է մարդկանց վերադարձնել այն զգացողությանը, երբ պարը համայնքային փորձառություն է՝ միասին շարժվելու, նույն ռիթմը զգալու և նույն պատմությանը պատկանելու ձև։

Մխիթարի խմբում պարելը շատերի համար պարզապես հոբբի չէ։ Ոմանց համար դա երկար ճանապարհից հետո սեփական մշակույթին վերադառնալու փորձ է։

Մարի Մնացականյանը «Հարք» խումբ է եկել տարիների որոնումից հետո։ 2016 թվականից նա ապրել է Մոսկվայում՝ ղեկավարելով «Գտնված երազ» կրթամշակութային կենտրոնը և աշխատելով հայկական դպրոցներում։ Նա պատմեց․ «Հայկականի, հայերեն խոսքի ու մշակույթի համար մշտապես պայքարել եմ օտար հողում։ Փորձում էի, որ հատկապես ազգային պարեր սովորեն երեխաները, բայց ինքս հասկանում էի, որ ճիշտ չեմ պարում։ Դա ինձ համար բաց թողնված կետ էր, որը մի օր պետք է լրացնեի»։

Խիտ աշխատանքային գրաֆիկը երկար ժամանակ թույլ չէր տալիս իրականացնել այդ ցանկությունը։ Սակայն 2025 թվականի սեպտեմբերի 2-ին Մարին վերադարձավ Հայաստան։ Նա նշեց․ «Երբ վերադարձա Երևան, նպատակներիս առաջին շարքում ազգային պարերի գրագետ ուսուցումն էր»։

Նույն տարվա դեկտեմբերին նա գտավ «Հարք» խումբը և որոշեց նոր տարին սկսել հենց այդ քայլով։ Այդ առիթով ասաց․ «Գաղափարակից մարդկանց հետ նույն խմբում սովորելը ես իսկական նվեր եմ համարում ինքս ինձ։ Վերջերս ազգային երգ ու պարի միջոցառման ժամանակ այնպիսի հպարտությամբ էի պարում, որովհետև արդեն հասկանում էի շարժման կարևորությունն ու միտքը»։

Մյուս սաներից մեկը՝ Արմինե Միքայելյանը, ասում է, որ պարի ճանապարհը իր համար գիտակցված ընտրություն էր։ Ներկայացնում ենք նրա հետ կարճ զրույցը․

-Ինչպե՞ս որոշեցիք գալ պարի։

-Ինձ համար հայկական ավանդական պարը պարզապես զբաղմունք չէ․ այն մշակութային հիշողություն է։ Կարծում եմ՝ չենք կարող նոր բան ստեղծել, եթե չենք ճանաչում մեր հիմքը։ Ազգային պարերը օգնում են հասկանալ, թե ովքեր և ինչ արժեքների կրող ենք։ Երբ հնչում են մեր պարեղանակները, ներսում մի ուժ ու էներգիա է առաջանում, որը հիշեցնում է մեր ինքնության մասին։ Այդ պատճառով ինձ համար կարևոր էր ոչ միայն պարել, այլև ճիշտ ու գիտակցված սովորել։

-Ո՞րն էր ոգեշնչման Ձեր աղբյուրը։

Ամենամեծ ոգեշնչումն ընտանիքս է։ Մեր ընտանիքի պատմությունն ու պահպանված ավանդույթները ինձ միշտ հիշեցրել են, թե որքան կարևոր է պահպանել ու փոխանցել արժեքները։ Պարելն ինձ համար այդ պատասխանատվության շարունակությունն է։ Ոգեշնչող է նաև տեսնել, թե որքան երիտասարդներ են այսօր հետաքրքրվում հայկական պարերով․ դա նշանակում է, որ մենք փորձում ենք ճանաչել ինքներս մեզ և վերագտնել մեր ուժը։

Խմբում բոլորի համար պարը միջոց է ճանաչելու հայ ժողովրդին։ Մեզ հետ զրույցում արմատներով Ջավախքից Ելիզավետա Գալուստանյանն ասաց․ «Հայաստանն իմ հոգին է, իսկ պարը՝ այն ուղին, որով ես ավելի խորն եմ հասկանում ինձ և իմ ժողովրդին»։

Այսօր Մխիթար Դարմոնցի և նրա «Հարք» խմբի համար կարևոր նպատակներից մեկը հայկական ավանդական պարը ավելի լայն շրջանակներում ներկայացնելն է։ Նրանք փորձում են կազմակերպել ավելի շատ միջոցառումներ, բաց պարեր և հանդիպումներ, որպեսզի մարդիկ ոչ միայն դիտեն, այլև մասնակցեն ու զգան այդ մշակույթի ուժը։ Խմբի անդամները վստահ են՝ որքան շատ խոսվի ավանդական պարի մասին, այնքան ավելի շատ մարդիկ կցանկանան սովորել և ճանաչել այն։ Իսկ յուրաքանչյուր նոր պարող, նրանց համար, ևս մեկ քայլ է դեպի հայկական մշակութային ժառանգության պահպանություն և փոխանցում։

Ալինա ՍԱՀԱԿՅԱՆ
Արևիկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031