Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն քաղաքական գործընթացն արդեն ընթանում է՝ առանց վերահսկողական գործիքների․ «Ժողովուրդ»

Մարտ 31,2026 10:33 Share

Թեև համապետական ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 8-ից և կտևի մինչև հունիսի 5-ը, այնուամենայնիվ, քաղաքական գործընթացները փաստացի արդեն ակտիվ փուլում են։ Վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանդիպումներ են անցկացնում քաղաքացիների հետ Երևանի տարբեր հատվածներում՝ նախարարների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում բարձրաձայնվում են քաղաքացիների խնդիրներ, տրվում են հանձնարարականներ, քննարկվում հնարավոր լուծումներ, ինչը հանրային ընկալմամբ ստեղծում է վաղ մեկնարկած քարոզչության տպավորություն։

Առաջանում է հարց՝ արդյոք նման ակտիվությունը կարող է դիտարկվել որպես նախընտրական քարոզչություն կամ վարչական ռեսուրսի կիրառում, հատկապես այն պարագայում, երբ գործընթացում ներգրավված են պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ։

ArmLur.am-ը դիմեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզաբանում ստանալու համար։ ԿԸՀ-ից պատասխանեցին․

«Մեր կողմից վերահսկվում է բացառապես նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։ Դա ընդունված է համարել սահմանափակումների շրջան, որովհետև օրենքով որոշակի գործառույթներ կան, որոնք սահմանափակված են։ Օրինակ՝ այդ ժամանակահատվածում քաղաքական ուժերը մեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացնում իրենց ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև հունիսի 6-ին՝ քվեարկության նախորդ օրը, քարոզչություն չի կարելի իրականացնել։ Հենց այդ պատճառով էլ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը անվանում ենք սահմանափակումների շրջան։ Մնացած ժամանակահատվածում ցանկացած կուսակցություն կամ քաղաքական միավոր ազատ է իրականացնել իր գործունեությունը, և դա որևէ կերպ ԿԸՀ-ի հետ կապ չունի»։

Այս պայմաններում ձևավորվում է իրավիճակ, երբ քարոզարշավը իրավական առումով դեռ չի սկսվել, սակայն քաղաքական գործընթացը փաստացի արդեն ընթանում է՝ առանց այն վերահսկողական գործիքների, որոնք գործում են պաշտոնական ժամանակահատվածում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031