«Իշխանությունը 2018-ին խոսք էր տալիս խաղաղություն, բայց բերեց 2020-ի պատերազմը իր վատ քաղաքականության պատճառով։ 2021-ին խոսք էր տալիս խաղաղություն, գերիների վերադարձ, բերեց ջերմուկյան դեպքերը, Արցախի հայաթափումը։ Ամեն սեպտեմբերին արյունալի սեպտեմբեր բերեց մեր ազգի համար։ Հիմա նորից խաղաղություն է խոսք տալիս, բայց այս խաղաղությունը խոսք է տալիս առանց երաշխավորի․ ասում է՝ պետք է Ալիևի հետ խաղաղության պայմանագիր կնքենք, որտեղ չի լինի երրորդ կողմի երաշխավորություն»,-«Ընտրության Ժամի» տաղավարում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա՝ ԹՐԻՓՓ-ի ձևաչափով ԱՄՆ-ն որպես վկա է, ոչ թե երաշխավոր․ «Երկրի վարչապետն ամեն օր ասում է, որ մեզ երաշխավոր պետք չէ։ Եթե մեզ երաշխավոր պետք չէ, պատկերացրեք՝ ինչ-որ սրացում է սահմանին, 50 հոգի սահմանը հատում է, ո՞վ է իրենց դիմավորելու, կա՞ն միջազգային երաշխիքներ, չկան։ Այդ դեպքում պետք է հայկական զորքերը տեղաշարժվեն, իսկ դա էսկալացիա է, նոր բախումներ։ Որպեսզի չլինեն նոր բախումներ, մեզ պետք է մեկից ավելի երաշխավոր։ Արցախյան վերջին դեպքերը ցույց տվեցին, որ մեր երաշխավորը հնարավոր է ունենա այլ առաջնահերթություններ, և մեր երկիրը կորցնի անվտանգային այդ բարձիկը։ Մեկից ավելի երաշխավոր է պետք, որ նրանց հակադրությունների վրա կարողանանք մեր երկրի երկարաժամկետ խաղաղությունը կառուցել»։
Հարցին՝ սահմանադրական մեծամասնություն կազմելու պարագայում ինչպե՞ս կարող եք երաշխավորել, որ ՀՀ-ն նոր պատերազմի չի տեսնելու, Նարեկ Կարապետյանն այսպես պատասխանեց․ «Ադրբեջանն ինչ ցանկացել է, այս կառավարությունն արդեն տվել է։ Ադրբեջանը սկզբից ցանկանում էր Արցախի շուրջ հինգ շրջանը, ստացավ, հետո Լաչինն ու Քարվաճառը, ստացավ, հետո ցանկացավ ամբողջ Արցախը, ստացավ, հետո ցանկացավ Սյունիքի ճանապարհը, ստացավ։ Չկա էլ բան ցանկանալու։ Դրա համար ենք ասում՝ ուժեղ խաղաղություն է պետք՝ ի հակադրություն Փաշինյանի՝ թույլ խաղաղության ծրագրի։ Մեզ միայն պետք է երաշխավոր, որ երկարաժամկետ տեսանկյունից ունենանք միջազգային բարձիկներ»։
Փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ուժերին պիտակավորում է որպես պատերազմի կուսակցություններ, Նարեկ Կարապետյանն այսպես արձագանքեց․ «Այս իշխանությունը երեք պատերազմ է բերել, ինչպե՞ս կարող է ուրիշին ինչ-որ բանում քննադատել։ Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ, խաղաղության պայմանագրի տեքստի հետ, միակ տարբերությունն այն է, որ նոր երաշխիք ենք ուզում։ Մեզ թուղթ պետք չէ Իլհամի հետ, մեզ պետք է թուղթ, որի տակ կա ստորագրություն բացի մեզնից ու Ադրբեջանից, որտեղ մենք հնարավորություն կունենանք մեր տարածքային ամբողջականությունը պահել։ Դա է իրական խաղաղությունը։ Պետք է ունենանք դռները փակ խաղաղություն, խաղաղություն, որ Սյունիքի դռները, ինչպես իրենք են ասում, չբացենք»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչո՞ւ եք օտար մասնագետների ներգրավել ՀՀ-ի պաշտպանության ու անվտանգության համակարգի նախագծման շուրջ, Նարեկ Կարապետյանն այսպես պատասխանեց․ «Հույների և Իսրայելի փորձն ենք ներառել, որ հույները կօգնեն մեզ հատուկ ջոկատայինների պատրաստման հարցում։ Մենք հավատում ենք, որ աշխարհի լավագույն փորձը պետք է բերենք, իսկ դա հենց Իսրայելում է։ Հիշում եք՝ անօդաչուն հասել էր Երևանի մատույցներ, Աստված չանի՝ կհասներ մինչև Հանրապետության հրապարակ։ Մեզ նոր ՀՕՊ է պետք»։
Մտավախությունները, թե Իրանի գործընկերներին դուր չի գա իսրայելցի մասնագետների ներգրավումը, Նարեկ Կարապետյանն այսպես փարատեց․ «Իրանի մեր գործընկերները վստահ են, գիտեն, որ հայ ու պարսիկ ժողովուրդների բարեկամությանը միայն աջակցող ենք և կաջակցենք նաև հետագայում»։ Հստակեցմանը՝ իրենց ուժի՝ իշխանության գալուց հետո ՀՀ-ն շարունակելո՞ւ է զենք ձեռք բերել Հնդկաստանից, ինչպես այժմ, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Այո։ Նաև մեր անվտանգային ծրագրերում 6 խոստումներից վերջինը տեղական ռազմական արդյունաբերության ձևավորումն է։ Մենք շատ մեծ միջոցներ ենք ծախսում ՀՀ բանակի վրա և շատ ճգնաժամային իրավիճակներում հայտնվում ենք մի իրավիճակում, երբ կարիք է լինում հայկական զորքերին արագ ապահովել տարբեր ռազմամթերքով, բայց չենք կարողանում, քանի որ չունենք տեղական արտադրանք։ Հայկական ռազմարդյունաբերության ձևավորումը ապահովելու է հայկական բանակի համար մշտական, անվտանգ մատակարարում, ստեղծելու է աշխատատեղեր, ապահովելու է հարկեր ՀՀ-ի համար և նաև թույլ է տալու արտահանումով զբաղվել։ Հայկական տնտեսության հիմքերից մեկը կարող է լինել։ Աշխարհում շատ միջազգային մեծ ընկերություններում, ռազմարդյունաբերական կորպորացիաների կամ սեփականատերեր կամ փայատերեր կամ տնօրեններ ազգությամբ հայ են, նրանց շատերին անձամբ ճանաչում ենք, նրանց փորձը կներդնենք ՀՀ-ում»։
Փաստմանը՝ Իրան-ԱՄՆ ռազմական գործողությունների համատեքստում Դուբայում գործող իրանցի գործարարների գործարար վիզաները չեղարկվում են և հարցին՝ հնարավորություն կա՞ նման մասշտաբի գործարարներին ՀՀ հրավիրելու, Նարեկ Կարապետյանն այսպես արձագանքեց․ «Եթե մենք ունենային տնտեսական գործիչներ, նրանք մեծ միգրացիա կկազմակերպեին գործարարների, որ գային, ՀՀ-ում տնտեսական պոտենցիալ ձևավորեին։ Սակայն մեր ղեկավարությունն ավելի կարևոր գործերով է զբաղված՝ սուջուխ, բան․ դրա համար ժամանակ չեն տրամադրի»։
Խոսելով իրենց ձևավորած կառավարության որոշումների մասին՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ ««Ուժեղ Հայաստանի» ձևավորած կառավարությունը որոշում է ընդունելու, որով պետք է բոլոր զինծառայության կոչվածները, հենց տիրապետեն իրենց զինատեսակին, ստանան աշխատավարձ։ Կառավարության առաջին նիստի ժամանակ մենք փոքր բիզնեսի համար հարկերը սարքելու ենք 0 տոկոս»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































