Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հարցի լուծում չէ՝ արցախցի փոքր ընտանիքները չեն կարողանալու բնակարան ձեռք բերել, որովհետեւ երբ շեմը բարձրացնում են, տների գներն էլ են բարձրանում»

Մարտ 31,2026 13:31 Share

Չնայած Հայաստանի կառավարությունն Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրում պարբերաբար փոփոխություններ է կատարում, սակայն ծրագրից օգտվողների թիվը շարունակում է մնալ շատ փոքր։ Կառավարության վերջին նիստում ընդունվեց որոշում, ըստ որի՝ երեւանամերձ համայնքներում բնակապահովման ծրագրի հավաստագրի շրջանակներում յուրաքանչյուր արցախցու համար կհատկացվի 4 մլն դրամ՝ նախկին 3 մլն դրամի փոխարեն։ Մասնավորապես, կառավարության որոշմամբ սահմանվեց, որ ծրագրի շրջանակում 5 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերից բացի, մնացած բոլոր մարզային բնակավայրերում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կկազմի 4 մլն դրամ, իսկ Երեւանում՝ 3 մլն դրամ։

Այս որոշումը կայացվել էր Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անդամների՝ մի խումբ արցախցիների հետ ունեցած հանդիպումից հետո։ Այդ հանդիպման ժամանակ վիճակագրություն էր հնչել, ըստ որի՝ ծրագրի շրջանակներում բնակարան է ձեռք բերել 1700 ընտանիք։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով բնակապահովման ծրագրում առկա խնդիրներին, նշել էր․ «Փաշինյանն ինքն է փաստում, որ արդեն գրեթե երկու տարի գործող ծրագրից օգտվել է միայն 1 700 ընտանիք, որը նախատեսված ընդհանուր թվի մոտ 7%-ն է»։

Կառավարության վերջին նիստում հնչած վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի մարտի 23-ի դրությամբ հավաստագիր է ստացել 5181 ընտանիք, որից 2304-ը իրացրել են այն։

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց․ «Առաջին իսկ օրվանից բնակապահովման ծրագրի վերաբերյալ նշել ենք, որ բացթողումները շատ են։ Ամենամեծ բացթողումը եղել է Արցախի կառավարության հետ չհամագործակցելը։ Այսինքն՝ իրենց աշխատասենյակներում նստել են ու փորձել ծրագրեր մշակել։ Դա տվել է նման ցուցանիշ, իրենք էլ են դա խոստովանում։ Այն, որ 3 մլն դրամը 4 մլն դարձավ, սպասելի էր։ Ինչ-որ տեղից մարդկանց բերել ու նստեցրել էին դահլիճում, ովքեր պատրաստ էին շնորհակալություն հայտնել Նիկոլին»։

Ըստ Նժդեհ Իսկանդարյանի՝ 4 մլն դրամ շեմ սահմանելը խնդրի լուծում չէ, բայց որոշակի դրական տեղաշարժ կլինի, մարդկանց մի մասը կկարողանան օգտվել ծրագրից։ «Բայց նորից եմ նշում՝ սա հարցի արմատական լուծման չի բերելու, հատկապես փոքր կազմով ընտանիքները որեւէ կերպ չեն կարողանալու բնակարաններ ձեռք բերել, որովհետեւ երբ շեմը բարձրացնում են, զուգահեռ տների գներն էլ են բարձրանում»,- ասաց նա։

Ըստ Նժդեհ Իսկանդարյանի՝ սպասելի էր, որ նախընտրական շրջանում ՀՀ իշխանությունները փորձելու են արցախցիներին իրենց կողմը տանել։ Եվ այս քայլի նպատակը նաեւ դա է։

«Որպես բնակարանային խնդրի լուծում՝ մենք առաջին իսկ օրվանից հետեւյալ առաջարկն ենք արել՝ քանի որ Հայաստանում մեծ թափով շինարարություն է իրականացվում, առաջարկել ենք Երեւանից ոչ հեռու ինչ-որ վայրում բնակարաններ կառուցել եւ պետության կողմից տրամադրել արցախցիներին։ Մարդիկ կապրեն 10-20 տարի, որից հետո այդ բնակարանները կհանդիսանան տվյալ քաղաքացու սեփականությունը։ Բայց իրենք դեմ են արցախցիների հավաքական ապրելուն եւ շատ ուղիղ ասում են, որ ուժ է գեներացվելու։ Թե ինչ ուժի մասին է խոսքը, ինչ մտահոգություններ ունեն, այդ հարցն իրենց պետք է տալ»,- ասաց Նժդեհ Իսկանդարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031