Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Կիմ Արզումանյանն այսօր կդառնար 100-տարեկան

Մարտ 31,2026 15:14 Share

Այսօր լրանում է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Կիմ Արզումանյանի ծննդյան 100-ամյակը:

Կես դար շարունակ անցնելով թատրոնի, հեռուստատեսության, ռադիոյի և մանկավարժության քառուղիներով՝ Կիմ Արզումանյանը ստեղծել իր ուրույն գեղագիտությունը։  Գեղարվեստաթատերական ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո նա հրավիրվել է Սունդուկյանի անվան թատրոն՝ առաջին իսկ բեմադրությունից գրավելով անվանի վարպետների՝ Արմեն Գուլակյանի, Լևոն Քալանթարի, Վարդան Աճեմյանի ուշադրությունը։

Կիմ Արզումանյանը հայկական հեռուստատեսության հիմնադիր ռեժիսորներից է, նկարահանել է «Սայաթ-Նովա» հեռուստաֆիլմը (1960 թ.), իրականացրել է 150-ից ավելի բեմադրություններ, այդ թվում՝ «Արաբական բալլադը», «Իրանին», «Փոստալը», «Արտիստը», «Սպիտակ հիվանդությունը», «Ֆրեզնո, սրճարան Արաքսը» և այլն։ Բարձր գնահատանքի են արժանացել «Ֆիզիկոսները», «Սանիտային քաղաքագլուխը», «Բացեք ձեր աչքերը», «Փողոցային վերջին շրջմոլիկը», «Լուիջիի սիրտը» ստեղծագործությունների էկրանավորումները՝ հանրահայտ դերասանների մասնակցությամբ։

Հայաստանում հեռուստատեսության հիմնադրման տարիներից ի վեր Կիմ Արզումանյանն աշխատել է գրեթե բոլոր հայտնի հայ դերասանների հետ՝ Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Կարպ Խաչվանքյան, Բաբկեն Ներսիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Մետաքսյա Սիմոնյան, Վարդուհի Վարդերեսյան, Մելինե Համամջյան, Արուս Ասրյան:

Մայր թատրոնում ռեժիսորի բեմադրած «Մադամ Սան-Ժենը» (1972 թ.) իսկական հրավառություն էր՝ ռեժիսորական ինքնատիպ արտահայտչամիջոցների բազմազանությամբ, Մետաքսյա Սիմոնյանի և Բաբկեն Ներսիսյանի փայլուն խաղով։

Կիմ Արզումանյանն աշխատել է նաև Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում՝ խաղացանկը հարստացնելով համաշխարհային և ազգային դրամատուրգիայի գործերի բեմադրությամբ: Նա նաև երեսունից ավելի ֆոնդային ռադիոբեմադրությունների հեղինակ է:

Կիմ Արզումանյանի թատերական տարերքի անբաժան մասն էր դասավանդումը. ռեժիսորական պրակտիկ աշխատանքին զուգընթաց նա դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում:

Պատվելով անվանի արվեստի գործչի հիշատակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում մարտի 31-ին՝ ժամը 17:00-ին, կկայանա «Գիշերային թմբուկներ» ներկայացումն ու հուշ-երեկոն: Միջոցառման մուտքն ազատ է։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031