Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ ունեցած դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։ Ի պաշտպանություն Մինասյանի՝ դատարանի շենքի բակում են հավաքվել հանրային ու քաղաքական գործիչներ։
«Արցախի վերածնունդ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամեն հայ այսօր այս տղաների կողքին պիտի լինի․ «Ինչ տարբերություն՝ ում երեխեքն են, բոլորիս երեխեքն են։ Այդ իրավիճակը, միջադեպը ստեղծվել է իշխանությունների կողմից․ ամեն մեկս պետք է կանգնենք մեր երիտասարդների կողքին, նրանք վաղվա մեր ապագան են, որոնց մասին, իբր, մտահոգ իշխանությունները խոսում են։ Այդ երեխան մեր զինվորն է, այն ուժն է, որի հիման վրա պետք է ձևակերպվի մեր ուժեղ Հայաստանը, մեր ապագան»։
Ըստ նրա՝ դատավորի այսօրվա որոշումը պետք է լինի արդարացնող․ «Տեսել ենք, որ երեխեքը կապ չունեն այդ ամենի հետ, Փաշինյանը մտել է հանրության մեջ ու սադրել, մի քիչ տղավարի պահեք ձեզ, ժողովրդի մոտ գոնե տղամարդու տպավորություն թողեք, որ տղամարդ եք»։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։
Կարդացեք նաև
3 անձ ձերբակալվել էին՝ դպրոցահասակ եղբայրներ՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները և Գևորգ Գևորգյանը։
Հիշեցնենք նաև, որ երեկ Մինասյան եղբայրների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































