«Անձի կողմից հերթական սադրանքը կատարվեց Հայ առաքելական եկեղեցու դեմ, և ականատես եղանք դրան հաջորդող ապօրինություններին։ Հայաստանում օր-օրի ավելանում են քաղբանտարկյալները։ Այստեղ եմ ի աջակցություն տղաների՝ մեր Դավիթի, անձամբ չեմ ճանաչում, բայց ապօրինի քայլ է իր հանդեպ, և ես այստեղ եմ, որ աջակցեմ նրան»,- այսօր դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի աջակից Արսեն Մոսինյանը՝ ընդգծելով, որ պետության դատաիրավական համակարգից որևէ ակնկալիք չունի․
«Որովհետև իրենք ծառայում են մեկ մարդու՝ կատարելով բազմաթիվ ապօրինի քայլեր։ Ինչպես մեր սրբազան հայրերի հանդեպ, ինչպես եկեղեցու հանդեպ, շատ հայրենասեր քաղաքացիների նկատմամբ, և այսօր էլ այս տղայի հանդեպ է կատարվում այդ ապօրինությունը»։
Հարցին՝ արդյո՞ք հաշվի կառնվի Դավիթի դպրոցահասակ լինելու ու դպրոց հաճախելու հանգամանքը, Մոսինյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ նման որոշում կկայացվի, բնականաբար ապօրինի քայլ կկատարվի»։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։
Կարդացեք նաև
3 անձ ձերբակալվել էին՝ դպրոցահասակ եղբայրներ՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները և Գևորգ Գևորգյանը։
Հիշեցնենք նաև, որ երեկ Մինասյան եղբայրների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































