Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեր ասած գեներալները փախել են, փախել են ձեր ղեկավարությամբ, ձեր պատասխանատվության գոտիով է Ադրբեջանը հասել Շուշի, Բերձոր եւ ՀՀ սահմաններ»

Ապրիլ 17,2026 12:23 Share

«Իսկ Հայաստանը նորօրյա պատմության ընթացքում ե՞րբ չի եղել անկախ եւ ե՞րբ չի եղել ինքնիշխան։ Այդ 30 տարիների ընթացքում գործող իշխանությունների օրոք եւ ժողովրդի աջակցությամբ Հայաստանը միշտ էլ եղել է ինքնիշխան, միշտ էլ եղել է Արցախի հետ անվտանգ, միշտ էլ եղել է ինտեգրված համակարգով զարգացող, համակողմանի եւ լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականություն իրականացնող, իր արտաքին գործընկերների հետ հավասար շարքերում գտնվող»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին։

Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե զրոյական կետից է սկսել Արցախի հարցում բանակցությունները։ Սեյրան Օհանյանն ասաց, որ Փաշինյանը տապալել է ոչ միայն բանակցային գործընթացը, այլ նաեւ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երկրների համատեղ կատարած աշխատանքի նկատմամբ, աշխատանք, որի հիմքում Արցախի ինքնորոշումն է եղել։

«Իսկ փոխզիջումային տարբերակի առաջարկությունն ուղղակի ծալել դրել եք չգիտեմ որտեղ ու հետո այսպիսի հայտարարություններ եք անում, չգիտեմ՝ փաստաթղթեր եք գտնում այս սառնարանից, ինչ-որ իրի արանքից։ Այդ ժամանակվա ԱԳ նախարարն ինչո՞ւ դրա համար պատասխան չի տալիս»,- ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունը բերել է պատերազմ, որովհետեւ ոչ ադեկվատ կառավարումը եւ իրարամերժ գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմնական հանցագործը՝ Ադրբեջանը սկսել է մարտական գործողություններ։

«Եվ պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու, հաջողություններ ունենալու, մեր առջեւ դրված խնդիրը կատարելու համար։ Իսկ մենք ի վիճակի ենք եղել այդ խնդիրը կատարել։ Փաշինյանն ասում է՝ գեներալները փախել են։ ԱԺ ղեկավարությունը, պատգամավորները եկել էին այնտեղ, եւ անհրաժեշտություն կար ՄՈԲ ռեսուրսի, բայց լայաղ չարեցին գոնե մի քանի ժամով գնան աշխատեն այդ ՄՈԲ ռեսուրսի հետ, թողին փախան։ Հիմա ո՞վ է փախել, գեներալներն են փախել, թե՞ ԱԺ այն պատգամավորները, որոնք այնտեղ են եղել»,- նշեց նա։

Սեյրան Օհանյանն ասաց, որ Արցախի Պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել։ Դրանից 265 կմ-ն մինչեւ հոկտեմբերի 27-ը պահել ենք․ «Այն տարածքով են ձեր ասած գեներալները փախել, որ ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հենց ձեր վրա է։ Եթե ՊԲ-ն է որոշում ընդունում, հաստատում է ԳՇ-ն կամ Ղարաբաղի նախագահը, իսկ եթե մի քանի զորամիավորվում են՝ ՊԲ-ն եւ հայաստանյան զորամիավորումները, ապա ԳՇ պետն է այնտեղ որոշում ընդունում եւ հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտիով է Ադրբեջանը շրջանցել, եկել հասել Շուշի, Բերձոր եւ ՀՀ սահմաններ՝ Գորիս, Կապան եւ Մեղրի»։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2021-2022 թվականներին այս իշխանությունը ծրագիր է ընդունել, որի հիմքում եղել է նաեւ Արցախի ինքնորոշումը եւ դեօկուպացիան։ «Իրականացվե՞լ է, ոչինչ չի իրականացվել։ Բայց ամենավատը, որ դուք հետեւություններ չեք արել ձեր սխալներից՝ Ադրբեջանը 100 կմ ավելի արագ է եկել եւ գրավել մեր ռազմավարական բարձունքները, ճանապարհները՝ Սյունիքի, Ջերմուկի հատվածում, քան մենք՝ մեր դիմացն ունենալով սահմանամերձ բնակավայրեր։ Այդ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին պաշտպանելու համար ավելի արագ պետք է բարձրանայինք եւ զբաղեցնեինք այդ բարձունքները։ Հիմա դուք ասում եք՝ փախել են, փախել են ձեր ղեկավարությամբ, գնացեք որոշում ընդունեք։ Այդ 44-օրյա պատերազմի զեկույցն ինչո՞ւ չեք հրապարակում, ժողովուրդն էլ է պահանջում։ Հիմնական շեշտը դրել եք բանակի վրա։ Ես ձեր ենթակայության տակ գտնվող Քննչական կոմիտեին եւ դատախազին հարց եմ տվել, ասել եմ՝ խնդրում եմ ասեք, հարուցված քրեական գործերից քանիսն են վերաբերում բանակին եւ քանիսը այլ կառույցին։ Պատասխանից խուսափեցին։ Հիմա դուք հարց տվեք իրենց՝ մենակ բանա՞կն է պատասխանատու, թե՞ պատասխանատու են մնացածը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ այսօրվա Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է՝ ՀՀ-ն ամեն ինչ կանի Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու համար․ «Արվե՞լ է, ոչ մի բան չի արվել։ Հիմա խոսում եք, ասում եք՝ Արցախում դուք եք իշխանափոխություն արել։ Այդ բանակն էլ այդ ղեկավարությունն էլ ձեր հետ է եղել անմիջական կապի մեջ, ոչ ես, ոչ մնացածն իրենց հետ կապի մեջ չենք եղել։ Եվ դուք եք դրա համար պատասխանատու։ Դուք 2024 թվականին մեր շահերից չբխող սահմանազատում-սահմանագծում եք արել, խախտվել է երկու կարեւոր սկզբունք, որ սահմանը չի կարող լինել ապագա ընդհարումների արդյունք, դրա համար դա պետք է անցնի բնական աշխարհագրական արգելքներով։ Այդ հատվածում աշխարհագրական արգելքը Բաղանիսից Բերքաբեր գնացող գետն է, եւ այնտեղ մենք ունենք 800 հա տարածություն։ Մենք տվել ենք, մենք հանձնել ենք, դրանից ոչինչ չենք ստացել»,- նշեց նա։

Սեյրան Օհանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ պատերազմի մասին․ «Դուք ասում եք՝ եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու։ Պատերազմը լինելու է ինչ-որ բանի համար, չէ՞՝ Ադրբեջանն ուզում է միջանցք, Սահմանադրության փոփոխություն, տարածքներ։ Դա նշանակում է դուք պայմանավորվել եք, որ առանց պատերազմի եք այդ ամեն ինչը տալու։ Դրա համար ես կոչ եմ անում մեր ժողովրդին, որպեսզի թույլ չտանք, որ այս շարունակական անհաջողությունները լինեն»,- հայտարարեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930