«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամներն այսօր իրենց ընտրական ցուցակը կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելու համար եկել էին իրենց քարոզչական ավտոբուսով:
Կարդացեք նաև
«Սա մեր ավտոբուսն է, բոլորդ տեսել եք՝ քաղաքական ուժերը հիմնականում ավտոբուսներով են անում իրենց քարոզարշավը: Մենք էլ ենք պատրաստել մեր քարոզչական ավտոբուսը՝ բոլորին դեմ ենք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ավտոբուսը կանգնեցնելու նպատակներից մեկն այն է, որ պետք է վերջապես հասկանանք՝ ում ենք դեմ: Տեսնենք՝ ովքեր են գալիս ընտրություններին գրանցվեն, որ բոլորին դեմ լինենք»,- այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց լրագրողներին ասաց կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արամ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրությունների նախաշեմին ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար մեկնարկել է կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակները ներկայացնելու ժամկետը: Այսօր «Միասնության թեւեր», «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից բացի իրենց ընտրացուցակն էին ԿԸՀ բերել նաեւ «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները:
«Բոլորին դեմ եմ» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արամ Քոչարյանը նաեւ խոսեց իրենց օրակարգից. «Մենք ունենալու ենք վարչապետի թեկնածու, ունենալու ենք 100 օրով իշխանությունը վերցնելու հստակ օրակարգ: Մենք պետք է 100 օրով իշխանությունը վերցնենք, հանենք կայուն մեծամասնությունը, ընտրական շեմն իջեցնենք ու ավելացնենք բոլորին դեմ ենք քվեաթերթիկ: Միայն մեր վարչապետի թեկնածուն պետք է իրագործի այս փոփոխությունները եւ հրաժարական տա, 10 տարով հեռանա քաղաքականությունից: Ցանկացած ուժ, եթե աջակցելու է մեզ, մենք չենք ասելու մի աջակցեք մեզ, սա մեր օրակարգն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ






















































