«Մենք ստեղծեցինք այլընտրանք, և կարելի է ասել, որ այդ այլընտրանքը մաքուր ձևով կա: Ես իմ խոսքը պահեցի մեր սիրելի քաղաքացիների համար, և այս առումով ուզում եմ ասել, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, որպես մաքուր և ոչ ապականված քաղաքական ուժ, ներկա է քաղաքական գործընթացներին:
Երբ մուտք գործեցի քաղաքականություն, իմ հայտարարությունից անցել է արդեն 2 տարի, և այժմ մենք մասնակցում ենք համապետական ընտրություններին, ու մեր խոսքը, որը տրված է ՀՀ քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը, կուռ է լինելու: Մենք, իբրև մաքուր այլընտրանքային ուժ, չենք միանալու ոչ նախկիններին, ոչ ներկաներին, ոչ նրանց սպասարկող արբանյակ քաղաքական ուժերին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ և վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը:
Նա կոչ արեց հավատի և հայրենիքի համար բռունցքվել, գնալ ընտրությունների և իրականացնել փոփոխություններ:
Հարցին, թե եթե իրենցից կախված լինի իշխանության ձևավորումը, ում կտան իրենց ձայները, Հայաստանի Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածուն այսպես արձագանքեց. «Ոչ մեկին… ՀՀ քաղաքացին քվե է տալիս Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը՝ Գուրգեն Սիմոնյանի առաջնորդությամբ, և մենք տեր ենք կանգնելու այդ քվեներին, որովհետև եթե խոստանանք մի բան և անենք հակառակը, ստացվում է՝ մենք կարձանագրենք մեր քաղաքական վախճանը: Իսկ իմ կյանքում ունեցած ձեռքբերումները նրա համար չեն, որ կարճաժամկետ քաղաքական կյանք ունենանք ու, դեռևս քաղաքական գործընթացներում նոր առաջացած, միանգամից մեր վախճանը կնքենք»:
Կարդացեք նաև
Գուրգեն Սիմոնյանն ասաց, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը պատրաստ է բոլոր կարգավիճակներին՝ և՛ խորհրդարան անցնելուն՝ փոքր քվեներով, և՛ արտախորհրդարանական ուժ լինելուն, և՛ հաղթանակին. «Մեր ճանապարհը ազատ վազք չէ, այլ մարաթոն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































