Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխայի լավագույն շահից է բխում նրան քաղաքական գործընթացներից, հավաքներից կամ այլ միջոցառումներից հետ պահելը». Գրիգոր Ջանիկյան

Մայիս 31,2026 18:00 Share

Երեխաների ներգրավումը և շահագործումը քաղաքական գործընթացներում արգելվում է ՄԱԿ-ի բազմաթիվ փաստաթղթերով։ Սահմանված չափանիշների համաձայն` կուսակցությունները պետք է հանձն առնեն չխրախուսել, հորդորել կամ հարկադրել երեխաներին մասնակցել քաղաքական հավաքների կամ ցույցերի։ Նաև խնդրահարույց է դպրոցական միջավայրի քաղաքականացումն ու երեխաների ներգրավումը քաղաքական բեմականացումներում, որոնք խաթարում են կրթական գործընթացի չեզոքությունը և երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ապահովումը։ Սակայն ակնհայտ է, որ նշված միջազգային ու ներպետական իրավակարգավորումները, արգելքները և սահմանափակումները բավարար չեն եղել կանխելու քարոզարշավում երեխաների ներգրավումը։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում այս իրողությանն անդրադարձավ «Ազատ քվե» դիտորդական առաքելության ղեկավար Գրիգոր Ջանիկյանը։ Այս առաքելությունը միավորում է «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը, «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը եւ հավատարմագրել է 56 դիտորդների։

«Նախ և առաջ, երեխայի լավագույն շահից է բխում նրան քաղաքական գործընթացներից, հավաքներից կամ այլ միջոցառումներից հետ պահելը, ու ցավալի է, մենք էլ ենք դիտարկել, որ կան դեպքեր, երբ երեխաները ներգրավված են լինում քարոզարշավներին։ Սա պետք է հասկանալ՝ արդյոք կուսակցությունների կողմից ուղղորդվա՞ծ է լինում, թե՞ երբեմն տեսնում ենք, որ երեխաները պարզապես մոտենում են այս կամ այն թեկնածուին, իր հետ նկարվում, քարտեզ կամ բուկլետ են վերցնում։ Այսինքն, այստեղ կա երկու հանգամանք։ Պետք է նաև աշխատանք տանել ծնողների հետ։ Այսինքն, բացի նրանից, որ պետությունն ունի աշխատանք ապահովելու, որ երեխաները չմասնակցեն այդ գործընթացներին, նաև ծնողը պետք է հետամուտ ու աչալուրջ լինի, որպեսզի իրենց երեխաները մասնակից չդառնան որևէ քաղաքական գործընթացի»,- ասաց Գրիգոր Ջանիկյանը։

Նա նաեւ ընդգծեց. «Մենք ունենք խնդիր՝ գործընթացներից ու ընտրության կարգից հասարակության ոչ այնքան տեղյակ լինելու հետ կապված։ Ինքներս հունվարից իրականացնում ենք դասընթացներ, հատկապես առաջին անգամ քվեարկության գնացող քաղաքացիների հետ, որպեսզի բացատրենք գործընթացը՝ սկսած գրանցումից, ստուգելուց՝ իրենց անուններն արդյոք ճի՞շտ են, թե՞ ոչ, մինչև քվեարկության ավարտը, թե ինչ քայլեր պետք է իրականացնեն։

Սա մեծ խնդիր է, ու հատկապես մարզերում մարդիկ չգիտեն։ Այսինքն, իրենց լավագույն դեպքում կասեն՝ կգնաք, կքվեարկեք, ընկերները կամ բարեկամները, կամ իրենք կարող է չիմանան էլ, որ այդ օրը ընտրություն կա։ Խնդիր ունենք, որ մարդիկ տեղեկացված չեն»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ 22.00-ին

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031