Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 22-ից մայիսի 21-ը Meta հարթակներում քաղաքական գովազդի համար ամենաշատը՝ 140,651 ԱՄՆ դոլար, ծախսել է «Ուժեղ Հայաստան» դաշինքը. «Ականատես» դիտորդական առաքելություն

Մայիս 27,2026 18:25 Share

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մասին

(դիտարկման ժամանակահատվածը՝ մայիսի 6 – 22, 2026 թ.)

 

«Ականատես» դիտորդական առաքելությունը, ՀՀ Ազգային ժողովի 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ, իրականացնում է ընտրական գործընթացների դիտարկում՝ նախատեսելով վերահսկել ինչպես քվեարկության օրվա, այնպես էլ ընտրություններին նախորդող, այդ թվում՝ քարոզչության ժամանակահատվածը և հետընտրական գործընթացները։ Առաքելությունը սկսել է աշխատանքները ընտրությունների օրվա նշանակման պահից։

Սույն տեղեկանքը ներկայացնում է դիտարկման արդյունքները նախընտրական քարոզչության՝ մայիսի 6-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածի համար։

Դիտարկման մեթոդաբանություն

«Ականատեսը» կիրառում է համապարփակ և բազմաղբյուր մեթոդաբանություն,որի շրջանակներում իրականացնում է ինչպես գրասենյակային, այնպես էլ դաշտային հետազոտություններ՝ հավաքագրելով քանակական և որակական տվյալներ` առցանց բաց աղբյուրների, դաշտային անմիջական դիտարկումների, պաշտոնական հարցումների, կիսակառուցված հարցազրույցների և հանդիպումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) և սոցիալական մեդիայի ուսումնասիրությունների միջոցով։ Ի լրումն, ընտրախախտումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերն (այդ թվում՝ անանուն) արձանագրելու համար գործում է iditord.org հարթակը։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում դիտարկման շրջանակը ներառում է ընդհանուր քաղաքական իրավիճակը, սոցիալական ցանցերով ձևավորվող տեղեկատվական միջավայրը, իրավական շրջանակը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) աշխատանքները, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակները, նրանց գրասենյակների գործունեությունը, քարոզարշավի ֆինանսավորումը, վարչական ռեսուրսի օգտագործումը, երրորդ անձանց կողմից իրականացվող քարոզչությունը, իրավասու պետական մարմինների կողմից իրավախախտումներին տրվող արձագանքը։

Տվյալների մի մասը հավաքագրվել է գրասենյակային ուսումնասիրությունների միջոցով՝ հիմք ընդունելով պաշտոնական աղբյուրների հրապարակային տվյալները, այդ թվում՝ ԿԸՀ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների կայքերը և այլն։

Դաշտային դիտարկումները կատարվել են 61 երկարաժամկետ դիտորդի ներգրավմամբ, որոնք ապրիլի 1-ից սկսել են ուսումնասիրել գործընթացները Հայաստանի Հանրապետության 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում։ Երկարաժամկետ դիտորդները հանդիպումներ են ունեցել ընտրական գործընթացի հիմնական դերակատարների, ներառյալ ԸԸՀ-ների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիների հետ։ Ընտրական վարչարարության դիտարկման շրջանակներում նրանց կողմից կատարվել է 63 այց ԸԸՀ-ներ, դիտարկվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական ու լիցենզավորման 5 դասընթաց։ Դիտորդներն իրականացրել են 242 այց կուսակցությունների ու դաշինքների տարածքային գրասենյակներ և մասնակցել 176 տարբեր նախընտրական միջոցառումների, այդ թվում՝ հանրահավաքների, երթերի ու բակային հանդիպումների։ Հանրային տրամադրությունների և ՏԻՄ մարմինների գործունեության ուսումնասիրության նպատակով տեղի է ունեցել 44 հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ և 632 հարցազրույց համայնքների բնակիչների հետ՝ 654 քաղաքացու մասնակցությամբ։ Բացի այդ, գործընթացի համապարփակ պատկերն ապահովելու համար իրականացվել է 36 հանդիպում այլ պետական մարմինների և կազմակերպությունների, այդ թվում՝ ԶԼՄ-ների, ինչպես նաև տեղական և միջազգային դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Վերհանված խնդիրների և փաստերի հավաստիությունն ապահովելու նպատակով կիրառվել է տվյալների ստուգում մի քանի անկախ աղբյուրների միջոցով։

Դիտարկման ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, առաքելության իրավաբանական թիմի կողմից պատրաստվել և ներկայացվել են համապատասխան հաղորդումներ իրավասու իրավապահ մարմիններին ընտրական գործընթացների օրինականության ապահովման նպատակով, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան են ներկայացվել հայցադիմումներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ։

Դիտարկման արդյունքներ

Ընտրական հանձնաժողովներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

2026 թ․ մայիսի 6-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում ԿԸՀ-ն գումարել է 7 նիստ, որոնք ամբողջությամբ դիտարկվել են առցանց եղանակով (տեսաձայնագրությունները)։ Մայիսի 22-ի ժամը 17։00-ի նիստը՝ դատախազության միջնորդությունների քննարկման մասին օրակարգով, հետաձգվել և նշանակվել է նույն օրը ժամը 22։00-ին թեկնածուների, նրանց ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու նպատակով։ Այս նիստի հեռարձակում չի իրականացվել։

ԿԸՀ նիստերում քննարկվել է օրակարգերում ընդգրկված 18 հարց և ընդունվել է թվով 93 որոշում։ Բացի այդ, մայիսի 6-ին կայացած նիստի շրջանակում իրականացվել է էլեկտրոնային եղանակով քվեարկության համար ծրարների հատկացման գործընթացը։

Կայացված որոշումներից 91-ը առնչվել են 2026 թ․ ԱԺ ընտրությունների կազմակերպման գործընթացներին։ Այդ թվում՝ 2026 թ․ ԱԺ հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորների թեկնածուներից մայիսի 6-22-ը ստացվել է ինքնաբացարկի վերաբերյալ 82 դիմում, որոնց հիման վրա ուժը կորցրած է ճանաչվել պատգամավորների թեկնածուների 81 գրանցում։ Մեկ դիմում մերժվել է դիմումին ներկայացվող նոտարական վավերացման պահանջը պահպանած չլինելու պատճառով։ Հատկանշական է, որ ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորների թեկնածուներից 57-ը հանդիսացել են «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածուներ, 6-ը՝ «Հանրապետություն» կուսակցության, 3-ական համապատասխանաբար՝ «Հայ ազգային կոնգրես» և «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունների, 2-ական դիմում ներկայացրել են  «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Քաղաքացիական պայմանագիր», «Դեմոկրատիա օրենք կարգապահություն», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների և «Ուժեղ Հայաստան»  դաշինքի պատգամավորի թեկնածուներ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, Հայաստանի շնորհապետական կուսակցության և «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակների պատգամավորի թեկնածուների կողմից ներկայացվել է 1-ական դիմում։

Կուսակցություն կամ դաշինք Ինքնաբացարկի դիմումների քանակ Ուժը կորցրած ճանաչված գրանցումներ Դիմումների % ընդհանուրի մեջ
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն 57 57 69.5%
«Հանրապետություն» կուսակցություն 6 6 7.3%
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 3 3 3.7%
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն 3 3 3.7%
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն 2 2 2.4%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 2 2 2.4%
«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն 2 2 2.4%
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն 2 1 2.4%
«Ուժեղ Հայաստան» դաշինք 2 2 2.4%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն 1 1 1.2%
Հայաստանի շնորհապետական կուսակցություն 1 1 1.2%
«Միասնության թևեր» կուսակցություն 1 1 1.2%
Ընդհանուր 82 81 100%

 

Երեք որոշմամբ ԿԸՀ-ն անդրադարձել է ոչ իրավասու անձանց կողմից ներկայացված երկու դիմումների քննարկմանը, որոնցից մեկը վերաբերել է «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցության գրանցումն անվավեր ճանաչելուն, մյուսը՝ դիտորդական առաքելություններից մեկի դիմումի հիման վրա վարչական վարույթ հարուցելը մերժելուն, իսկ երրորդը՝ սեփական նախաձեռնությամբ նույն դիմումով ներկայացված հաղորդումների քննարկմանը։

ԿԸՀ-ն ընդունել է նորմատիվային բնույթի 3 որոշում, որոնք վերաբերել են թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերի ձևի և ներկայացման կարգի փոփոխություններին, ինչպես նաև հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը հաստատելուն։ Նշված որոշումներում փոփոխություններն առնչվում են հայտարարագրերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու առանձնահատկություններին, և բովանդակային փոփոխություններ չեն ենթադրվում։

Որոշումներից 1-ը վերաբերել է թիվ 12 ԸԸՀ նստավայրի փոփոխության հարցին (նոր հասցե է սահմանվել «ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 83»-ը)։  Երկու որոշում վերաբերել են ԸԸՀ անդամներ նշանակելուն և մեկը՝ ԸԸՀ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելուն։

Երկու որոշում վերաբերել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն և նույն թեկնածուի ազատությունից զրկելուն համաձայնություն տալուն։

Պետք է նշել, որ ԿԸՀ օրակարգերը և որոշումները ԿԸՀ կայքում տեղադրվում են PDF ձևաչափով և մեքենայական ընթեռնելի չեն, ինչը դժվարացնում է այդ փաստաթղթերում առկա տվյալներով իրականացվող աշխատանքը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ

2026 թվականի մայիսի 6-22-ը իրականացվել է ԸԸՀ-ների նիստերի օրակարգերի և որոշումների դիտարկում։

2026 թվականի մայիսի 6-ին, 12-ին և 21-ին համապատասխանաբար թիվ 23, 4 և 16 ԸԸՀ-ները գումարել են արտահերթ նիստեր՝ ապրիլի 22-ի և 23-ի «Ընտրական տեղամասերի ցանկը հաստատելու և հերթական համարները սահմանելու մասին» որոշումների հավելվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրակարգային հարցերով։ Փոփոխությունները և լրացումները վերաբերել են տեղամասային կենտրոնների որոշ հասցեների հստակեցման կամ փոփոխման հարցերին։

Մայիսի 8-ին թիվ 35 ԸԸՀ-ի կողմից գումարվել է արտահերթ նիստ՝ «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին թիվ 35 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում տեղադրված քարոզչական պաստառների մասին» օրակարգով։ Նշյալ օրակարգում ընդգրկված հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել կամ կայացված որոշումը չի հրապարակվել ԿԸՀ կայքում։

Թվով 37 ԸԸՀ-ներ 2026 թվականի մայիսի 13-ի որոշումներով հաստատել են տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերը, ինչպես նաև նշանակել հանձնաժողովների նախագահներին և քարտուղարներին։ Միայն թիվ 13 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է համապատասխան որոշումը կայացրել մայիսի 14-ին՝ հաստատելով տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմը և նշանակելով հանձնաժողովի նախագահին ու քարտուղարին։

Բոլոր ԸԸՀ-ները մայիսի 19-ին, 20-ին, 21-ին և 22-ին կայացված որոշումներով փոփոխություններ և լրացումներ են կատարել «Տեղամասային ընտրական հանձնաժողովերի կազմերը հաստատելու և տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և քարտուղար նշանակելու մասին» որոշումներում՝ պայմանավորված տեղամասային հանձնաժողովների որոշ անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմամբ։

Հաշվետու ժամանակահատվածում առաքելության դիտորդների կողմից իրականացվել է, ընդհանուր առմամբ, 63 այց ԸԸՀ-ներ՝ դիտարկելու հերթական և արտահերթ նիստերը և ծանոթանալու ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ ԸԸՀ-ների աշխատանքները հաշվետու ժամանակահատվածում հիմնականում ընթացել են բնականոն հունով։ Դիտարկումները ցույց են տվել, որ հանձնաժողովների կին անդամներն ակտիվորեն ներգրավված են եղել որոշումների կայացման գործընթացներում։

Թեև ԸԸՀ-ների համագործակցությունը դիտորդների հետ, մեծ մասամբ, գնահատվել է որպես բաց և կառուցողական, այնուամենայնիվ, արձանագրվել են առանձին դեպքեր (թիվ 26 և 38 ԸԸՀ-ներում), երբ հանձնաժողովի անդամների կողմից դիտորդների նկատմամբ դրսևորվել է անհարգալից, ոչ համագործակցային և/կամ խոչընդոտող վարքագիծ։ Այսպես,

  • Մայիսի 14-ին թիվ 26 ԸԸՀ-ում դիտորդին զանգահարել, կանչել են ու խնդրել ջնջել նախորդ օրը լուսանկարած գրանցամատյանի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց տվյալները» էջը, որտեղ երևում են նիստին ներկա անձանց անձնագրի համարները։ ԸԸՀ-ում փակել են համապատասխան բաժինը և խնդրել նորից նկարել՝ պատճառաբանելով, թե իրավունք չունեն անձնական տվյալներ տալ։ Միջադեպի հետ կապված դիմում է ուղարկվել ԿԸՀ՝ առաջարկելով զգուշացնել բոլոր ԸԸՀ-ներին համանման գործողությունների ոչ իրավաչափության վերաբերյալ, քանի որ գրանցամատյանը ընտրական փաստաթուղթ է, և առկա չէ դիտորդի կողմից որևէ անձնական տվյալի ծանոթանալու սահմանափակում։ Դիմումին ի պատասխան ԿԸՀ-ից հայտնել են, որ գրանցամատյանների լրացման կարգը սահմանված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի N 131-Ն որոշմամբ, որի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված N 4 հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ «4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց տվյալները՝ ներկա գտնվելու իրավունք ունեցող անձի կարգավիճակը, ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը լրացվում են գրանցամատյանում նախատեսված տեղում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձը գրանցամատյանում ստորագրում է իր տվյալների դիմաց»։ Ըստ ԿԸՀ-ի՝ անձնական տվյալների մշակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ ներկա գտնվելու իրավունք ունեցող անձի նույնականացումը և դրա վերաբերյալ հավաստման ամրագրումը և, որ այլ իրավաչափ նպատակ չի կարող հետապնդել անձնական տվյալների մշակումը, հետևաբար, առկա է դիտորդի կողմից գրանցամատյանում նշված անձնագրային տվյալներին ծանոթանալու սահմանափակում։

«Ականատես» դիտորդական առաքելությունը համաձայն չէ ԿԸՀ-ի սույն դիրքորոշման հետ, քանի որ ՀՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դիտորդն իրավունք ունի ծանոթանալու ԿԸՀ-ի և ԸԸՀ-ի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ինչպես նաև ինքնուրույն կատարելու քաղվածքներ և ստանալու այն փաստաթղթերի պատճենները, որոնք տեղադրված չեն ԿԸՀ համացանցային կայքում։ Այսինքն, գրանցամատյանին ծանոթանալու դեպքը հանդիսանում է անձնական տվյալների մշակման օրենքով թույլատրված դեպք և չի կարող որևէ սահմանափակման ենթարկվել ընտրական հանձնաժողովի կողմից։

  • Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հետ կապ հաստատելն ու հաղորդակցվելը բավականին դժվար է եղել, հանձնաժողովում հեռախոսազանգերին չեն պատասխանել։

Դիտարկումները ցույց են տվել, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մեծ մասն ապահովված է անհրաժեշտ շենքային պայմաններով, տեխնիկայով և կահավորմամբ, իսկ աշխատանքներն ընթանում են բնականոն և անխափան: ԸԸՀ-ների ճնշող մեծամասնության նախագահներն ու անդամները ևս նշել են, որ իրենց արդյունավետ և հարմարավետ աշխատանքը խոչընդոտող որևէ էական խնդիր չկա։

Այնուամենայնիվ, առանձին հանձնաժողովներում մատնանշվել են որոշակի տեխնիկական, լոգիստիկ և շենքային բնույթի խնդիրներ։ Մասնավորապես՝

  • Արարատի թիվ 11 ԸԸՀ-ի նստավայրը սկզբնական շրջանում եղել է վերանորոգման փուլում և լիարժեք կահավորված չի եղել։ Վերջին տվյալների համաձայն՝ այս խնդիրն արդեն լուծվել է։
  • Արմավիրի թիվ 19 ԸԸՀ-ում նկատվել է, որ գրասենյակը գտնվում է առաջին հարկում, իսկ պատուհանները չունեն անվտանգության ճաղավանդակներ։
  • Կոտայքի թիվ 26 ԸԸՀ-ում արձանագրվել են Wi-Fi կապի ժամանակավոր խնդիրներ։

Բացի այդ, արձանագրվել են լոգիստիկ և վարչարարական բնույթի հարցեր.

  • Արմավիրի թիվ 15 ԸԸՀ-ում մատնանշվել են քարտեզագրման, մասնավորապես՝ ԸԸՀ-ների միջև բնակավայրերի վերաբաշխման հետ կապված խնդիրներ։
  • Գեղարքունիքի թիվ 21 ԸԸՀ-ում բարձրաձայնվել է այն հարցը, որ հանձնաժողովի անդամներն ընտրատեղամասեր այցելելու համար չեն ստանում տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, ինչը կարող է հանգեցնել վերահսկողության հետ կապված խնդիրների։

Ընդհանուր առմամբ, արձանագրված խնդիրները կրել են տեղային և հիմնականում լուծելի բնույթ։ Ինչպես նշել են ԸԸՀ նախագահները, պետական իրավասու մարմինների և ԿԸՀ-ի կողմից ձեռնարկվել են բոլոր միջոցառումները, որպեսզի ԸԸՀ-ների աշխատանքն իրականացվի արդյունավետ և առանց լուրջ խոչընդոտների:

Դիտարկված ժամանակահատվածում նկատվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից քաղաքական չեզոքությանն ապահովմանն առնչվող  որոշակի խնդիրներ։ Մասնավորապես՝

  • Մայիսի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի քարոզարշավի միջոցառմանը ներկա է գտնվել նաև թիվ 11 ԸԸՀ նախագահի տեղակալ Մարտուն Մանուկյանը։

Կուսակցություններ

Ընտրական ցուցակներում կուսակցական պատկանելությունը

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 130-րդ հոդվածի՝ կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ԿԸՀ ներկայացրած ընտրական ցուցակների առաջին մասում ներառված ընդհանուր թվով 2,107 թեկնածուներից միջինում 82 %-ը հանդիսանում են ընտրություններին մասնակցող 22 կուսակցությունների անդամներ:

Միևնույն ժամանակ որոշ քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ներառվել են տվյալ կուսակցության (դաշինքի անդամ որևէ կուսակցության) անդամ չհանդիսացող թեկնածուներ, որոնք հանդիսանում են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Այսպես, ընդհանուր թվով 35 հոգի՝ 9 կուսակցությունից, առանց պաշտոնապես դաշինք կազմելու, ընդգրկվել է 8 քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում։ Ուստի, կարելի է ասել, որ 2026 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցում է ոչ թե 22, այլ 31 քաղաքական ուժ, որից 9-ը՝ ոչ պաշտոնապես։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում այլ կուսակցություների անդամների ներառումը արգելված չէ, սակայն որոշ ցուցակներում այդպիսի անձանց քանակը բավականին մեծ է, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ որոշ քաղաքական ուժեր այդպիսի ձևաչափով նախընտրել են շրջանցել դաշինքներ կազմելու համար սահմանված կարգը և գործողությունները (օրինակ՝ կուսակցական համագումար գումարելու, ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին համագումարի միջոցով որոշելու, առանձին գրավ վճարելու, առանձին ֆինանսներ վարելու պահանջները)։ Հանդես գալով որպես մեկ կուսակցություն կամ ավելի փոքր թվով կուսակցությունների դաշինք՝ նրանք կարող են ավելի հեշտորեն հաղթահարել ԱԺ անցնելու համապատասխան անցողիկ շեմերը (կուսակցությունների դեպքում՝ 4%, դաշինքին անդամակցող 2-3 կուսակցությունների դեպքում՝ 8%, իսկև դաշինքին անդամակցող 4 և ավել կուսակցությունների դեպքում՝ 10%)։

Նախընտրական ծրագրեր

ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական ծրագրերը կարող են հրապարակել ԿԸՀ համացանցային կայքում։  Այսինքն, օրենսդրությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար չի սահմանում պարտադիր պահանջ՝ ունենալու, ընտրողներին ներկայացնելու կամ հրապարակելու նախընտրական ծրագիր, թեև ակնհայտ է նախընտրական ծրագրերի բացառիկ նշանակությունը ժողովրդավարական ու մրցակցային ընտրությունների համատեքստում, որտեղ ընտրողների կարծիքը և որոշումը պետք է ձևավորվի քաղաքական ուժերի գաղափարախոսություններին, ծրագրային մոտեցումներին և պլաններին պատշաճ ծանոթանալու եղանակով։ Նախընտրական ծրագիրը նաև կարևորագույն փաստաթուղթ է, որի հիման վրա հանրությունը կարող է գնահատել խորհրդարան անցնող ուժերի ու ձևավորվող գործադիր մարմնի գործունեությունը և հետագայում պահանջել հաշվետվողականություն տրված խոստումների կատարման առումով։

ՀՀ ընտրական օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԿԸՀ-ն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո` 3-օրյա ժամկետում, իր համացանցային կայքում հրապարակում է ուժերի ընտրական ցուցակները և նախընտրական ծրագրերը։

Կուսակցությունների գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվել է 2026 թ․ մայիսի 3-ին, սակայն մայիսի 21-ի դրությամբ ԿԸՀ կայքում առկա են ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժերից (կուսակցություններ և դաշինքներ) միայն 10-ի նախընտրական ծրագրերը։ Տվյալ  պահին նախընտրական ծրագիր ԿԸՀ կայքում չեն հրապարակել հետևյալ 9 կուսակցությունները՝

●      «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը

●      Հայաստանի շնորհապետական կուսակցությունը

●      «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը

●      «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը

●      Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը

●      «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը

●      «Հայաստան» կուսակցությունների դաշինքը

●      «Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը

●      «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

Ընտրական շտաբներ

Նախընտրական քարոզարշավը կազմակերպելու նպատակով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարող են կազմավորել ընտրական շտաբներ։

«Ականատես»-ի դիտորդների՝ քաղաքական ուժերի շտաբներ այցելությունների և նրանց ներկայացուցիչների հետ հարաբերությունների հաստատման առումով խնդիրներ հիմնականում չեն արձանագրվել, սակայն եղել է ուշագրավ մի քանի դեպք․

  • Մայիսի 5-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Բորյան փողոցի 2/3 հասցեում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում արձանագրվել է դիտորդների նկատմամբ անհարգալից և կոպիտ վերաբերմունք։ Մասնավորապես, այցի սկզբում շտաբի ներկայացուցիչը հրաժարվել է հաղորդակցվել և դիտորդին խնդրել է լքել տարածքը, սակայն կարճ ժամանակ անց կրկին ներս է հրավիրել և սկսել պատասխանել հարցերին։ Երբ դիտորդը հարցեր է ուղղել շտաբի աշխատակիցների թվաքանակի և տարածքի մակերեսի վերաբերյալ, իրավիճակը կտրուկ սրվել է, և նրան հորդորել են սպասել շտաբի ղեկավարին։ Մոտ 15 րոպե անց ժամանելով գրասենյակ՝ շտաբի ղեկավարը ներսից կողպել է դուռը և դրսևորել խիստ ագրեսիվ վարքագիծ։ Նա գոռգոռացել է և հոգեբանական ճնշում գործադրել դիտորդի նկատմամբ՝ նրան ուղղելով հարցաքննող բնույթի հարցեր («Ո՞վ է քեզ ուղարկել», «Ո՞վ է քեզ հետ եկել»), ինչպես նաև վիրավորական արտահայտություններ հնչեցրել դիտորդական առաքելության, անդամ կազմակերպությունների և դիտորդի նկատմամբ։ Անհանգստանալով, որ իր կողմից հնչեցված ցանկացած խոսք կարող է հանգեցնել անմիջական ֆիզիկական հարձակման՝ դիտորդը ստիպված է եղել լքել տարածքը:
  • Մայիսի 13-ին Երևան քաղաքում արգելվել է դիտորդների մուտքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական շտաբ։ Շտաբի ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել դիտորդների հարցերին։
  • Մայիսի 15-ին Մասիս քաղաքում «Միասնության թևեր» կուսակցության ընտրական շտաբի ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել «Ականատես» առաքելության դիտորդների հարցերին՝ առաջարկելով, որ դիտորդները հարցերը ճշտեն կուսակցության կենտրոնական գրասենյակից։

Նշենք, որ միջազգային չափանիշների համաձայն, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Տեղական դիտորդների ձեռնարկի համաձայն՝ դիտորդները պետք է ակտիվորեն համագործակցեն քաղաքական կուսակցությունների և թեկնածուների հետ՝ հանդիպելով նրանց, տեղեկություններ հավաքելով քարոզարշավի շրջանակում իրականացվող գործունեության մասին և գնահատելով նախընտրական միջավայրը։ Դիտորդները պետք է շփվեն հնարավորինս լայն շրջանակի քաղաքական դերակատարների հետ՝ առանց կողմնակալության, ինչպես իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր ուժերի ներգրավմամբ, և պետք է պատրաստ լինեն լսելու նրանց մտահոգությունները ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական փուլերում։ Այս չափանիշները վերահաստատում են, որ կուսակցությունների գործունեության դիտարկումն ու նրանց հետ շփումը հանդիսանում են ընտրությունների դիտորդության իրականացման կարևոր մեթոդաբանական բաղադրիչ։

Քարոզարշավի ընթացքում ընտրախախտումներ

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի առաջին երկու շաբաթների ընթացքում արձանագրվել են խախտումներ տարբեր դերակատարների կողմից։

Քարոզչանյութերի տարածում

«Ուժեղ Հայաստան» կուսակցություն

«Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից բաժանվող բուկլետների վրա նշված չեն եղել՝ պատվիրատուն, տպաքանակը և տպագրող ընկերությունը։

Մասիս քաղաքում նույն ուժի փոքր մակերեսով քարոզչական պաստառները փակցված են եղել ոչ թույլատրելի վայրերում՝ էլեկտրական հաղորդալարերի սյուներին։

Խնձորեսկ գյուղի մուտքի «Բարի գալուստ Խնձորեսկ» սյուների վրա լարերի վրա  փակցված է Սամվել Կարապետյանի նկարով պաստառը, որը չի հանդիսանում քարոզչական նյութի տեղադրման համար  թույլատրելի վայր։

Մեղրիում բազմաբնակարան շենքի վրա անմիջականորեն փակցված է եղել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պաստառը, ավելին՝ նշված պաստառը գերազանցում է 5 քմ-ը: Նշված տեղը ներառված չէ ԿԸՀ կայքում հրապարակված նախապես բաշխված գովազդային վահանակների ցանկում։

Գյումրու Մուսայելյան փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի արտաքին պատերին և առաջին հարկի պատուհաններին անմիջականորեն փակցված են դաշինքի պաստառները։

Ալավերդու Էնգելս թաղամասում գտնվող բազմաբնակարան շենքի պատին անմիջականորեն փակցված է դաշինքի պաստառը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պաստառներ են փակցված Բերդ քաղաքի բենզալցակայանում, որն, ըստ էության, հանդիսանում է առևտրի օբյեկտ:

Տաշիր քաղաքում տաքսի ծառայության երկու մեքենաների ապակիների վրա արձանագրվել են դաշինքի քարոզչանյութերի փակցման դեպքեր։

Արթիկի Ղարիբջանյան փողոցում տեղադրված խաչին հարակից հետիոտնային անցումի վրա մայիսի 18-ին արձանագրվել է անշնչացած շան պոչի վրա «Ուժեղ Հայաստան» դաշինքի պաստառ փակցնելու դեպք։

«Միասնության թևեր» կուսակցություն

Մայիսի 23-ի դրությամբ Կապան քաղաքում առկա են «Միասնության թևեր» կուսակցության 6 հատ 5 քմ-ը  գերազանցող պաստառներ, որից 4-ը գտնվում է Դավիթ Բեկի փողոցում՝ մայրուղու աջ հատվածում, մեկը՝ Հալիձոր փողոցում՝ գլխավոր  կամրջի հարևանությամբ երկու հարկանի սեփական տան պատին, իսկ մյուսը՝ Կապանի մարզադաշտի հարևանությամբ Թումանյան փողոցում՝ մասնավոր շինության պատին ամրացված։ ԿԸՀ-ի կողմից նախապես չբաշխված վահանակներում 5 քմ գերազանցող մակերեսով պաստառների տեղադրման հարցով դիտորդը դիմել է թիվ 35 ԸԸՀ նախագահին, որն իր հերթին դիմում է ներկայացրել համայնքապետարան՝ հեռացնելու պաստառը, սակայն այն մինչ օրս չի հեռացվել՝ պատճառաբանելով Ընտրական օրենսգրքով թույլատրված լինելու հանգամանքով։ Կուսակցության քարոզչական պաստառներ են փակցված եղել նաև մի շարք չսահմանված վայրերում, որոնք հեռացվել են ԸԸՀ-ին խնդիրը ներկայացնելուց կարճ ժամանակ անց։

Հատկանշական է, որ ըստ առաքելության ստացված տեղեկությունների, մայիսի 19-ին՝ ժամը 9-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձոր փողոցում նախընտրական քարոզչական պաստառների տեղադրման աշխատանքներն իրականացվել են Կապանի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ում հաշվառված 566CT61 պետական համարանիշով տրանսպորտային միջոցի շահագործմամբ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Արարատ, Մասիս, Գավառ քաղաքներում փակցված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառների վրա նշված չեն պատվիրատուի, տպաքանակի և տպագրող ընկերության վերաբերյալ տվյալներ։ Որոշ պաստառներ նաև փակցված են բազմաբնակարան շենքի հիմնական պատին։

Մասիս քաղաքում կուսակցության ավելի փոքր պաստառ փակցված է ոչ թույլատրելի վայրերում՝ էլեկտրական հաղորդալարերի սյուներին։

«Հանրապետություն» կուսակցություն

Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցի դեղատան դռան վրա փակցված է «Հանրապետություն» կուսակցության պաստառը։

Մասիս քաղաքում առկա են փոքր չափի քարոզչական պաստառներ ոչ թույլատրելի վայրերում՝ էլեկտրական հաղորդալարերի սյուներին։

Մեղրիում կուսակցության պաստառը փակցված է շինանյութի խանութի պատին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները փակցված են եղել բազմաթիվ խնդրահարույց մասերում․

  • Շիրակի մարզում՝ Մեծ Մանթաշ բնակավայրի 1-ին փողոցի խանութի պատին,
  • Լոռու մարզում՝ Օձուն բնակավայրի առևտրային տարածքների պատին,
  • Արարատի մարզում՝ Երասխ բնակավայրում առևտրային կենտրոններից մեկի պատին,
  • Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս քաղաքի խաղաղության հրապարակին կից բնակելի բազմաբնակարան շենքի պատին, Վարդենիս քաղաքում՝ խանութի պատին, Գանձակ բնակավայրում՝ կանգառի երկու կողմերում,
  • Սյունիքի մարզում՝ Գորիս քաղաք մուտք գործելիս ավտոլվացման կայանի վրա, Քաջարան քաղաքում՝ առևտրային օբյեկտների վրա և այլ չթույլատրված վայրերում։

Վարդենիսում և Մարտունիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները մեկ շաբաթից ավել շարունակում են մնալ ոչ սահմանված վայրերում, չնայած որ այդ մասին դիտորդները տեղեկացրել են համապատասխանաբար թիվ 20 և թիվ 21 ԸԸՀ-ներին։

«Հայաստան» դաշինք

Մասիս քաղաքում՝ Գորիսի բազմաբնակարան շենքի վրա, փակցված են «Հայաստան» դաշինքի պաստառները։

Գյումրու Երևանյան խճուղում ոչ սահմանված վայրում փակցված է եղել դաշինքի պաստառը՝ որպես թեկնածու առաջադրված Կարեն Սիմոնյանի լուսանկարով։

Քարոզչանյութերի հեռացում

Մի շարք դեպքերում քարոզչական պաստառների ոչ սահմանված վայրերում փակցված լինելու հանգամանքը ներկայացվել է ԸԸՀ-ներին, ինչին հիմնականում հետևել են պաստառները հեռացնելու գործողությունները։

Բարեգործության արգելք, նյութապես շահագրգռում, ուղղորդում

Մայիսի 16-ին Երևանի Ավան վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվի ներկայացուցիչ երկու կանայք բազմաբնակարան շենքեր մուտք գործելուց և քարոզչանյութեր բաժանելուց հետո առաջարկել են անվճար մասնակցել դեպի Հատիս կազմակերպվող ուխտագնացության։ Մասնակցության ցանկություն հայտնած քաղաքացիները ցուցակագրվել են։

Դիտորդները բնակիչների հետ շփումներում շարունակել են արձանագրել արտերկրից ընտրողների կազմակերպված տեղափոխման և նրանց ուղղորդելու վերաբերյալ ահազանգեր։ Մի շարք հարցվողներ Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում հաստատել են, որ իրենց համայնքում կամ անմիջական շրջապատում ճանաչում են անձանց, որոնք պատրաստվում են ժամանել արտերկրից հատուկ ընտրություններին մասնակցելու նպատակով։

Արձանագրվել է 23 դեպք, երբ հարցվողները հատուկ նշել են Ռուսաստանում գտնվող անձանց ժամանման կազմակերպման և համակարգման հանգամանքը, ինչպես նաև այն, որ նրանցից շատերն արդեն Հայաստանում են ևնրանց կամ բացահայտ ասվել է, կամ էլ հասկացվել է, որ ընտրություններում պետք է աջակցեն «Ուժեղ Հայաստան» դաշինքին։

Բացի այդ, ստացվել է տեղեկություն Աբխազիայից ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց կազմակերպված տեղափոխման վերաբերյալ։ Մասնավորապես, Աբխազիայում բնակվող այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր ցանկանում են, սակայն դեռևս չեն կարողացել ստանալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, տրվել են հստակ խոստումներ։ Նրանց խոստացել են անվճար աջակցել և կարգավորել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու փաստաթղթային հարցերը՝ Հայաստան ժամանելու «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։ Ըստ բնակիչների վկայության՝ տվյալ գործընթացն արդեն իսկ գործնական փուլում է, և նշված խմբի բազմաթիվ ընտրողներ արդեն կազմակերպված կերպով բերվել են Հայաստան առաջիկա ընտրություններին մասնակցելու նպատակով:

Մասնավոր գործատուների կողմից հարկադրանք կամ ուղղորդում

Գործատուների կողմից աշխատակիցներին նախընտրական հավաքների մասնակցությանը, ինչպես նաև որևէ կուսակցությանը կողմ քվեարկելուն հարկադրելը և հակառակ կարծիք ունենալու համար աշխատանքից ազատելը/ազատման դիմում ներկայացնելուն հարկադրելը ընտրության, հավաքների ազատության, ինչպես նաև աշխատանքային իրավունքների և խտրականության չենթարկվելու իրավունքի խախտում է։

Դիտարկված ժամանակահատվածում արձանագրվել են մի շարք դեպքեր, որտեղ մասնավոր հատվածի գործատուները աշխատակիցներին առերևույթ հարկադրել են մասնակցել հանրահավաքների կամ ընտրելու կոնկրետ քաղաքական ուժի։

  • Մայիսի 8-ին «Տաշիր-կար» ֆաբրիկայի աշխատակիցներին Տաշիր քաղաքի հրապարակից, որտեղ գտնվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի շենքը, առերևույթ կամքին հակառակ տեղափոխել են Երևան՝ մասնակցելու «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին: «Ականատես» դիտորդական առաքելությունը դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։
  • Մայիսի 10-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական միջոցառման ժամանակ դիտորդներն ու լրագրողները արձանագրել են են մեծ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով քաղաքացիների զանգվածային տեղափոխման դեպքեր։ Մասնակիցների հետ մասնավոր զրույցների ընթացքում պարզվել է, որ նրանց մեծ մասը Աբովյանի բնակիչներ չեն և կազմակերպված կերպով բերվել են Հրազդանից, Չարենցավանից, Երևանից, Արարատից և այլ բնակավայրերից: Ընդ որում, Արարատից տեղափոխված մի խումբ քաղաքացիներ անձամբ հաստատել են, որ հանդիսանում են «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ընկերության աշխատակիցներ, որոնց բերել են միջոցառմանը մասնակցելու նպատակով։ «Ականատես» դիտորդական առաքելությունը դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։
  • Մայիսի 13-ին «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենը և նախագահը (Վլադիմիր Փայլակի Առաքելյանը և Աշոտ Փայլակի Առաքելյան), որոնք ներառված են «Հանուն հանրապետության» կուսակցության նախընտրական ցուցակում, ֆաբրիկայի տարածքում կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել են, որ իրենք ժամանակին ամեն ինչ արել են իրենց աշխատողների համար, և հիմա ժամանակն է, որ նրանք անեն իրենց համար և գնան ընտրեն թիվ 18-ին։
  • Մայիսի 13-ին Ապարան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի՝ ՀՀ վարչապետի մասնակցությամբ միջոցառմանը կազմակերպված կերպով ապահովվել է «Գնթունիք» ընկերության անձնակազմի մասնակցությունը։
  • Բազմաթիվ ահազանգեր են ստացվել Արարատի մարզից՝ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ընկերության ղեկավարության կողմից աշխատակիցների նկատմամբ աշխատանքային լծակների օգտագործմամբ ճնշումներ գործադրելու և նրանց ընտրական իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ։ Ըստ ստացված տեղեկության՝ գործարանի ղեկավարությունն աշխատակիցներին բացահայտ սպառնացել է աշխատանքից ազատմամբ, եթե վերջիններս առաջիկա ընտրություններում իրենց ձայնը տան իշխող քաղաքական ուժին, և հրահանգել է քվեարկել բացառապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (Գագիկ Ծառուկյանի) օգտին։ Ճնշումներին զուգահեռ, գործարանի ղեկավարության կողմից շրջանառվել են աշխատակիցներին ֆինանսական հավելավճարներ (բոնուսներ) տրամադրելու կամ աշխատավարձերը բարձրացնելու խոստումներ։ «Ականատես» դիտորդական առաքելությունը դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։

Ուսումնական հաստատությունների աշխատողների և ուսանողների ներգրավում

ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասով արգելվում են նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։

  • Մայիսի 13-ին Ապարան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ՀՀ վարչապետի մասնակցությամբ միջոցառմանը համակարգված կերպով մասնակցել են տվյալ համայնքի և հարակից բնակավայրերի մի շարք դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ՝ աշխատանքային ժամերին։ Տնօրինության անմիջական հրահանգով աշակերտները դուրս են բերվել դասապրոցեսից վարչապետին դիմավորելու և քարոզչական միջոցառմանը մասնակցություն ապահովելու նպատակով։ Երեխաներին բաժանվել են դրոշներ, ընդ որում, դպրոցականներին նախապես տրվել են պարտադրողական բնույթի ցուցումներ անգամ արտաքին տեսքի, հագուստի, ինչպես նաև սանրվածքի վերաբերյալ՝ աղջիկներին հորդորելով լինել հյուսերով։ Տվյալ միջոցառմանը մասնակցություն ապահովելու նպատակով Ծաղկաշեն գյուղի դպրոցի աշակերտներին ոչ միայն ազատել են դասերից, այլև նրանց բաժանվել են կուսակցության և նրա քաղաքական քարոզչության հետ ասոցացվող խորհրդանիշներով շապիկներ։
  • Մայիսի 15-ին «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը հրապարակել է ձայնագրություն, որից պարզվում է, որ Արմավիրի տարածաշրջանային քոլեջի ուսանողներին պարտադրում են մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։ Հետագայում, ԿԳՄՍ փոխնախարարը հավաստիացրեց, որ տվյալ քարոզչական նախաձեռնությունը եղել է գրադարանավարի կողմից՝ առանց տնօրենի գիտության, ինչի համար նա ստացել է խիստ նկատողություն և զրկվել է կուրսղեկ լինելու հնարավորությունից:
  • Մայիսի 21-ին Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին մասնակցել են բազմաթիվ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։ Այս ցանկում է Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցը, որտեղ դպրոցի աշակերտների համար դասապրոցեսը նախատեսվածից շուտ է ավարտվել, որպեսզի նրանք մասնակցեն վարչապետի մասնակցությամբ միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև դպրոցի ուսուցիչներն ու տնօրենը՝ Շուշանիկ Հախնազարյանը։ Նույն միջոցառմանը ակտիվորեն մասնակցել են նաև Արտաշատի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նինել Գաբրիելյանը և նույն ՀՈԱԿ-ի աշխատակից, պարուսույց Տիրուհի Սողոմոնյանը, որը նաև կազմակերպել և ներգրավել է միջոցառմանը մշակույթի տան սաներին։ Միջոցառմանը ներգրավվել են նաև այլ երեխաներ։

Նշված կրթական հաստատությունների, ինչպես նաև ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների համար օրենքով սահմանված է քաղաքական քարոզչության իրականացման արգելք ինչպես աշխատանքային ժամերին, այնպես էլ դրանից դուրս՝ ի պաշտոնե հանդես գալու պարագայում։ Մշակույթի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և պարուսույցի գործողությունները ակնհայտորեն ուղղված են եղել քաղաքական քարոզչության կազմակերպմանը և իրականացմանը, ուստի «Ականատես» դիտորդական առաքելությունը նախընտրական քարոզչություն իրականացնելու արգելքը խախտելու դեպքով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․8-րդ հոդվածի (Քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող անձի կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելը) հիմքով հայցեր է ներկայացրել ՀՀ վարչական դատարան նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ՝ ապրիլի վերջին, դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը նշել էր, որ ստուգելու են վերջիններիս ֆեյսբուքյան օգտահաշիվները, որպեսզի նրանք չզբաղվեն քարոզչությամբ։ Մարզպետը հրահանգել է նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում չթույլատրել հասարակական կազմակերպությունների մուտքը դպրոցներ։ Չնայած նշված ցուցումներին՝ նկատվել է, որ Վանաձորի Ա․ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրեն Թագուհի Թադևոսյանը պարբերաբար կիսվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչանյութերով։

Անչափահասների ներգրավում

Երեխաների ներգրավումը և շահագործումը քաղաքական գործընթացներում արգելվում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի դիրքորոշումներով։ Սահմանված չափանիշների  համաձայն` կուսակցությունները պետք է հանձն առնեն չխրախուսել, հորդորել կամ հարկադրել երեխաներին մասնակցել քաղաքական հավաքների կամ ցույցերի։ Նաև խնդրահարույց է դպրոցական միջավայրի քաղաքականացումն ու երեխաների ներգրավումը քաղաքական բեմականացումներում, որոնք խաթարում են կրթական գործընթացի չեզոքությունը և երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ապահովումը։ Համապատասխանաբար,  կուսակցություններին և քաղաքական գործիչներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ քաղաքական հանրահավաքներին և այլ զանգվածային միջոցառումներին երեխաներին ներգրավելուց։

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, իսկ  ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Ակնհայտ է, որ նշված միջազգային ու ներպետական իրավակարգավորումները, արգելքները և սահմանափակումները բավարար չեն եղել կանխելու երեխաների քարոզարշավում ներգրավումը։ Դիտարկված ժամանակահատվածում, ի լրումն վերը նշվածների, եղել են մի շարք այլ դեպքեր, երբ նախընտրական քարոզչությանը ներգրավվել են անչափահասներ։ Այսպես՝

  • Մայիսի 10-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը Ստեփանավանում քարոզարշավի շրջանակում իրականացրել է քայլերթ, որին կուսակցական շապիկներով ու գլխարկներով մասնակցել է մոտ 30 անչափահաս:
  • Մայիսի 13-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը քարոզչական միջոցառման շրջանակներում այցելել է համայնքի Մրգավան բնակավայր։ Բնակավայրի կենտրոնում՝ գյուղապետարանի մոտ, որը գտնվում է մանկապարտեզի հարևանությամբ, Մկրտչյանին մանկապարտեզի սաները դիմավորել են «աղուհացով»։ Մրգավանի մանկապարտեզի աշխատակից Սիրանուշ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր անձնական էջում story է հրապարակել, որտեղ երևում է՝ մանկապարտեզի երկու տասնյակից ավելի սաներ ելույթ են ունենում քարոզարշավի մասնակիցների առաջ՝ երգելով խաղաղության մասին երգ։
  • Մայիսի 15-ին Վարդենիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավին ներգրավված էին երեխաներ, որոնք բաժանում էին քարոզչաթերթիկներ։

Վերոնշյալ դեպքերում քաղաքական ուժերը, երեխաներին ներգրավելով քարոզարշավին, միաժամանակ լուսանկարել ու տեսանկարել են և գործիքայնացրել նրանց՝ օգտագործելով իրենց քարոզչության նպատակով։

Որոշ դեպքերում ակնհայտ է, որ երեխաներն ինքնուրույն և անկեղծորեն են ներգրավվում քաղաքական ուժերի քարոզարշավներում։ Սակայն այլ դեպքերում նկատվում է, որ նրանք արդեն իսկ նախապատրաստված են, կրում են քաղաքական ուժի շապիկներ կամ խորհրդանիշներ, ցույց են տալիս համապատասխան ուժի սիմվոլները։ Սրանից ուղղակիորեն հետևում է, որ նրանց մասնակցությունը կազմակերպված է։ Հաճախ երեխաների ներգրավումը տեղի է ունենում դասաժամերի հաշվին, ինչը խնդրահարույց է և պետք է հանգեցնի համապատասխան կրթական հաստատությունների  աշխատակիցների պատասխանատվության։ Միևնույն ժամանակ, վերը նշված միջոցառումների դեպքում քարոզարշավ իրականացնող քաղաքական ուժերի կողմից չի նկատվել որևէ ջանքի ներդնում՝ կանխելու երեխաների ներգրավումը։

Մայիսի 11-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում՝ նշելով, որ տվյալ օրվա դրությամբ նախարարությունը ստացել է երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին, որոնք կուղարկվեն դատախազություն։ Նա նաև նշել է, որ «Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով նախարարությունը կանցկացնի առանձին քննություն՝ հանգամանքները պարզելու և   օրենքով սահմանված հետևանքները կիրառելու համար»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մայիսի 25-ին «Ականատես» դիտորդական առաքելությանն ուղղված գրության համաձայն՝ մայիսի 12-ին նախարարության կողմից «ուղարկվել է շրջաբերական գրություն, որով շեշտադրվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն և քաղաքական քարոզչություն։ Միաժամանակ հստակ սահմանվել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող այն անձինք, որոնք ընդգրկված են որևէ քաղաքական կուսակցության նախընտրական ցուցակում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավունք չունեն համատեղելու իրենց մասնագիտական պարտականությունները քաղաքական քարոզչական գործունեության հետ»։ Այսինքն, մայիսի 12-ից հետո ներկայացված բոլոր խախտումները, փաստորեն, տեղի են ունեցել՝ անտեսելով ոչ միայն օրենքով սահմանված արգելքները, այլև նախարարի կարգադրությունը։

Նախարարի գրության մեջ նշվել է, որ տվյալ պահի դրությամբ արձանագրվել են դեպքեր «Արագածոտնի մարզի Արագած, Քուչակ և Բերքառատ գյուղերի հանրակրթական դպրոցների մանկավարժների և սովորողների մասնակցությունը քաղաքական քարոզարշավի՝ աշխատանքային ժամերին և ուսումնական գործընթացի ընթացքում»։ Նշված դպրոցների տնօրենների նկատմամբ «կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ արձանագրություններն ուղարկվել են համապատասխան իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու նպատակով»։

Խնդրահարույց խոսույթ

Ընտրություններին մասնակցող ուժերն իրենց հրապարակային ելույթներում հաճախ հիշատակում են իրենց քաղաքական որոշ ծրագրերն ու անելիքները, սակայն քարոզարշավն, ընդհանուր առմամբ, չի ընթանում բովանդակային քննարկումների և գաղափարական մրցակցության հարթության վրա, այլ հաճախ վեր է ածվում «իշխանություն-ընդդիմություն» լեզվակռվի։ Օրինակ՝ մայիսի 14-ին Երևանում նախընտրական հանդիպման ժամանակ Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը վիրավորական արտահայտություն հնչեցրեց (անվանելով՝ «համբալ») իշխող կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ինչին անմիջապես հաջորդեց վարչապետի և նրա թիմակիցների կողմից հակադարձող վիրավորանքների լայնածավալ արշավը։

Մրցակցող կողմերը անվտանգային հարցերին անդրադարձ կատարելիս երբեմն օգտագործում են վախերի վրա կառուցվող ու մանիպուլացնող խոսույթներ, որոնք մի կողմից սրում են էմոցիաներն ու խորացնում բևեռացումը, մյուս կողմից՝ խթանում ու բազմապատկում ատելություն պարունակող արձագանքը։

Նախընտրական պաշտոնական քարոզչության մեկնարկից ի վեր զգալիորեն սրվել է զգայական միջավայրը, մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից անհարգալից ու թիրախավորող խոսույթը, միմյանց ուղղված անձնական վիրավորանքներն ու սպառնալիքները, անպարկեշտ բառապաշարի և նվաստացուցիչ արտահայտությունների գործածությունը։ Ընդ որում, այս խոսելաոճը հաճախ գործածվում է նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից, որոնք իրենց դիրքի բերումով, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) 2024 թվականի փետրվարի 6-ի N 02-Ն որոշմամբ հաստատված՝ հանրային պաշտոնյաների վարքագծի կանոնագրքի պահանջներից ելնելով՝ պետք է ցուցաբերեն առավել բարձր պատասխանատվություն և զսպվածություն՝ զերծ մնալով այնպիսի վարքագծից և հռետորաբանությունից, որոնք կարող են հանգեցնել հանրային իշխանության հեղինակազրկմանը և նվազեցնել հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ։

2026 թվականի մայիսի 14-ին ԿԿՀ-ը հրապարակել է նախընտրական շրջանում վարքագծի կանոնների կիրառման վերաբերյալ պարզաբանում, որով անդրադարձել է քաղաքական բանավեճի և նախընտրական շրջանում պաշտոնատար անձանց կարծիքի արտահայտման ազատության սահմաններին։ Ընդունելով նախընտրական քարոզարշավի փուլում բոլոր քաղաքական ուժերի համար միատեսակ կանոններ կիրառելու և այդ ժամանակահատվածում պաշտոնատար անձանց համար արտահայտման ազատության շրջանակն առավել լայն սահմանելու անհրաժեշտությունը՝ ԿԿՀ-ն ընդգծել է նույնիսկ այդ հանգամանքներում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից բարեկիրթ և հարգալիր վարքագիծ ու զսպվածություն դրսևորելուն հնարավորինս ձգտելու կարևորությունը։

Չնայած դրան՝ անպատշաճ խոսույթը շարունակվում է և առանձին զգայուն թեմաների շուրջ նաև վերածվում ագրեսիվ վարքագծի ու անձնական թիրախավորումների։ Հատկապես զգայուն են Արցախի կորստի  և անվտանգային թեմաները, որոնք շատ հաճախ մանիպուլացվում են։ Ընդ որում, ատելության և վիրավորանքի թիրախ են դառնում ոչ միայն քաղաքական մրցակիցները, այլև հարցադրումներ հնչեցնող կամ քննադատող հասարակ քաղաքացիները։

Մասնավորապես, մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Արփինե Սողոյանը վարչապետին քննադատել է 2020 թ. պատերազմի կառավարումը տապալելու համար։ Ի պատասխան, պետության ղեկավարը քաղաքացուն նույնացրել է ընդդիմադիր ուժերի հետ և արձագանքել ագրեսիվ կերպով։ Վարչապետը հրապարակային սպառնալիքներ է հնչեցրել քաղաքական հակառակորդներին «կզացնելու և սատկացնելու» վերաբերյալ, իսկ քաղաքացուն ուղղել է մեղադրանքներ ու վիրավորական արտահայտություններ։ Ընդ որում, վարչապետը հեռացող կնոջը ձեռքերով քաշել է իր կողմ և շարունակել բղավել։ Նույն օրը արձանագրվել է ևս մեկ դրվագ։ Երբ քաղաքական-քաղաքացիական ակտիվիստ Արթուր Օսիպյանը մոտեցել և քննադատական հարցեր է ուղղել վարչապետին, վերջինս արձագանքել է  վիրավորական բառապաշարով («թալանչի անասուններ», «ռադդ քաշի», «ա՛յ տականք», «ստահակներ» և այլն) և մեղադրել է ողջ մնալու մեջ («արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես», «էս ովքե՞ր են սրանք», «դու խի՞ ես կենդանի ընդհանրապես», «դուք ինչի՞ չեք զոհվել» և այլն)։

Դիտարկված ժամանակահատվածում արձանագրվել է ատելության խոսքի, պիտակավորման և անհանդուրժողականության ևս մեկ խիստ մտահոգիչ դրսևորում՝ հոգեկան առողջության թեմայի շահարկումը նախընտրական քարոզարշավում։ Մասնավորապես, մայիսի 20-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ և պատգամավորի թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը հանդես է եկել հոգեկան առողջության խնդիրները խարանող (ստիգմատիզացնող) և քաղաքական հակառակորդներին վիրավորող հրապարակային հայտարարությամբ։ Արձագանքելով դաշինքի առաջնորդներ Սամվել և Նարեկ Կարապետյանների Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության և օտարերկրյա գործակալական ցանցերի հետ կապի վերաբերյալ իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հնչեցրած հայտարարություններին՝ Ղահրամանյանը սպառնացել է դատական հայցերով, որի արդյունքում իշխող ուժից բռնագանձված գումարներն ուղղվելու են «Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» վերանորոգմանը՝ հավելելով, որ իրենց իշխանության գալու դեպքում «հոգեկան շեղում ունեցողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում»՝ ակնարկելով Ն․ Փաշինյանի էմոցիոնալ և ագրեսիվ արձագանքները վերը նշված թեմաներով։ Նույն միտքը զարգացրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու և առաջին համար Նարեկ Կարապետյանը՝ «Հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ Հայաստանում վարչապետ չեն լինելու» վերնագրով իր տեսաուղերձում։

Քարոզչության խոչընդոտում

Մայիսի 16-ին Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքում (Նորաշեն և Մեծավան բնակավայրեր) արձանագրվել է քաղաքական ուժի քարոզարշավի կազմակերպված խոչընդոտման դեպք։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ համակիրներ խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական երթը, որը գլխավորում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդած տվյալների՝ խոչընդոտումն իրականացվել է ճանապարհի երթևեկելի հատվածն ավտոմեքենաներով փակելու, բարձր երաժշտություն միացնելու և իշխող կուսակցության հավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով։

Միջադեպի և քարոզչությանը խոչընդոտելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պաշտոնական տվյալներով՝ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 11  անձանց, որոնցից 6-ը կալանավորվել են, իսկ 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:

Վարչական ռեսուրսի օգտագործում

Խնդրահարույց  իրավական նախաձեռնություններ

Ընտրական գործընթացների նկատմամբ կիրառվող միջազգային չափանիշների համաձայն՝ պետությունները պետք է ապահովեն վարչական ռեսուրսների չեզոք և ոչ խտրական օգտագործումը և զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես ընտրողների վրա ազդելու կամ նրանց աջակցությունը խթանելու միջոց։ Նյութական, ֆինանսական կամ հանրային ոլորտի մարդկային ռեսուրսները չպետք է չարաշահվեն որևէ քաղաքական կուսակցության կամ թեկնածուի օգտին կամ դեմ։ Միջազգային չափանիշների համաձայն՝ վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելմանն ուղղված սկզբունքները գործում են ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում, ներառյալ՝ ընտրական շրջանի վաղ փուլերը:

Նախընտրական ժամանակահատվածում իշխող կուսակցության կողմից շարունակվել են քաղաքացիների համար բարենպաստ քաղաքականությունների նախաձեռնությունները, որոնք կարող էին իրագործվել ավելի վաղ փուլերում՝ կասկածի տակ չդնելով վարչական ռեսուրսի օգտագործումը։

  • Մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքը որոշակի պայմաններով՝ մեկ տարի անց առանց քննության վերականգնելու առաջարկության մասին։ Նույն օրը՝ ավելի վաղ, առաջարկը ներկայացվել էր Հանրապետության հրապարակում հավաքված վարորդական իրավունքից զրկված անձանց հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ ներկայացված առաջարկը իրենց կողմից ընդունվելուց հետո կդրվի հանրային քննարկման և քվեարկության իր ֆեյսբուքյան էջում, իսկ հանրային աջակցություն ստանալու դեպքում՝ սեղմ ժամկետներում կիրագործվի։ Ն․ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում քվեարկության համար տեղադրվել է հետևյալ հարցումը․ «Համաձա՞յն եք արդյոք վարորդական իրավունքից զրկված անձանց հարցի՝ նախորդ գրառմանս մեջ առաջարկվող լուծմանը»։ Քվեարկության համար սահմանվել է 48 ժամ։ Ստացված մոտ 22,000 պատասխանների 75 %-ը հավանություն է տվել նշված առաջարկին, իսկ 25 %-ը՝ ոչ։ Միևնույն ժամանակ, գրառման ներքո բազում են եղել տվյալ որոշման քննադատությունները և ճանապարհային անվտանգության հետ կապված մտահոգությունները:

ՀՀ վարչապետի կողմից իր էջում քվեարկության դրված հարցի շրջանակներում չի ներկայացվել վարորդական իրավունքից զրկված անձանց իրավունքը առանց քննության վերականգնելու գործընթացի իրավաչափության և փաստարկվածության վերաբերյալ որևէ հիմնավորում։ Այսպիսով, հանրային անվտանգությանը վերաբերող խիստ մասնագիտական որոշումը դուրս է բերվել պետական մարմինների քննարկման և իրավական ընթացակարգերի տիրույթից՝ վերածվելով առցանց քվեարկությամբ որոշման ենթակա հարցի։ Այս առաջարկը և դրա հնարավոր իրագործումը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում խիստ խնդրահարույց է վարչական ռեսուրսների չեզոք և ոչ խտրական օգտագործման սկզբունքի ապահովման տեսանկյունից։ Սա նաև կարող է ազդել քաղաքական մրցակցության հավասար պայմանների ընկալման վրա, առավել ևս, որ նշյալ նախաձեռնությունը նախապես նախատեսված չի եղել ՀՀ կառավարության կողմից և դրա համար չի ներկայացվել որևէ իրավաչափ և մասնագիտական հիմնավորում։

Նյութական, ֆինանսական, մարդկային ռեսուրսների առերևույթ ոչ իրավաչափ օգտագործում քարոզչության նպատակով

  • Մայիսի 10-ին Արմավիրի մարզի Աղավնատուն և Դողս համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառները փակցրել են համայնքապետարանի աշխատակիցները, այդ թվում՝ բնակիչների տան պատերի վրա, առանց նրանց իմացության, գիշերով։ Համայքի ղեկավար Հակոբ Պապոյանը դիտորդների հետ զրույցի ժամանակ հաստատել է, որ իրենք են փակցրել։
  • Մայիսի 11-ին Արագածոտնի մարզի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը աշխատանքային ժամերին իրականացրել է քարոզչություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
  • Մայիսի 11-ին Արարատի մարզում Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ իրականացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավ, որին մասնակցել են համայնքապետարանի աշխատակիցներ։ Քարոզչությունն իրականացվել է ի պաշտոնե. բնակիչներին տրվել են համայնքային խնդիրները լուծելու խոստումներ (համայնքապետի լիազորությունների տիրույթում)՝ պայմանավորելով դրանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրվելու հանգամանքով։ Աշխատակիցները քարոզչություն են իրականացրել նաև սոցիալական ցանցերում՝ հանդես գալով համայնքապետարանի անունից։
  • Մայիսի 12-13-ին Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզչություն իրականացնելիս օգտագործել է պետական համարանիշով ծառայողական մեքենաներ:
  • Մայիսի 13-ին Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ անցկացվող քարոզարշավի ժամանակ Լոռի Բերդ խոշորացված համայնքի բոլոր վարչական ղեկավարները ուղեկցել են նրան։ Նույն համայնքի Ագարակ բնակավայրում ժամը 14:00-ին վարչական ղեկավարը դպրոցի ուսուցչական կոլեկտիվին (ներառյալ տեխնիկական աշխատողներին) կազմակերպված բերել է Ագարակում ՔՊ-ի քարոզչական միջոցառմանը:
  • Մայիսի 14 և 15-ին Գորիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում կուսակցության քարոզչանյութերը տարածողների մեջ էր նաև Գորիսի միասնական սոցիալական ծառայության տնօրեն Հայկ Իվանյանը։ Նա երևում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի էջում հրապարակված տեսանյութերում (1, 2, 3): Քարոզարշավը տեղի է ունեցել աշխատանքային օրերին և ժամերին:
  • Մայիսի 15-ին ստացվել է ահազանգ, որ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք գյուղի վարչական ղեկավար Նարինե Հարությունյանը, չգտնվելով արձակուրդում, իրականացրել է նախընտրական քարոզարշավ։ Մասնավորապես, նա այցելել է բնակիչների տներ և հորդորել ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ նշելով, որ հակառակ դեպքում դպրոցը կարող է փակվել։ Ն․ Հարությունյանը համատեղության կարգով նաև դասավանդում է դպրոցում և քարոզարշավին մասնակցելու նպատակով պարբերաբար բացակայել է դասերից։
  • Մայիսի 18-ին Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բյուրավան բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժամը 12:00-ին իրականացրել է քարոզարշավ, որին ներկա են եղել Բյուրավանի մանկապարտեզի աշխատակիցները, մասնավորապես՝ տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը և երեք աշխատակիցները։ Հատկանշական է, որ Բյուրավանում տեղի ունեցած քարոզարշավի վերաբերյալ հրապարակումը տարածվել է Բյուրավանի մանկապարտեզի ֆեյսբուքյան էջով։
  • Մայիսի 19-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Շենավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին աշխատանքային ժամերին մասնակցել է Սպիտակի փոխքաղաքապետ (համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար) Արտակ Մաթոսյանը։ Երբ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ նրանից, թե ինչու է նա աշխատանքային ժամին մասնակցում իշխող ուժի քարոզարշավին, համայնքապետի տեղակալը հունից դուրս է եկել, հարվածել է տեսախցիկին և հայտարարել․ «Աշխատանքի եմ, բա Հանրապետության վարչապետն է եկել»։ «Ականատեսը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված (լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը) հանցագործության հատկանիշներով։
  • Մայիսի 19-ին Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում ներկա են եղել ինչպես համայնքապետարանի, այնպես էլ բժշկական կենտրոնի, պոլիկլինիկայի և ՀՈԱԿ-ների աշխատակիցները։
  • Մայիսի 19-ին Մասիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մասիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Աշոտի Եղիազարյանը և ուսուցչական կոլեկտիվի մի շարք անդամներ աշխատանքային ժամին մասնակցել են քաղաքական հավաքի։
  • Ըստ ստացված ահազանգի՝ Մայիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Էջմիածնի հանրահավաքին և քայլերթին աշխատանքային օրը և ժամին ներգրավված են եղել համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները։
  • Մայիսի 8-ին Մարտունիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի բացման օրը ներկա է գտնվել 400 մարդ, համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, գյուղերից ժամանած դպրոցների տնօրեններ։
  • Վարդենիսում համայնքապետարանի ծառայողական մեքենաներով աշխատակիցները մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին, ինչպես նաև համայնքապետ Ահարոն Խաչատրյանն էլ աշխատանքային ժամերին մասնակցել է քարոզարշավին։
  • Մայիսի 10-ին, շաբաթ օրը, Մեղրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, ներկա են գտնվել համայնքապետն ու համայնքապետարանի աշխատակիցները, նաև Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհիները և  տնօրենը։

Ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ մարդիկ անհանգստանում են ի ցույց դնել իրենց քաղաքական կողմնորոշումը և համակրանքները։ Մասնավորապես,

  • Կապանում արձանագրվել է երեք դեպք, երբ «Հայաստան» դաշինքի կողմից ՏԸՀ դասընթացներին մասնակցած անձինք հրաժարվում են դառնալ հանձնաժողովի անդամ այդ քաղաքական ուժի կողմից՝ պատճառաբանելով, որ իրենց կարող է աշխատանքից ազատեն, քանի որ նրանցից մեկն աշխատում է Կապանի բժշկական կենտրոնում, մյուսը՝ դպրոցում, իսկ երրորդը՝ երաժշտական քոլեջում։
  • Արտաշատում «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչը, որը նաև տվյալ քաղաքական ուժի ընտրական ցուցակով թեկնածու է և գործող ավագանու անդամ, նշել է, որ շտաբեր վարձակալելու հետ կապված խնդիր են ունեցել. պայմանավորվել են, վարձակալության պայմանագիր կնքել, բայց հետո մարդիկ զանգել, ասել են. «Մամային գործից կհանեն», «Իրարից նեղանալ չլինի, բայց չենք կարա տանք տարածքը»։ Հաջողվել է մի քանի գյուղերում շտաբների համար տարածք ձեռք բերել։ Խախտումներին իրավական ընթացք տալու առումով նշել են, որ քայլեր չեն ձեռնարկել, «որովհետև գիտենք՝ ելքը որն ա լինելու»։
  • Ըստ ստացված տվյալների՝ Արտաշատի ավագանու անդամ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Անի Ազատյանի եղբորը Ոստիկանությունում աշխատանքից ազատել են քրոջ՝ Անիի քաղաքական հայացքների համար։
  • «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի և պատգամավորի թեկնածու Լևոն Չուկակլյանի հայտարարությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների («Ազատություն» ռ/կ) անանուն հարցազրույցների համաձայն՝ Արմավիրի մարզում կուսակցությանն աջակցող երիտասարդ կամավորները հայտնվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների թիրախում: Մարզպետարանի և համայնքապետարանի միջոցով (կամ նրանց ենթադրյալ գիտությամբ) իրականացվել է տվյալ կուսակցության հետ համագործակցող երիտասարդների նույնականացում, այնուհետև նրանց լուսանկարներն ու այլ տվյալներն ուղարկվել են կամավորների ուսումնական հաստատություններ, ինչպես նաև նրանց ծնողների ու բարեկամների աշխատավայրեր: Պետական հիմնարկներում (այդ թվում՝ դպրոցներում) աշխատող ծնողները ստացել են հեռախոսազանգեր և «բարեկամական հորդորների» քողի տակ հնչած հստակ սպառնալիքներ՝ աշխատանքից ազատման, իսկ ուսանողների դեպքում՝ ուսումնական հաստատությունից հեռացման կամ գնահատականների կտրուկ իջեցման վերաբերյալ: Արդյունքում, որոշ երիտասարդներ հրաժարվել են հրապարակային կամավորությունից: Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը հրապարակայնորեն հերքել է մարզպետարանի առնչությունն այս գործընթացներին։

Նախընտրական շրջանում ստացվել են ահազանգեր Երևանի տարբեր վարչական շրջաններում թաղապետարանների աշխատակիցների կողմից ընտրողների տվյալների հավաքագրման և քարոզչության դեպքերի վերաբերյալ։ Ըստ ստացված տեղեկությունների՝ թաղապետարանների աշխատակիցները շրջում են բնակարաններով և իրականացնում են ընտրողների «գույքագրում». նրանք բնակիչներից ճշտում են, թե տվյալ հասցեում գրանցված անձանցից քանիսն են փաստացի բնակվում այնտեղ, և ովքեր են բացակայում երկրից։ Զուգահեռաբար, աշխատակիցներն ուղղակիորեն հարցնում են քաղաքացիներին, թե առաջիկա ընտրություններում որ քաղաքական ուժի օգտին են պատրաստվում քվեարկել։ Այսպես․

  • Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում բնակարանային շրջայցերին, հարցումներին և տվյալների հավաքագրմանն անմիջականորեն ներգրավված են եղել նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի (թաղապետարանների) աշխատակիցները, մի շարք դեպքերում այս գործողությունները զուգորդվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչանյութերի տրամադրմամբ։

Համայնքային ծառայողների նմանօրինակ վարքագիծը վարչական ռեսուրսի չարաշահման և ի պաշտոնե քարոզչության իրականացման (կամ ՏԻՄ գործունեության հետ նույնացման) դրսևորում է։

Հարկ է նշել, որ նմանատիպ գործելակերպ դրսևորվում է նաև որոշ համատիրությունների աշխատակիցների կողմից։

  • Շենգավիթում «Գևորգ Չաուշ» համատիրության աշխատակիցները, բնակարաններով շրջելիս և քաղաքացիների քվեարկության նախապատվությունները («Ո՞ւմ եք պատրաստվում ընտրել») պարզելիս, միաժամանակ բաժանել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական բուկլետները։

Իրավապահ մարմինների ոչ իրավաչափ գործողություններ

Նախընտրական քարոզչության ընթացքում մի քանի դեպքերով խիստ խնդրահարույց է և/կամ ոչ օրինաչափ է եղել իրավապահ մարմինների արձագանքը, որը մի դեպքում հանգեցրել է ողբերգական ու անշրջելի ելքի, մյուսի դեպքում՝ արտահայտման ու հավաքի ազատության կոպտագույն ոտնահարման։

  • Արարատի մարզի Նշավան գյուղում բնակվող Արմեն Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառը պատռելու համար ձերբակալվել է։ Այս գործողության հիման վրա նրա նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով։ Մայիսի 16-ին Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, նրա մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն, այնուհետև բժշկի ցուցումով Ա․ Հովհաննիսյանը տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ մի քանի ժամ անց գրանցվել է վերջինիս մահը՝ ինքնասպանության հետևանքով։

Ա․ Հովհաննիսյանի ենթադրյալ արարքը հանդիսանում էր վարչական իրավախախտում (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածով) և առաջացնում էր պատասխանատվություն տուգանքի ձևով։ Այս գործով իրավապահ մարմինների կողմից քրեական գործիքակազմի կիրառումը (արարքի որակումը ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով) և անձի ազատազրկումը ոչ իրավաչափ է և հարցականի տակ է դնում իրավական կանխատեսելիության սկզբունքի պահպանումը։ Այս դեպքը կարող է դիտարկվել որպես վարչական ռեսուրսի չարաշահման և իրավապահ համակարգի քաղաքականացված կիրառման դրսևորում՝ հատկապես ընտրական գործընթացների համատեքստում։ Նման գործելակերպը վտանգավոր նախադեպ է ստեղծում իրավական պետության, ընտրական գործընթացների ազատության և քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

  • Մայիսի 18-ին Երևանի Արաբկիր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում տեղի է ունեցել թեժ բանավեճ Արցախից բռնի տեղահանված Արթուր Օսիպյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, որի ընթացքում քաղաքացուն հեռացրել են հանդիպման վայրից և ձերբակալել։ Ն․ Փաշինյանի հետ բանավեճում Ա․ Օսիպյանի արտահայտությունները, ինչպես և սոցիալական ցանցում հանդիպումից արված կատարված գրառումները թեև պարունակել են կոշտ և սուր, որոշ մասով անհարիր խոսույթ, այնուամենայնիվ գտնվել են քաղաքական քննադատության շրջանակում։ Մասնավորապես, Արցախում հայտնի, կոռուպցիայի և անարդարությունների դեմ հանդես եկող քաղաքական-քաղաքացիական գործչի կողմից Ն․ Փաշինյանի հետ խոսակցության մեջ հիշատակվել են Արցախում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումները։ Ընդ որում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվել է ոչ պակաս կոշտ և սուր արձագանք։

Ա․ Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ (Խուլիգանությունը) և 211-րդ (Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) հոդվածներով։ Մայիսի 21-ին դատարանը որոշել է բավարարել Ա․ Օսիպյանի կալանավորման միջնորդությունը։

«Ականատես»-ն արձանագրում է, որ նկարագրված միջադեպում բանավիճող կողմերի արտահայտությունները, անհրաժեշտության դեպքում, վիճաբանության կողմերի նախաձեռնությամբ կարող են գնահատման առարկա դառնալ բացառապես վիրավորանքի կամ զրպարտության իրավական համատեքստում։ Սակայն դրանք չեն կարող ողջամտորեն որակվել որպես խուլիգանություն, քարոզչությանը խոչընդոտում կամ առավել ևս՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնել կամ քարոզել։ ՀՀ քննչական կոմիտեն, հետագայում էլ՝ դատարանը ակնհայտորեն չեն առաջնորդվել իրավունքի գերակայության, օրինականության և համաչափության սկզբունքներով։ Արդյունքում հնարավոր է փաստել, որ Ա․ Օսիպյանի նկատմամբ հետապնդումը ունի բացառապես քաղաքական ենթատեքստ: Պետք է նշել, որ կալանավորումից ի վեր Օսիպյանը հացադուլի մեջ է՝ ի նշան բողոքի իրեն առաջադրված մեղադրանքի դեմ՝ այն որակելով որպես «քաղաքական հետապնդում»։

  • Մայիսի 20-ին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն անցկացրել է, ըստ էության, նախընտրական քարոզչության մաս կազմող «մուկ տշելու» քաղաքական-ծաղրական ակցիա, որում գործածել են խաղալիք դարպաս և մկներ։ Ոստիկանությունը խոչընդոտել է ակցիայի կազմակերպումը, ըստ հրապարակված տվյալների, Կառավարության աշխատանքը/շենքի ելումուտը խոչընդոտելու պատճառաբանությամբ։ Նախ ոստիկաններն առաջարկել են հավաքի վայրը տեղափոխել դիմացի մայթ՝ շատրվանների մոտ, ապա առգրավել և տարել են դիմացի մայթ ակցիայի համար նախատեսված գոլային դարպասը՝ այդկերպ սահմանափակելով ակցիայի իրականացումը։ Ոստիկանները ակցիան արգելելու նպատակով նաև հիշատակել են Երևանի քաղաքապետարանին իրազեկման բացակայությունը, թեև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև 100 մասնակից ունեցող հավաքների անցկացման համար իրազեկում չի պահանջվում։

Դիտարկումը ցույց է տալիս, որ ակցիան կրել է խաղաղ բնույթ և առերևույթ չի խոչընդոտել Կառավարության շենքի ազատ մուտքն ու ելքը, անհամաչափորեն չի սահմանափակել այլ անձանց հիմնական իրավունքները կամ հանրության շահերը։ Նույնիսկ այն պարագայում, եթե Ոստիկանության ծառայողները գտել են, որ ակցիան կարող էր խոչընդոտել Կառավարության շենքի ազատ մուտքն ու ելքը կամ անհամաչափ սահմանափակել այլ անձանց հիմնարար իրավունքները, հաշվի առնելով ակցիայի անցկացման տարածքի չափերը, ակնհայտորեն առկա էր հնարավորություն իրենց իսկ ծառայությունը կազմակերպել, ինչպես նաև հավաքի մասնակիցներին առաջարկել ակցիան նույն վայրում կազմակերպել այնկերպ, որպեսզի միաժամանակ ապահովվի ինչպես ակցիայի խաղաղ և բնականոն ընթացքը, այնպես էլ՝ Կառավարության շենքի ազատ մուտքն ու ելքն ու այլ անձանց հիմնարար իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Այսպիսով, ակցիայի սահմանափակմանն ուղղված ոստիկանական ծառայողների գործողությունները չեն եղել օրինական և համաչափ, ինչպես նաև չեն հետապնդել իրավաչափ նպատակ։

Կուսակցությունների ֆինանսավորում

Թափանցիկության ու հաշվետվողականության խնդիրներ

Ժողովրդավարական ընտրությունների կարևոր նախապայմաններից և հավասար մրցակցության երաշխիքներից է քաղաքական ուժերի ֆինանսավորման թափանցիկությունը, որի վերահսկողությունն իրականացվում է ԿԿՀ և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության (ՎՎԾ) կողմից։

ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցման ժամկետի ավարտից հետո մինչև քվեարկությանը հաջորդող 3-րդ օրը, համապատասխան բանկերը 3 աշխատանքային օրը մեկ պարտավոր են ԿԿՀ ներկայացնել տվյալներ թեկնածու ուժերի բանկային հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ։  ԿԿՀ-ն պետք է ամփոփի այդ տվյալները, կազմի տեղեկանք և այն տեղադրի իր պաշտոնական կայքում։ Տեղեկանքը տեղադրելու համար ժամկետ օրենքը չի նշում։

ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ բանկերը, որտեղ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը բացում են նախընտրական հիմնադրամների համար հատուկ ժամանակավոր հաշիվներ, ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից 5 օր հետո` 3 աշխատանքային օրը մեկ ՎՎԾ են ներկայացնում տեղեկանք քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: ՎՎԾ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում ԿԸՀ համացանցային կայքում։ Ամփոփ տեղեկանքը հրապարակելու համար ևս ժամկետ սահմանված չէ։

Բացի այդ, Ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ներկայացնում են հայտարարագիր իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ։ ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ հայտարարագրերը ներկայացվում են ՎՎԾ նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ օրը, 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար՝ օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:  Հայտարարագրերը ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են ԿԸՀ կայքում: ՎՎԾ-ն ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ընտրության արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ ստուգում, ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն և ներկայացնում ԿԸՀ: Վերջինս պարտավոր է այն անհապաղ հրապարակել իր համացանցային կայքում: Եզրակացության մեջ խախտումներ արձանագրված լինելու դեպքում ԿԸՀ-ն պարտավոր է քննարկել այն:

Տվյալների ժամանակին հրապարակումը կարևորագույն նշանակություն ունի նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու և ընտրողներին ու քաղաքացիական հասարակությանը գիտակցված և տեղեկացված դիրքորոշում ձևավորելու հնարավորություն ընձեռելու համար։ Կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությունը երկու մարմինների միջև բաշխելու պարագայում առանձնահատուկ կարևորություն է ստանում այդ մարմինների սինխրոն աշխատանքը և հանրության ներկայացուցիչների համար տվյալների համադրման ու վերլուծության հնարավորությունը։

Դիտարկումը ցույց է տվել, որ ԿԸՀ կայքում տվյալները հիմնականում հրապարակվել և թարմացվել են՝ ըստ սահմանված ժամանակացույցի։ Դրանք պարբերաբար վերահրապարակել են միևնույն փաստաթղթում՝ ներկայացնելով բանկերից ստացված նոր տվյալները՝ առանց մշակման։

ԿԿՀ կայքում բանկերից ստացվող տեղեկանքները հրապարակվել են բովանդակային մշակումից հետո՝ որոշ հապաղմամբ։ Ըստ ԿԿՀ-ից ստացված պարզաբանման՝ «գործնականում բանկային քաղվածքները հաճախ չեն պարունակում գործարքների, մասնավորապես՝ ելքագրված գումարների նպատակային նշանակության վերաբերյալ ամբողջական նկարագրություն: Նշված խնդիրը լուծելու և հանրությանն արժանահավատ տեղեկատվություն ներկայացնելու նպատակով Հանձնաժողովը յուրաքանչյուր գործարքի մանրամասները լրացուցիչ ճշգրտում է առևտրային բանկերի և համապատասխան կուսակցությունների հետ, որից հետո միայն դասակարգում է մուտքերն ու ելքերը և ապահովում դրանց հրապարակումը, ինչն օբյեկտիվորեն ժամանակատար գործընթաց է»: Միաժամանակ ԿԿՀ-ն նշել է, որ թեև օրենսդրությամբ Հանձնաժողովի ուղղակի լիազորությունն այս մասով սահմանափակվում է տվյալների ամփոփմամբ և հրապարակմամբ, նա իրականացրել է դրանից բխող լայնածավալ վերլուծական աշխատանք: ԿԿՀ պարզաբանումից նաև պարզվում է, որ բանկային տեղեկատվությունը երբեմն ստացվել է ուշացումներով։

Պետք է նկատել, որ կուսակցությունների ու դաշինքների բանկային հաշիվների մուտքերի ու ծախսերի վերաբերյալ բանկերից ստացվող տվյալների հրապարակման տարբերվող ժամանակագրությունը, ինչպես նաև փաստաթղթերի հրապարակման ձևաչափերը (ԿԸՀ կողմից նույն փաստաթղթի թարմացում, իսկ ԿԿՀ կողմից նոր տվյալների հրապարակում) բավականին դժվարացնում են հանրային վերահսկողությունը և տվյալների համադրումը։

Ֆինանսական մուտքեր և ծախսեր

ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած մուծումներից»։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի առաջին տասնօրյակում՝ 2026 թ․ մայիսի 8-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, դիտարկումների արդյունքները ամփոփվում են ստորև։

 

  • Մայիսի 17-ի դրությամբ ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներին եղել է 761,290,000 ՀՀ դրամի մուտք։ 100 միլիոն ՀՀ դրամից ավելի մուտքեր ունեցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (350 միլիոն ՀՀ դրամ կամ բոլոր մուտքերի 46%-ը), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (124,3 միլիոն ՀՀ դրամ՝ 16.3%-ը) և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը (110 միլիոն ՀՀ դրամ՝ 14,4%-ը)։ Միևնույն ժամանակ, նույն ժամանակահատվածում ընտրությունների 4 մասնակիցների՝ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», Քրիստոնեա-ժողովրդավարական, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական և «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում մուտքեր չեն եղել։ Ռեֆորմիստական կուսակցության մուտքերը չեն գերազանցել 1 միլիոն դրամը (420,000 դրամ)։
  • Մայիսի 14-ի դրությամբ կուսակցությունների բանկային հաշիվներին կատարվել է 867,621,484 ՀՀ դրամի նվիրատվություն 806 անձանց կողմից, միջինը՝ մոտ 1,076,453 ՀՀ դրամ մեկ նվիրատու անձի կողմից։ Այստեղ առաջատարներն են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը (280,498,000 ՀՀ դրամ), «Հայաստան» դաշինքը (188,280,000 ՀՀ դրամ) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (167,866,984 ՀՀ դրամ)։ Ստացված գումարների մեծ մասը կուսակցությունների կողմից փոխացվել է իրենց նախընտրական հիմնադրամներ։
  • Նախընտրական քարոզչության առաջին տասնօրյակում ընտրությունների բոլոր մասնակիցների կողմից ծախսվել է ընդհանուր 457,746,079 ՀՀ դրամ կամ հիմնադրամներ մտած մուտքերի մոտ 60.1%-ը։ Ամենից շատ ծախսեր կատարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (176,777,956 ՀՀ դրամ), «Հայաստան» դաշինքը (105,443,740 ՀՀ դրամ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (65,107,440 ՀՀ դրամ):
  • Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն ծախսատեսակները, որոնք կարող են կատարվել նախընտրական հիմնադրամներից։ Քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամների հայտարարագրերում ներկայացված են ծախսատեսակներ, որոնք այնպես են ձևակերպված, որ հնարավոր չէ հասկանալ, թե սահմանված որ ծախսատեսակին են վերաբերում (օրինակ՝ «գովազդային ծառայությունը» կարող է վերաբերել և՛ ԶԼՄ-երով գովազդին (հոդված 27 մաս 1 կետ 1)), և՛ համացանցով գովազդին (հոդված 27 մաս 1 կետ 2)), և՛ քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի միջոցով գովազդին (հոդված 27 մաս 1 կետ 6))։
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարագրում ծախսերը ներկայացված են ոչ թե ըստ ձեռքբերված ապրանքների և ծառայությունների, այլ ըստ դրանք մատակարարած/մատուցած ընկերությունների, որն անհնարին է դարձնում այդ ծախսերի վերլուծությունը։

Անտեսելով նշված խնդիրները՝ մայիսի 24-ին ԿԸՀ կայքում հրապարակված՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման արդյունքների ՎՎԾ եզրակացության համաձայն՝ «Բոլոր սուբյեկտների կողմից ներկայացված նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերում խախտումներ չեն հայտնաբերվել և դրանք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կանոնակարգումներին»։

Սոցցանցերում քաղաքական գովազդի ծախսեր

Ապրիլի 22-ից մինչև մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Meta հարթակներում (Facebook և Instagram սոցիալական ցանցեր) քաղաքական գովազդ տարածելու համար կատարված ծախսերը ցույց են տալիս, որ ամենաշատը՝ 140,651 ԱՄՆ դոլար, ծախսել է «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որը գերազանցում է մյուս բոլոր քաղաքական ուժերի կողմից կատարված ծախսերը մոտ 3 անգամ։

Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը ծախսել է 27,595 ԱՄՆ դոլար։

 

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է 2018թ. օգոստոսին։ Նախաձեռնության անդամներն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։ Առաքելության նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը ՀՀ օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխան, ընտրական գործընթացների օրինավորությանը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությանը:

ՀՀ ազգային ժողովի 2026 թ․ ընտրությունների դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության, ԱՄՆ-ի գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), Նորվեգիայի դեսպանատան, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի դրամաշնորհատուների տեսակետները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031