Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակները դատարկ են, քանի որ ընտրությունների արդյունքների բողոքարկման իրավական ճանապարհները դեռ չեն սպառվել. Արամ Պետրոսյան

Հունիս 21,2026 20:00 Share

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Հայաքվե» միավորման վարչության անդամ Արամ Պետրոսյանը, որը համակարգում էր վստահված անձանց աշխատանքը՝ անդրադառնալով ընտրակաշառքի ահազանգերով ձերբակալություններին՝ մասնավորապես ասաց. «Շուրջ 700 ձերբակալություն է եղել, որի արդյունքում եղել է 70 կալանավորում։ Ես վստահ եմ, որ դրա առնվազն 90%-ը մնալու է անհետևանք։ Այս մարդիկ երկու ամիս կնստեն, երկու ամիսը կլրանա, երևի մի հատ էլ երկու ամիս կնստեն ու դուրս կգան…

Ընտրությունների օրը Գյումրիում եմ եղել, երեք հոգի ձերբակալվեցին։ Այդ մարդկանց, որ հանեցին, պարոն Խուդինյանը (ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության նախկին պետ, ոստիկանության պետի նախկին տեղակալ, այժմ նախարարի օգնական Արթուր Խուդինյան. Ա. Ի.) լրագրողին ասաց՝ կաշառք է բաժանվել… Այդ կաշառք բաժանվելու պահին պետք էր, ասենք, պարկերով փողեր դուրս անեին, հա, թեկուզ արկղերով հանեին։ Փաստորեն փողը չկար, բայց անունը դրեցին՝ կաշառք է բաժանվել։ Հետևաբար, կտեսնենք հետագայում, որ չի ապացուցվելու։ Համենայն դեպս, վերջին վեց ամիսը Փաշինյանն անընդհատ աղաղակել է այս թեմայով, բայց մինչ օրս դեռևս չունենք մի հատ օրինական ուժի մեջ մտած վճիռ, որ ասենք՝ այս մի դեպքով մեղքն ապացուցվել է, և չենք էլ ունենալու, վստահ եմ»։

Նրան խնդրեցինք պատասխանել այն հարցադրմանը, որն օրեր առաջ ուղղել էր Նիկոլ Փաշինյանը. «Ընտրությունները կեղծվել են, և հանրապետության հրապարակները դատա՞րկ են, էդ ո՞ւմ ձայնն է կեղծվել, ո՞ւմ ձայնն է կեղծվել և ո՞նց, տենց բան հնարավո՞ր է։ Ո՞ւմ ձայնն է կեղծվել, որ հմի տանը, հազար ներողություն, ես խոսում եմ լիդերների մասին՝ ձեր հետևորդների ձայնը կեղծվել է, դուք տանը վեր ընգա՞ծ եք, քյաբա՞բ եք ուտում, հա, ու բանը, ձայները կեղծված են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ»։

«Իրավական ճանապարհները դեռ չեն սպառվել, այդ հարցը կարելի է տալ, երբ իրավական ճանապարհները կսպառվեն,- նախ ասաց Արամ Պետրոսյանը։- Իսկ ինչ վերաբերում է, թե ինքն ինչ կմեկնաբանի, կներեք, այն ժամանակ էլ ասում էր՝ եթե ժողովուրդը դուրս գա, օրինակ, ասի՝ մի տվեք մեր հողերը, չեմ տա… Կիրանցի դեպքում, հիշում եք, չէ, բազմաթիվ, տասնյակ նռնակներ նետվեցին խաղաղ ցուցարարների վրա, ձեռք կտրվեց, գլուխ ջարդվեց։ Հա, պրովոկացիան էլ իրենք սկսեցին, ես անձամբ այդտեղ եմ եղել ու ականատես եմ եղել։ Հիմա այդ ժողովրդին ուզում է հանի դուրս, ուզում է էլի գա, պրովոկացիա անի, մի քանի հարյուրին դարձնի հաշմանդամություն ունեցող անձ, մի քանի հարյուրին էլ բանտերը լցնի։ Երազանքն է, ամեն ելույթի ժամանակ ասում է՝ բանտ, բանտ, բանտ… ուրիշ ոչ մի բան»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ 22.00-ին

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930