«Արդար քվե» դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցի համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թ․ հոկտեմբերի 19-ին Արթուր Մելիքյանին նշանակել է Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, սակայն ազատել է պաշտոնից ընդդիմադիրների հավաքին մասնակցելու համար։
Aravot.am-ը փորձեց թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Տավուշի մարզպետարանից: Մասնավորապես, Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս 5 տարվա պայմանագիր ունեցող Արթուր Մելիքյանին ազատել են աշխատանքից ընդդիմադիրների հավաքին մասնակցելու համար, թե՞ մեկ այլ պատճառ է եղել: Մերուժան Հարությունյանը սկզբում ասաց, որ հեռախոսով մեկնաբանություններ չի տալիս, բացի դրանից, ինքը չէ գործատուն, որ այդ հարցին պատասխանի: Քիչ անց էլ հավելեց. «Ինչքանով տեղեկացված եմ, Արթուրը եկել՝ դիմում է գրել և իր դիմումի համաձայն է ազատվել»:
Մեր հարցին՝ գուցե սպառնացե՞լ են, ճնշումների ներքո՞ է դիմում գրել, Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն այսպես արձագանքեց. «Ինչքան գիտեմ, պատճառ չի նշել, կադրերից տեղեկացա, որ նույնիսկ օր է նշել, որ այս օրը ինձ ազատեք, այդքան բան գիտեմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Այգեձորի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջից


















































