Լրահոս
Օրվա լրահոսը

Կլինեն մարզային համակարգողներ. դպրոցների կառավարումն անցնում է նախարարությանը. «Հրապարակ»

Հուլիս 03,2026 11:41 Share

«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով, մոտ մեկ տարի առաջ որոշեցին, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր հանրակրթական հաստատությունները մարզային ենթակայությունից անցնելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ: 2027 թվականի սեպտեմբերի 1-ից Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները նույնպես կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։ Այդ որոշումն այն ժամանակ բավականին աղմուկ բարձրացրեց, կրթության համակարգում, մարզպետարաններում եւ ԿԳՄՍՆ-ում իրարանցում առաջացավ, որովհետեւ Երեւանից` նախարարությունից բոլոր 1400 դպրոցների ընթացիկ կառավարումն իրականացնելը շատ բարդ է լինելու:

Նախարարությունից հայտնում են, որ լինելու են մարզային համակարգողներ, որոնք կապող օղակ կլինեն նախարարության եւ դպրոցների միջեւ, կաջակցեն ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը, կապահովեն արդյունավետ հաղորդակցությանը եւ կնպաստեն առաջացող հարցերի արագ ու հասցեական լուծմանը։ Հիշեցնենք նաեւ, որ այս իշխանությունը որոշել է մինչեւ 2028 թվականը լուծարել մարզպետարանները:

Մարզպետարանների կրթության, մշակույթի, սպորտի վարչություններում աշխատում է 4-ական աշխատակից։ Մենք Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադեւոսյանից հետաքրքրվեցինք՝ աշխատակիցների կրճատում լինելո՞ւ է իրենց մոտ։

Նա նաեւ ընդգծեց, որ ավագ դպրոցների վարչատնտեսական մասի գործառույթները, որոնք այս պահին ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ են, եւս անցնելու են մարզային ենթակայության ներքո, իսկ մարզպետի աշխատակազմն այս պահի դրությամբ շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ տնօրենի նշանակման, առարկայական օլիմպիադաների, մշակութային ու մարզական միջոցառումների կազմակերպման եւ մի շարք այլ աշխատանքներում։

Մեզ հետ զրույցում Տավուշի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Մերուժան Հարությունյանը նշեց, որ այդ պահի դրությամբ կրճատելու վերաբերյալ խոսակցություններ չկան, բայց չբացառեց, որ առաջիկայում նման անհրաժեշտություն կլինի․ «Ենթադրում եմ, որ կադրերի բաժնում ինչ-որ հաստիք կկրճատվի՝ կապված տնօրենների մրցույթների հետ։ Կարծում եմ՝ մարզպետարաններում էլ այս փուլում նոր հաստիքներ չեն ավելանա, այլ աշխատանքի բաժանում կանեն՝ տարբեր աշխատակիցների վրա կդրվի տարբեր մարզերի կուրացիա անելու հարցը։ Նման մի լուծում պետք է գտնեն, որպեսզի կարողանան մեզ հետ համատեղ աշխատել։ Առաջին փուլում նման լուծում կտրվի, կարծում եմ, որովհետեւ դժվար է ինչ-որ նոր մարդ բերել դնել, բացի այդ, հեռավորության հարց կա, իրենք Երեւանում են, մենք՝ այստեղ, տեղում ենք, մարդկանց ճանաչում ենք, ու էնպես չէ, որ ձեռքներս կլվանանք, մի կողմ կքաշվենք։ Չէ, մենք էլ կօգնենք, կաջակցենք, որքանով որ կարողանանք։ Կարո՞ղ է մենք չհետեւենք ուսումնական բովանդակության ճիշտ իրականացմանը, անպայման ենք հետեւելու, ո՞նց կարող ենք թողնել»։

Արմինե ՆԱՎՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031