Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկություն արցախցու բարեկամների բնակարաններում՝ աչքերի նմանության հիման վրա․ դիմակավորված անձանց հայտնի տեսաուղերձի հետքերով

Հունիս 02,2026 22:10 Share

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարելու գործի շրջանակում խուզարկել են իրեն ծանոթ արցախցիներից մեկի բոլոր բարեկամների, ազգականների բնակարանները։ Ընդ որում՝ խուզարկությունն անցկացրել են խայտառակ ձևով՝ վաղ առավոտյան տները մտնելով, տակնուվրա անելով, 9 ու 2 տարեկան երեխաներին արթնացնելով։

«Այսօր առավոտ վաղ հեռախոսազանգ ստացա և տեղեկացա, որ Նիկոլ Փաշինյանին ուղղված այն հայտնի դիմակավորված անձանց տեսաուղերձի հիման վրա արցախցի մեր ծանոթներից մեկի բոլոր բարեկամների և ազգականների բնակարանները խուզարկել են, ընդ որում՝ խուզարկել են խայտառակ եղանակով։

Առավոտյան ժամը 6-ին մտնում են տուն, երեխաները, խոսքը վերաբերում է 9 ամսական և 2 տարեկան երեխաներին, տունը ամբողջությամբ տակնուվրա են անում, բոլորի հեռախոսներն առգրավվում, մարդկանց բերման են ենթարկում, մեկուսացնում ու նրանց մոտ տարակուսելի, մեկուսացված իրավիճակ են ստեղծում։

Դա եղել է երեք օր առաջ, ես իրազեկվել եմ այսօր, բայց մինչև հիմա քննչական որոշ գործողություններ շարունակվում են։

Ընդ որում՝ այն անձը, որը կասկածվում է այդ ամեն ինչի մեջ, գիտե՞ք ինչ հիմքով է կասկածվում՝ աչքերի նմանության հիման վրա։ Աչքերի նմանության հիման վրա մենք ունենք խուզարկության որոշումներ, բայց եթե դուք նայեք, աչքերը ոչ միայն նման չեն, այլ գույներն են տարբեր։ Տեսանյութում առկա անձի աչքերի գույնն ուրիշ է, այն անձը, որը կասկածվում է, և որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում,՝ ուրիշ։

Ընդ որում՝ այդ անձն արդեն երեք տարուց ավելի է ընտանիքով բնակվում է Ռուսաստանում, բայց նրա բարեկամների ու ազգականների տներն այստեղ խուզարկում են։

Մարդն ասում է՝ 9 ամսական երեխային հիվանդանոց պետք է տանեն, բայց բժշկի համարը ոչ մի կերպ չեմ կարողանում ճշտել, որովհետև հեռախոսիս մեջ է եղել, մարդը բառի բուն իմաստով մեկուսացված է և գտնվում է ակնհայտ դիտարկումների ներքո։

Արտաքին դիտումներ են իրականացվում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում։ Չնայած իմ կարծիքով՝ այդ տեսանյութը ի սկզբանե հարմարեցված տեսանյութ էր, որևէ արցախցի այդ ամեն ինչի հետ կապ չունի։

Սա ուղղակի շոու է, որը ցանկանում են ցուցադրել և արցախցիներին թիրախավորելու համապատասխան հիմքեր ունենալ։ Ասեմ ավելին՝ ատելություն տարածել արցախցիների նկատմամբ։

Բնակչության մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, մոլորեցնել, մանիպուլացնել բնակչությանը, թե արցախցիները պատրաստվում էին ինչ-որ ահաբեկչություն անել կամ վարչապետին սպանել»,- ասաց փաստաբանը։

Ըստ նրա՝ այս ամենի պատճառն այն է, որ արցախցիների մեծ մասը ընդդիմադիր հայացքներ ունի։

«Ով որ իշխանության հետ չէ, իշխանության թշնամին է, իշխանության ռեպրեսիայի զոհ դառնալու պատճառ է»,- ասաց Ռոման Երիցյանը։

Նա նաև ասաց, որ այն, ինչ անում էր ադրբեջանական իշխանությունը արցախցիների նկատմամբ, կրկնապատիկն ու քառապատիկն անում է Հայաստանի իշխանությունը, որը, ըստ բանախոսի, հիմա իրականացնում է ադրբեջանական նարատիվները։

«Ձևական առումով մեզ անվանում են քույրեր, եղբայրներ, տնավորվել։ Բա տնավորվում ենք, զուգահեռ ծանուցումներ եք ուղարկում, ասում եք՝ ազատեք բնակարանը։ Սա է ձեր տնավորումը, հա՞։ Էդ մարդիկ սերտիֆիկատներից չեն օգտվում, որովհետև 2007 ծառայողական բնակարաններ են ստացել։

Ինչ գործ ունեք այդ մարդուն 2007 թվականին հատկացված 40 քառակուսի մետր մակերեսով բնակարանի հետ։ Էդ մարդը էդ բնակարանը վերանորոգել է, կահավորել է, հիմա ընտանիքի անդամներով, մանկահասակ երեխաներով էդ բնակարանում է բնակվում, Հայաստանի Հանրապետության տարածքում այլ գույք չունի, դուրս գա՝ ո՞ւր գնա»,- ասաց փաստաբանը։

Նա կարծիք հայտնեց, որ այս իշխանության վերընտրվելու պարագայում արցախցին Հայաստանում այլևս անելիք չպիտի ունենա, որովհետև ո՛չ տնավորումն է ռեալ, ո՛չ արժանապատիվ կյանքը, ո՛չ էլ՝ գոյատևման հնարավորությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930