«Այն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, չկա։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Կան Ադրբեջանի բոլոր առաջարկած հոդվածները, որոնց հետ իրենք գնացել, համաձայնվել և ստորագրել են։ Հետևաբար, ի՞նչ կա զարմանալու, որ մենք չենք ուզում Ադրբեջանի կողմից մեզ հրամցված հոդվածների տակ մեր ստորագրությունը դնել։ Ինքը դրել է, ասում է՝ ես հպարտ եմ, էլի կդնեմ։ Բայց մենք ասում ենք՝ դա Հայաստանը հաշմանդամ դարձնելու փաստաթուղթ է, մենք դրան դեմ ենք, և այդ փաստաթուղթը պետք է փոխվի»,- այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Սա արձագանքն է երեկ Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճի ժամանակ ՔՊ ներկայացուցիչ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արած այն հայտարարությանը, որ Էդմոն Մարուքյանի հետ են աշխատել Խաղաղության համաձայնագրի տեքստի վրա, ու ինքը զարմացած է, որ «Լուսավոր Հայաստանը» չի ստորագրում այդ փաստաթղթի տակ, ավելին՝ որ իշխանության գալու պարագայում պատրաստվում են դատի տալ այդ փաստաթուղթը կազմողներին և ստորագրողներին։
«Լուսավոր Հայաստանն» այսօր նախընտրական քարոզարշավն իրականացնում է Ավան համայնքում։
«Ինքն է խնդրել, որ աշխատեմ։ Ես ՔՊ-ականներից երբևէ որևէ աշխատանք չեմ խնդրել։ 2018-ին ինքն է խնդրել, և շատ երկար։ Շատ կարճ է տևել այդ աշխատելը։ Հետո, ես որևէ փորձ չէի արել իրենց հանդիպելու համար։ Արարատ Միրզոյանին համարյա ութ տարի չէի հանդիպել։ Երբեք չեմ խնդրել»,- սա էլ կուսակցության ցուցակում ընդգրկված հրապարակախոս Կարպիս Փաշոյանի հակադարձումն է Արարատ Միրզոյանի այն հայտարարություններին, որ երբ ինքը փոխվարչապետի պաշտոն էր զբաղեցնում, Կարպիս Փաշոյանն իր մոտ էր աշխատում։
Կարդացեք նաև
Կարպիս Փաշոյանը նկատում է՝ 44-օրյա պատերազմից հետո էլ կարող էր ՔՊ կառավարությունում աշխատել, եթե ասեր՝ «Արցախն Ադրբեջան է, և վերջ»։ «Բայց դե, ինձ այդպիսի աշխատանք պետք չի։ Շատ ուրախ եմ, որ հեռացել եմ աշխատանքից, որովհետև առնվազն Արցախի կորստի և հայաթափման հետ որևէ առնչություն չունեմ, և այդ իմաստով սիրտս մաքուր է։ Շատ ուրախ եմ, որ ճակատագիրն ինձ փրկել է ուսապարկ դառնալու հեռանկարից»։
Էդմոն Մարուքյանը չի հասկանում Կարպիս Փաշոյանին՝ իրենց հետ աշխատելու «մեղադրանքի» ներկայացումը. «Այսինքն, իրենք մտածում են, որ իրենք ի՞նչ են, բորոտների խո՞ւմբ են, արատավո՞ր բան է իրենց հետ աշխատելը, խնդի՞ր է»։
Կարպիս Փաշոյանը նաև հայտարարեց, որ ինքը միշտ պահում է գործընկերային հարաբերությունները, բայց Արարատ Միրզոյանի պարագայում խախտել է իր սկզբունքը, քանի որ հայտարարել էր՝ նրան երբեք չի բարևելու. «Երեկ բանավեճի ժամանակ էլ չբարևեցի»։
Էդմոն Մարուքյանն էլ հավելեց՝ «Կարպիսը հեղափոխությանը չմասնակցեր, Արարատ Միրզոյանը փոխվարչապետ չէր դառնա»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ ԼՀԿ ֆեյսբուքյան էջից


















































