Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա ընտրություններում չպետք է բացարձակ իշխանություն լինի, քանի որ դրանով ազգային համաձայնությունը խաթարվելու է. «Լուսավոր Հայաստան»

Հունիս 02,2026 16:25 Share

«Մենք հիմա քաղաքական պայքար ենք փորձում մղել, որպեսզի տարիներ հետո բանը չհասնի նրան, որ ազատագրական պայքար մղենք։ Մենք հիմա ունենք անկախ Հայաստան․ դեռևս ունենք»,- Երևանի Աջափնյակ համայնքում՝ Գևորգ Չաուշի արձանի մոտ, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված հրապարակախոս Կարպիս Փաշոյանը։

«Քարոզարշավը շատ հրաշալի է ընթանում, և եթե մարդկանց հետ իրական շփումները համեմատենք այն իրականության հետ, որ կա Հ1-ում, ահռելի անդունդ է առաջանում»,- ասաց Կարպիս Փաշոյանը՝ հիմնավորելով, որ Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի ժամանակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները «գոռում են, վիճում են», բայց երբ մարդկանց հետ խոսում ես, պարզվում է, որ մարդիկ միանգամայն այլ բան են ուզում․ «Մարդիկ չեն կեղծում այնպես, ինչպես Հ1-ի որոշ դերասաններ են կեղծում»։

«Նախ ուզում են, որ այս ներքին, խորը հանրային պառակտումը դադարեցվի, ներքին խաղաղություն են ուզում, որպեսզի այդ հիմքի վրա կառուցվի իրենց հանգիստ, առանց արյան, առանց ատելության կյանքը։ Քաղաքական համակարգի և հասարակության միջև կա խորը անդունդ»,- քարոզարշավի անցած փուլից իր տպավորությունները փոխանցեց բանախոսը՝ հավելելով՝ սա նաև փաստում է այն մասին, որ առաջիկա ընտրություններում չպետք է բացարձակ իշխանություն լինի, քանի որ դրանով ազգային համաձայնությունը խաթարվելու է, ուստի, իր համոզմամբ, Հայաստանին փոխզիջումների գնացող վարչապետ է պետք, որը կներկայացնի տարաբնույթ շերտերի և խավերի շահերը։

«Լուսավոր Հայաստանն» քարոզարշավն իրականացնում է Աջափնյակում և Կենտրոն վարչական շրջաններում։

Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կրկին անդրադարձավ «Euronews»-ի կողմից տարածվող տեղեկությանը, որն արտացոլվել է նաև իշխանամետ լրատվամիջոցներում։ Ըստ այդմ՝ հարցումներով առաջատարը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը կստանա ընտրողների ձայների 65 տոկոսը։ Հավելեց՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, թե ինքն է հավաքելու 53 տոկոս։ Այս մաթեմատիկական անհամապատասխանությունը Էդմոն Մարուքյանին տարակուսանքի տեղիք է տալիս։ Նա կոչ է անում այդ ուժերի ընտրազանգվածի մի հատվածին՝ քվեարկել «Լուսավոր Հայաստանի» օգտին, որպեսզի երկիրը «գուբերնիա չդառնա»։ Նրա խոսքով՝ խաղն անազնիվ է, անլուրջ ու անարդար՝ փոքր ու ոչ հարուստ կուսակցությունների նկատմամբ, իսկ իշխանություններն ընդհանրապես լայնորեն կիրառում են վարչական ռեսուրսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930