Հունիսի 6-ի ժամը 00։00-ից մեկնարկում է լռության օրը, և քաղաքական ուժերն այլևս որևէ քարոզ իրականացնելու իրավունք չեն ունենալու։
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ԱԺ ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական ուժերի առաջին համարները Aravot.am-ի առաջարկությամբ ամփոփեցին և գնահատեցին քարոզարշավի ընթացքը։
Սուրեն Պետրոսյան. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն. «Այսօրվա դրությամբ ամեն ինչ սպասվածից ավելի լավ է, չնայած ամեն րոպե կարող է մի բան փոխվել։ Բանավեճն էլ, կարծում եմ, ամեն ինչ տեղը գցեց, և մարդիկ շատ ավելի լավ կողմնորոշվելու հնարավորություն կունենան՝ կիմանան, ով ով է, իրականում ինչ օրակարգեր է սպասարկում, իրական նպատակները որոնք են և որտեղից կարող են փոփոխություններն իրականում սպասել։
Կարդացեք նաև
Մարդիկ պետք է իմանան, որ առաջին հերթին ընտրում են պառլամենտ։ Եվ ընտրության գնալուց առաջ իրենք իրենց պետք է հարց տան, թե ինչ պառլամենտ են ուզում։ Արդյոք ուզում են նույն պառլամենտը վերցնել, որտեղ գումարելիների տեղերը փոխելով՝ գումարը չի փոխվում, թե՞ ուզում են տեսնել որակապես այլ խոսույթ, այլ պառլամենտ, որտեղ նոր ուժերի, ի դեմս մեզ, հնարավորություն կունենան սկիզբը դնել իրական, խորքային, համակարգային փոփոխությունների»։
Լևոն Բաղդասարյան. «Դեմոկրատիա, օրենք, իրավունք» կուսակցություն. «Արձանագրենք, որ նախընտրական քարոզարշավը մոտեցավ ավարտին։ Դ.Օ.Կ. կուսակցությունը միակն էր, որ բարձրաձայնեց ինչպես վարչական ռեսուրսի, այնպես էլ որոշ քաղաքական միավորումների կողմից 30 արծաթով անձանց վաճառելու, գնելու մասին։ Մենք բարձրաձայնել էինք, որ մեր նշանաբանը օրենքի դիկտատուրան է, և այն պետք է սկսենք մեզանից։ Ու այդպես էլ արեցինք։ Եվ ոչ միայն անօրինական գործողություններ բացարձակապես չենք արել, այլ նաև փորձել ենք հնարավորության սահմաններում իրավական գործիքակազմով օրենքը պաշտպանել։
Հուսանք, որ հունիսի 8-ին ընտրողները, Հայաստանի քաղաքացիները, ինչու չէ՝ ողջ հայությունը, կարթնանա այլ Հայաստանում»։
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը քարոզարշավի ամփոփիչ հավաքն անցկացրեց Մատենադարանի հարակից տարածքում, որտեղ ընտրացուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանը բոլոր ներկաներին մաղթեց մարտական բարձր տրամադրություն։ «Հունիսի 7-ին քնից արթնացեք, ում ավելի շատ եք սիրում՝ բնականաբար, ձեր հարազատներին, շրջապատին, ամբողջ հայ ժողովրդին հուսահատության, վախի մթնոլորտից հանեք, բարձրացրեք ազգային ու սիրո նշաձողը, որպեսզի ունենանք այն պետությունը, որի մասին երազել ենք միշտ։
Այսօր մենք հավաքվել ենք այստեղ ոչ թե հերթական քաղաքական միջոցառման, իշխանության շուրջ հերթական վեճի համար, այլ մեր պետության, մեր ժողովրդի, մեր ապագայի մասին խոսելու համար։ Մեզանից յուրաքանչյուրն իր աչքով տեսնում է, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Տեսնում ենք դատարկվող գյուղերը, արտագաղթող ընտանիքները, փակվող դպրոցները, նվազող ծնելիությունը, թուլացող պետական ինստիտուտները։ Տեսնում ենք, թե ինչպես են մարդկանց սովորեցնում հաշտվել կորուստների, պարտության հետ, հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է մշտապես զիջի, նահանջի և հրաժարվի սեփական իրավունքներից։ Բայց մենք այստեղ ենք՝ հայտարարելու, որ հայ ժողովուրդը պարտության հետ հաշտվող ժողովուրդ չէ։ Մենք չենք լռելու։ Երբ մենք լռենք, վերանալու է պետությունը։ Մենք հավատում ենք մեր ժողովրդին, Հայաստանի վերածննդին։ Հավատում ենք, որ հայ ժողովուրդը դեռ ուժ, արժանապատվություն և վճռականություն ունի՝ փոխելու իր երկրի ճակատագիրը»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































