Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Օրվա լրահոսը

«Պետք է շենքը քանդվի»

Սեպտեմբեր 25,2026 14:00 Share

Փաստաբանները պատրաստվում են դիմել միջազգային դատարան 

Լևոն Բաղդասարյանն ասում է, պետք է նախադեպ ստեղծվի, որ անօրինական շենքը, որը խախտում է անձանց իրավունքները, քանդվի։ Նախորդ օրը «Սասուն» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, «Գաթա Բենդ» համույթի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի բակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նրա փաստաբաններից մեկը՝ Լևոն Բաղդասարյանը։

Բակային ասուլիսի թեման. Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 տան հարեւանությամբ «Օկտագոն» ընկերության կողմից բազմաբնակարան շենքի կառուցումը, ապօրինի որոշումների հիման վրա, վտանգավոր շինարարությունն էր, դրա հետևանքները։

    

Սահմանադրական դատարանում Անդրանիկ սարկավագ Մանուկյանի ներկայացուցիչ, իրավաբան Առնոլդ Վարդանյանն ասաց. «Այսօր գործընկերներիս հետ ասուլիս ենք անցկացնում այն վայրում, որն իբր պետք է լիներ բազմաբնակարան շենքի ավտոտնակի մուտքը, այն նույն տարածքի, որի սեփականազրկման փաստը հաստատվել է դատական կարգով։ Ինչ ակնկալիքով է շարունակվում շինարարությունը և ինչպես է առհասարակ այն ստանալու ավարտական ակտ և շահագործման թույլտվություն։ Ցավում եմ, որ որևէ իրավասու մարմին նույնիսկ չի ցանկանում միջամտել Երևանի սրտում՝ Թումանյան փողոցի վրա տեղի ունեցող այս իրավիճակին, երբ մարդու տան մեջ կառուցվում է բազմաբնակարան շենք, Անդրանիկն ու նրա երեք անչափահաս երեխաներն ապրում են իրենց գլխավերևում ամեն օր թափվող քարերի, արմատուրաների, փայտերի ու վտանգավոր առարկաների, աղմուկի, լույսի բացակայության պայմաններում»։

Առնոլդ Վարդանյանը հայտնեց, որ 2025թ. Սահմանադրական դատարանը հուլիսի 1-ին որոշում է կայացրել, 4-ին որոշումը դրել է պաշտոնական կայքում, իսկ 9-ին տեղեկացել են, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից նոր շինթույլտվություն է տրվել։ Հիշեցնեմ, որ ըստ ՍԴ-ի՝ Դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով
(«Անդրանիկ սարկավագ Մանուկյանը հողազավթման գործով հաղթեց Սահմանադրական դատարանում», «Առավոտ» օրաթերթ 09.07.2025)։

Վարչական դատարանում Անդրանիկ սարկավագի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանն ասաց. «Երկուսուկես տարի է՝ վարչական դատարանում որևէ մեկը մատը մատին չի խփել, փորձագետները, դատարանները ձգձգում են այս ամենը, որպեսզի վաղը մյուս օրը կարողանան շարունակել պաշտպանել շինարարի շահերը։ Ոչ մի փորձագետ չի եկել, փորձագետը այդ օրվա դրությամբ չէ, պիտի տա, բայց ոչ մի քայլ չի արվել։ Նույնիսկ առկա շինթույլտվությունը, նախագիծը այնպես է շեղվել, ուրիշի հողի վրա կառուցվածը այլ անձի հողի մեջ, ապօրինի է, պիտի քանդվի, դա մեր խորին համոզմունքն է, պահանջը։ Եթե ավարտական ակտ ստանա, ուրեմն լրիվ ապօրինություն է։ Եթե բարձր հովանավորն ասել է՝ պիտի չքանդվի, այլ հարց է…կա մարդ, որ իրենց համար ամեն բան անում է, ով, դա թող պարզեն իրավապահ մարմինները»։

Անդրանիկ սարկավագ Մանուկյան. «Սվառկա են անում, ամբողջ կրակը թափվում է մարդկանց վրա։ Տասներկու հարկ կառուցել է, ոչ մի անվտանգություն չի ապահովել, դրա համար ասում եմ, սա քաղաքական հետապնդում է։ Ես բարոյական աժեքներով եմ առաջնորդվել։ Ինձ իմ արմատներից կտրում են… Երեք քննիչ փոխվեց, արդեն այս բակում հնարավոր չի…երեք անգամ վարչապետին եմ տեսել, այս ամենը օր օրի տեղեկացվում է վարչապետին, եթե լուծում չտա, բաներ կան կբարձրաձայնեմ, ու այդ ժամանակ շատ վատ կլինի։ Ամբողջ փաստաթղթերը կեղծիք են, իմ բակի հարևանությամբ շենքում ապրում է Արթուր Մեսչյանը, ով որպես քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ տվել է թույլտվությունը, իսկ որպես բակի բնակիչ դեմ է եղել շինարարությանը։ Շինթույլտվությունը տվել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով երբ պաշտոնանկությունից հետո եղավ իմ բակում, արդարանում էր, թե տեղյակ չի, չի իմանում, ոնց է տվել շինթույլտվությունը… անընդհատ ուզում են անձս վիրավորել։ Հատկապես Լևոն Օրդուխանյանը, շինարարը, իմ արևի լույսը երբ կտրում են, թող խոստովանի, ում միջոցով է գնացել վարչապետի մոտ, ինչ են ասել իմ մասին…»։

Լեւոն Բաղդասարյանն ասաց. «Մենք անսովոր իրավիճակում ենք տալիս ասուլիսը, Անդրանիկ սարկավագի տան բակում, մի բան է, երբ լսում ես, մի բան է, երբ տեղում ենք ներկայացնում խնդիրը։ Բազմիցս իրավապաշտպաններս բարձրաձայնել ենք, որ Երևան քաղաքի փոքր կենտրոնը շնչահեղձ է լինում, առաջարկել ենք, որ օրենք լինի,  որպեսզի արգելվի Երևանում շինարարությունները…Տասնամյակներ առաջ Անդրանիկ սարկավագը ձեռք է բերում այս տունը, ապա նրա հողի վրա սկսվում է կառուցվել ահավասիկ բազմաբնակարան շենք։ տասներկու հարկը համարյա ավարտված, շենքը ձեր աչքի առաջ է, պետք չի լինել հատուկ մասնագետ, որպեսզի հասկանաս, որ եթե կառուցվում է շենքը երեք-չորս մետրի վրա, դա արդեն իսկ ստանդարտները խախտված են, իմ գործընկերները տասնյակ հայցերով ողողում են դատարանները, ես ինքս ներգրավվեցի մեկ տարի առաջ։ Երկու ամիս առաջ հայցի ապահովում է կիրառվել, դատարանը գտավ, որ պիտի կասեցնել շինարարությունը, բայց լիազոր մարմինը երկու ամսվա ընթացքում մատը մատին չի խփել։ Այլ բան է՝ քսանչորս ժամվա ռեժիմով ապրում ես մի տան մեջ, ականատես դառնում այս ապօրինությանը, այստեղ նաեւ Անդրանիկ սարկավագի ստուդիան է, նրա հոգևոր իրավունքները նույնպես խախտված են։  ՍԴ-ն համասահմանադրական է համարել այն գործողությունները, որը ներկայացվում է շինարարության անվան տակ, այն պետական մարմինը, որի անգործությունը բերեց այս վիճակին, ենթակա է ամենախիստ պատժի»։

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել