Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի ավագանիում շատ խառն են․ Վարդան Ղուկասյանի փեսան հանդես եկավ հայտարարությամբ

Հունիս 25,2026 17:09 Share

Տեղեկացրել ենք, որ Գյումրու ավագանու նիստն այսօր չկայացավ, պատճառը քվորում չապահովելն էր․ վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին անցկացնում Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը։ Մարտուն Գրիգորյանի հիմնած «Իմ քաղաքը» դաշինքի ավագանու անդամներից մեկն էլ՝ Արտակ Հովսեփյանը, տնային կալանքի մեջ է, վայր է դրել մանդատը, նրա փոխարեն այսօր մանդատ պիտի վերցնի Արա Պետրոսյանը։

Այսինքն՝ ընդդիմադիր 4 ուժերը 16 հոգով չէին կարող նիստ գումարել, մի ձայն պակաս էր, իսկ ՔՊ-ականները չէին եկել՝ տապալելով այն։

Իհարկե, ՔՊ-ն ավելի ուշ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ նիստին չմասնակցելու պատճառներից մեկը իրենց խմբակցության կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերի առաջարկների մերժումն ու նիստերի օրակարգում չներառելու «արատավոր քաղաքականությունն» է։

«Եռագլուխ դաշինքը ներկայացնող 4 ուժերը Գյումրիում պատասխանատվություն են ստանձնել կառավարում իրականացնելու ու ակնհայտորեն ձախողել են թե´ Գյումրու կառավարման, և թե´ իրենց վերադասների համար համապետական ընտրություններում հաղթանակ ապահովելու գործում։

Եռագլուխ դաշինքի ներկայացուցիչների գնահատականը գյումրեցին տվել է հունիսի 7-ին։

Իր գնահատականը գյումրեցին տվել է նաև մեզ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 50%-ից ավել ձայն տալով։

Գյումրու և գյումրեցու շահերն արհամարհող, Գյումրին փաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան», -մասնավորապես նշված է ՔՊ-ի տարածած հայտարարության մեջ։

Սակայն մինչ այդ՝ ավագանու նիստի տապալումից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկավ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը։

Նա ասաց, որ Գյումրիում երբևէ կառավարման ճգնաժամ չի եղել, այն արհեստականորեն ստեղծում է կենտրոնական իշխանությունը։

«Օրեր, ամիսներ շարունակ իշխանությունը թեզ էր առաջ տանում, որ Գյումրիում կառավարման ճգնաժամ կա, որը միանշանակ չի համապատասխանում իրականությանը։ Ճգնաժամ գոյություն ունի այն համայնքներում, որտեղ ղեկավարում են իրենց սրտի քաղաքապետերը։ Որպես օրինակ՝ կարող եմ նշել Վանաձորը, որտեղ չենք հիշում՝ որ թվականից, որ ժամանակահատվածից ավագանու նիստ չի կայանում։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անհարկի կալանավորումից հետո բնականոն հունով ընթանում են ավագանու նիստերը», -ասաց Ավետիս Առաքելյանը։

Նա այս ամենի համար հատուկ շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր չորս խմբակցությունների անդամներին։

Ավետիս Առաքելյանն անդրադարձավ նաև Կարեն Սիմոնյանի տան խուզարկությանը՝ այն որակելով որպես բռնաճնշումներ ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարի հանդեպ։

«Կենտրոնական իշխանությունն անդադար, նպատակասլաց, նկատակուղղված փորձում է խաթարել Գյումրու քաղաքապետարանի, ավագանու աշխատանքները»,- ասաց Ավետիս Առաքելյանը։

Ըստ նրա, ճգնաժամն արհեստական է, շինծու է, և որ ՔՊ-ն տապալեց ավագանու նիստը, որտեղ քննարկվելու էին կարևոր հարցեր, գումարներ էին հատկացնելու ՀՈԱԿ-ներին․ մրցույթ էր հայտարարվելու, որպեսզի սեպտեմբերին մանկապարտեզների երեխաներին պարկեր տրամադրեին։

«Որոշ մարդիկ բարձրաձայնում են՝ երեխաների տոնը, հանուն երեխաների, երեխաների համար, հանուն երեխաների, գործող ուժը պետք է ներկա գտնվի ավագանու նիստին, իր պարտականությունն է, ոչ մի հաղորդագրություն չենք ստացել ՔՊ խմբակցությունից, թե ինչն է պատճառը, որ մի ամբողջ մի խմբակցություն նիստին ներկա չի գտնվում», -ասաց Ավետիս Առաքելյանը։

Նա հորդորեց գյումրեցիներին ոչ մի կերպ թույլ չտան, որ Գյումրի քաղաքը խոշորացնեն՝ գյուղեր միավորելով։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930