Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանին աշխատանքից ազատելու որոշմանը։ Հիշեցնենք, որ նա քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի քույրն է, Էդգար Ղազարյանն ահազանգել է, որ քաղաքական դրդապատճառով է տեղի ունեցել նրա ազատումը։
«Նրա ազատման հետ կապված որոշումն ընդունել է ղեկավարը, իսկ ինչ վերաբերում է մանիպուլյացիաներին, եթե քաղաքական հեռացում լիներ, Լիլիթ Ղազարյանը կազատվեր 5-6 տարի առաջ»,- ասաց Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ քաղաքական դրդապատճառներով է նա ազատվել աշխատանքից։
Հարցին, թե իր ցուցումո՞վ է Լիլիթ Ղազարյանն ազատվել աշխատանքից, նախարարը պատասխանեց․ «Ես ցուցումներ եւ հանձնարարականներ տալիս եմ, ես ասացի, որ տնօրենի որոշմամբ իրականացվել են հաստիքների փոփոխություն եւ ազատումներ։ Չկա մի բան իմ համակարգի հետ կատարվող, որ ես կապ չունենամ։ Ասացի՝ տեղի է ունեցել հաստիքների փոփոխություն, բավական է քաղաքական մանիպուլյացիաներով զբաղվել, ինչի մեծ փորձն ունի պարոն Ղազարյանը»։
Հարցին, թե ինչի՞ համար է անձն ազատվել աշխատանքից, Անահիտ Ավանեսյանը հստակ չպատասխանեց։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով իր հետագա պաշտոնավարման մասին հարցին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Ես ինձ ավելի շատ տեսնում եմ գործադիր մարմնում, ես շատ սիրում եմ իմ աշխատանքը, եւ, իհարկե, ունեմ ցանկություն շարունակելու առողջապահության նախարարի պաշտոնում պաշտոնավարումը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































