Հունիսի 23-ին Եվրոպական հանձնաժողովը գործարկեց Կապակցվածության օրակարգի հարթակը (Connectivity Agenda Platform) եւ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ կնքեց համաձայնություններ, որոնց միջոցով ակնկալվում է ներգրավել մինչեւ 2 միլիարդ եվրո արժողությամբ ռազմավարական ներդրումներ Սեւծովյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար։
Հարթակը ներկայացվեց բարձր մակարդակի նախարարական հանդիպման ընթացքում, որը հյուրընկալել էին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ԵՄ միջազգային գործընկերությունների հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելան եւ ԵՄ կայուն տրանսպորտի հարցերով հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը՝ Global Gateway ռազմավարության շրջանակում միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը խթանելու նպատակով։
«Աճող հակամարտության պայմաններում ոգեւորիչ է տեսնել, որ այսքան երկրներ միավորվում են մեկ ընդհանուր ծրագրի շուրջ։ Մեզ անհրաժեշտ են հուսալի առեւտրային ուղիներ, եւ Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը դարձել է հենց այդպիսի ուղի։ Առաջիկա 15 տարիների ընթացքում այս երթուղով առեւտրաշրջանառությունը կարող է աճել հնգապատիկ։ Այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ է, որ մենք համախմբենք ջանքերը։ Արդեն իսկ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր եւ նախաձեռնություններ։ Հարթակը կկապակցի դրանք, կլրացնի մնացած ենթակառուցվածքային բացերը եւ կապահովի երթուղու ամբողջական փոխկապակցվածությունը՝ սկզբից մինչեւ վերջ», – ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
Կապակցվածության օրակարգի հարթակը կծառայի որպես շրջանակ մասնակից երկրների, միջազգային ֆինանսական հաստատությունների եւ շահագրգիռ այլ կողմերի համար՝ տրանսպորտի, էներգետիկայի, թվային կապակցվածության եւ առեւտրի ոլորտներում ներդրումների ու քաղաքական քայլերի համակարգման նպատակով։ Տարածաշրջանի հետ համագործակցությունն առավել ամրապնդելու նպատակով մասնակիցները նաեւ համաձայնեցին անրապնդել Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի գործառնական արդյունավետությունը։ Նրանք Եվրոպական հանձնաժողովին հրավիրեցին գնահատել միջանցքի գործունեությունը եւ դրա մրցունակությունը բարձրացնելու նպատակով առաջարկել առաջնահերթ գործողություններ։
Կարդացեք նաև
Կապակցվածության օրակարգի իրականացմանն աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է մտադրությունների մասին հայտարարություններ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, որոնց միջոցով ակնկալվում է ներգրավել մինչեւ 2 միլիարդ եվրոյի ներդրումներ Սեւծովյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների, սահմանային անցակետերի, ինչպես նաեւ առեւտրի դյուրացմանն ուղղված նախագծերի համար։
EU NEIGHBOURS east


















































