«Դիմողները բարձրացնում են ընտրական տեղամասերում սարքերի հետ կապված խնդիրներ: Խոսքը 79 215 դեպքի մասին է, երբ ընտրատեղամասերի աշխատակիցները տեղեկատվությունը մուտքագրել են ձեռքով, ոչ թե մեքենան ընթերցել է անձնագրի կամ նույնականացման քարտի մեքենաընթեռնելի հատվածը»,- Սահմանադրական դատարանի (ՍԴ) փակ նիստից առաջ, որտեղ քննվում են հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Ըստ նրա՝ սա ՀՀ ընտրությունների պատմության մեջ ամենափոքր ցուցանիշն է, որն արձանագրվել է․ «2021-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ թեկուզ ՍԴ որոշումը, եթե նայեք, այնտեղ ևս վկայակոչված է այդ թիվը, որը 109 հազարից ավել է եղել։ Կարող է ամենափոքր տեխնիկական անսարքության պատճառով լինել։ Կարևոր է նաև շեշտել, որ միայն սարքի միջոցով նույնականացումը չէ, որը ենթադրում է անձի նույնականացում և ընտրելու իրավունք ունենալու նույնականացում, հիմնական ընտրողի նույնականացման գործիքը հենց անձը հաստատող փաստաթուղթն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































