ՍԴ նիստի ընթացքում, որտեղ քննվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանից հետաքրքրվեց՝ այն պայմաններում, երբ դեռ ամփոփված չեն եղել ընտրությունների արդյունքները, Վերաքննիչ դատարանը դեռ պիտի ամփոփեր՝ ազդեցության տեսանկյունից վերաքվեարկություն լինելու է, թե՝ ոչ, ի՞նչ տեղեկությունների հիման վրա եք որոշել, որ ստիպված են լինելու վերաքվեարկություն անելու։
Արամ Օրբելյանը պատասխանեց․ «Հունիսի 11-ին՝ մինչև դատական նիստը, ԿԸՀ-ն արդեն հրապարակել էր վերահաշվարկի արդյունքները, որտեղ ասվում է՝ ավարտվել է վերահաշվարկը։ Սա պաշտոնապես հրապարակված է եղել։ Այդ թվերի կիրառման արդյունքում ակնհայտ էր, որ որևէ այլ վերահաշվարկային գործողություն տեղի չի ունենալու»։
Արման Դիլանյանը փորձեց հստակեցնել․ «Ես ուզում եմ հասկանալ՝ եթե դեռ պաշտոնապես ամփոփում չունենք, մենք էլ ենք տեսնում՝ վերաքվեարկություն կլինի, թե՝ չի լինի, վերահաշվարկի վարչարարությունը դեռ շարունակվելու է, եթե հունիսի 14-ին ենք ունենալու տվյալները և որոշվի՝ վերաքվեարկություն լինելու է, թե՝ ոչ, մինչև դա, որ ասում եք՝ ստիպված է լինելու վերաքվեարկություն անել, այդ տեղեկատվությունը որտեղի՞ց, ի՞նչ գիտի, որ դատարանն անվավեր չի ճանաչելու, այլ վերաքվեարկություն է նշանակելու»։
Կարդացեք նաև
Արամ Օրբելյանը պատասխանեց․ «Դատական նիստի ժամանակ արձանագրություն կազմված էր, բայց ԿԸՀ-ի արձանագրությունում ասված էր, որ վերահաշվարկն ավարտվել է»։
Արման Դիլանյանն ի պատասխան հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ չեք դիմել պարտավորեցման՝ պարտավորեցնելու կատարել վերահաշվարկ։
Արամ Օրբելյանը պատասխանեց․ «Մենք եղել ենք համոզված, և այս ամբողջ դիմումի էությունն այն է, որ ամբողջությամբ արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, ոչ թե ասել ենք՝ վերահաշվարկ կատարել»։
ՍԴ-ում 7 ուժերի ներկայացրած դիմումի քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































