«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանը կազմակերպության նախկին ղեկավար Նինա Կարապետյանցին օրերս ծանուցել է նրա անդամակցության դադարեցման մասին:
«Հրապարակը» զրուցել է Նինա Կարապետյանցի հետ, որը «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն էր եւ մասնակցում էր ԱԺ ընտրություններին:
– «Հելսինկյան ասոցիացիա» կազմակերպության ո՞ր արժեքներին է Ձեր գործունեությունը հակասել: Չե՞ք փորձել ճշտել, թե Ձեր գործողություններում ինչը դուր չի եկել «Հելսինկյան ասոցիացիա»-ին:
– Այդ որոշման մեջ թերեւս ամեն ինչ ասված է: Եթե նշում են, որ ես իրենց արժեքներին, սկզբունքներին դեմ եմ, սակայն կոնկրետ չեն ասում, թե խոսքն ինչի մասին է, ես վերլուծել եմ իմ գործունեության ողջ ընթացքը եւ չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ ես անցած լինեմ թույլատրելի սահմանները, ներառյալ՝ այս վեց ամսում: Ես մշտապես ասել եմ, որ իրավապաշտպանությունը մասնագիտություն չէ, այն ապրելակերպ է ու տեսակ: Այն, որ իմ քաղաքական գործունեությունը հակասում է «Հելսինկյան ասոցիացիա»-ին, դա մեկ բան է նշանակում` ըստ նպատակահարմարության որոշել են ազատվել այն մարդուց, որն ունի ակնհայտ ընդդիմադիր դիրքորոշում եւ քննադատում է ռեժիմին:
Կարդացեք նաև
– Այսինքն` Նիկոլ Փաշինյանին քննադատելը «Հելսինկյան ասոցիացիա»-ի արժեքներին դե՞մ է:
– Այդ հարցին պետք է իրենք պատասխանեն: Ես եմ եղել այդ կազմակերպության ղեկավարը գրեթե տասը տարի եւ ես ունեցել եմ թիմակիցներ, ովքեր ունեցել են իրարից շատ տարբեր քաղաքական հայացքներ, ավելին` եղել են մարդիկ, ովքեր ընտրություններին մասնակցել են, տարբեր ընտրական ցուցակներում են ընդգրկվել, սակայն ես հրաժարվել եմ նրանց աշխատանքից ազատել, անկախ բոլոր այն հորդորներից, որոնք հնչել են: Ես միշտ եմ այն կարծիքին եղել, որ իրավապաշտպան կառույցից չեն կարող հրաժարվել մարդիկ` զուտ քաղաքական հայացքների համար: Դա նոնսենս ու աբսուրդ է: Լինել իրավապաշտպան, ներկայացնել իրավապաշտպան ՀԿ եւ մարդու սահմանադրական իրավունքը ոտնահարել, դա, մեղմ ասած, աննորմալ երեւույթ է: Բայց պարզվում է` ոչ բոլորն են այդպես մտածում:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































