Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ամբողջ քաղաքում՝ այդ համաժողովի անցկացման վայրում, պետք է տեղադրված լինեին գերիների լուսանկարները, ինչը չկա. Սիմոնյան

Հոկտեմբեր 29,2026 22:15 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազգային օրակարգը դուրս է մնացել COP 17-ից։ Դուրս է մնացել, որովհետև օրվա իշխանությունները խուսափել են ամենաանմեղ թեմաներից մինչև սուր քաղաքական թեմաները ներառելուց»,- այսօր «Միջազգային հանձնառություններն ու ազգային օրակարգը COP 17-ի համատեքստում» քննարկման ժամանակ ասաց Արցախի հանրային խորհրդի անդամ Նարե Սիմոնյանը։

Ըստ նրա՝ COP 17-ում տեղ պետք է գտնեին Արցախին վերաբերող հումանիտար թեմաները, ինչպես նաև Բաքվում գտնվող գերիների հարցը։

«Այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտերում գտնվելու հարցը։ Հիմա ամբողջ քաղաքում՝ այդ համաժողովի անցկացման վայրում, պետք է տեղադրված լինեին գերիների լուսանկարները, ինչը չկա։ Դրանք միայն Արցախի ներկայացուցչության մոտ են։ Հասկանում ենք, որ քաղբանտարկյալների և Ամուլսարի շահագործման հարցերն իրենք չէին նախաձեռնի, որովհետև դա իրենց հեղինակության հարցն է։

Բայց, օրինակ, Սյունիքում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ։ Այնտեղ արգելոց կա, որտեղ Ադրբեջանն անտառահատման աշխատանքներ է իրականացնում։ Արդյո՞ք ՀՀ-ն նման բնույթի միջազգային միջոցառում անցկացնելիս պետք է բարձրաձայնի այդ խնդիրը, թե՞ ոչ։ Արցախում պատմամշակութային ժառանգությունը վերացվում է։ Պե՞տք է այդ թեման բարձրաձայնվի, թե՞ ոչ։ Իսկ ավելի կարևոր քաղաքական թեմաների մասին նույնիսկ ավելորդ է խոսելը»,- ասաց Նարե Սիմոնյանը։

Արցախի Հանրապետության հանրային խորհրդի անդամ, հասարակական գործիչ Ալվարդ Զաքարյանն էլ նկատեց, որ COP 17-ին զուգահեռ իրենց անցկացրած ակցիաների ժամանակ ոստիկաններն ինչքան կարողացել են՝ խոչընդոտել են իրենց, թեև իրենք միշտ ավելի քիչ են եղել, քան ոստիկանները։

«Երբեք այս օրերին ակցիաների ժամանակ ոստիկաններից շատ չենք եղել։ Ասում էինք՝ շնորհակալ ենք, որ գալիս եք, գոնե դուք օգնում եք, որ մենք ավելի երևելի դառնանք։ Իրենց ֆոնին բոլորն արդեն ուշադրություն են դարձնում, հասկանում են՝ մի բան է կատարվում, որովհետև այդքան ոստիկան կա։ 20 ակտիվիստի դեմ 200-ից ավելի ոստիկան է կանգնում։ Շատ մեծ ճնշումներ են, ամեն ինչին խոչընդոտում են՝ ասում են՝ միկրոֆոն մի՛ վերցրեք և այլն»,- նշեց Ալվարդ Զաքարյանը։

Նախկին իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն էլ ասաց, որ մեծագույն սխալ էր Արցախի հումանիտար խնդիրները քաղաքական լուծումների դաշտ մտցնելը։

«Որովհետև կան հարցեր, որոնք պետք է հանեին քաղաքական գործընթացից և զուտ հումանիտար հարց լուծեին։ Սկսած Արցախի շրջափակումից մինչև գերիների հարցը՝ դրանք այնպիսի կոնտեքստում դրեցին, որ… Չգիտեմ՝ տգիտության արդյունք էր, թե գիտակցված արեցին այդպես, որ քարտերն ավելի խառնեն, քան խառնված է, բայց փաստը մնում է փաստ, որ հումանիտար հարցերը տեղափոխվեցին այլ հարթակ»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031