Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները տիեզերական մասշտաբի մանիպուլյացիաներ են անում. Կարապետյանց

Նոյեմբեր 03,2026 23:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«Տիեզերական մասշտաբի մանիպուլյացիաներ են անում մեր իշխանությունները՝ ասելով, թե ի՞նչ է, եթե մարդը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, նրա նկատմամբ քրեական գործեր չե՞ն կարող հարուցվել։ Իհարկե, կարող են, բայց դրանք պետք է լինեն հիմնավոր»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Կալանավորված Հայաստան» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց նախկին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Ըստ նրա՝ քաղաքական հետապնդման կարող են ենթարկվել նաև այն մարդիկ, որոնք անմիջականորեն քաղաքականությամբ չեն զբաղվում, սակայն ունեն ընդդիմադիր հայացքներ։

«Քրեական գործ հարուցված լինելու փաստը կամ դատական ակտի առկայությունը բոլոր երեք ատյաններում դեռ չի նշանակում, որ մարդը մեղավոր է կամ հանցագործ։ Ամենավառ օրինակներից մեկը Մարտի 1-ի գործն է։ Գիտեք՝ որքան մարդ կար, որը տարբեր տեսակի պատասխանատվության էր ենթարկվել, և կային նաև դատական ակտեր։ Անցավ տասը տարի, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ մարդկանց վերաբերյալ որոշումներ ընդունեց, որոնցով նրանք արդարացվեցին»,- ասաց Կարապետյանցը։

Նինա Կարապետյանցը նկատեց, որ դրանից հետո էլ Հայաստանում չլուծվեց այդ մարդկանց գործերը քննած քննիչների և գործերով ներգրավված դատախազների պատասխանատվության հարցը։

«Իսկ ինչո՞ւ չլուծեցին, որովհետև այդ նույն մարդիկ պետք է նույն գործողություններն իրականացնեին նաև այս իշխանությունների օրոք»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համակարգված աշխատանք տանել միջազգային գործընկերների հետ։

«Նրանք, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հանցագործությունները, լղոզում ու արդարացնում են դրանք, ամենօրյա ռեժիմով համակարգված կերպով շրջում են տարբեր միջազգային կառույցների դռները և ամբողջ գործընթացը ներկայացնում հակառուսական տրամաբանության շրջանակում։ Չմեռանք, այդ օրն էլ հասավ․ պարզվում է՝ ես էլ եմ ռուսամետ»,- եզրափակեց Նինա Կարապետյանցը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30