Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության հետևանքով եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա հետևանքով եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը քրեորեն պատժելի գործողություն է։ Այս կարծիքին է նախկին իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։
«Այն փաստը, որ ԱԺ-ում կարող են ստեղծվել քննիչ հանձնաժողովներ, չի նշանակում, որ այդ գործողությունն օրինականացվում է։ Հայ Առաքելական Եկեղեցու կամ որևէ այլ կրոնական կազմակերպության վերաբերյալ այդ բնույթի քննարկումներ անելն ու իշխանության հանձնարարությամբ միջամտելը քրեորեն պատժելի են և հակասում են Սահմանադրությանն ու միջազգային կոնվենցիաներին։ Իրենք բազմակի անգամ հանցագործ են։ Աղոթեն, որ հաջորդ իշխանությունը լինի բարեգութ ու արդարադատության ստանդարտներին համապատասխան գործողությունների կողմնակից, որովհետև այն հանցագործությունները, որ արել են, չգիտեմ՝ ոնց են դրա տակից դուրս գալու։ Մի քանի կյանք պետք է նստեն, երևի»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կարապետյանցը։
Նրա գնահատմամբ՝ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած պատգամավորների միջև ծեծկռտուքը հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի են լկտիանում.
Կարդացեք նաև
«Մարդն իրեն նորմալ է զգում որպես դիկտատոր։ Ամեն օր նոր թեմա է բերում, որտեղ ինքնահաստատվում է որպես դիկտատոր»։
Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների՝ Փաշինյանի օրակարգին և նրա պնդումներին, թե եթե ժողովուրդն այդ հարցում իրեն չաջակցի, դա, հավանաբար, կդառնա իր քաղաքական կարիերայի ավարտը՝ Կարապետյանցն ասաց.
«Նիկոլ Փաշինյանը ստախոս է, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Նա հազար անգամ հայտարարություններ է արել, տասը րոպե հետո հրաժարվել է։ Նրա ոչ մի ասածին լուրջ վերաբերել պետք չէ։
Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա ես Ալիևի Սահմանադրությունն ընդունելու իմաստը չեմ տեսնում և բարոյականություն չեմ տեսնում։ Եթե շատ մարդիկ խրտնում էին Սերժ Սարգսյանի Սահմանադրությունից, ուզում եմ հասկանալ՝ այդ նույն մարդիկ Ալիևի կոստյումով Սահմանադրությունից ինչո՞ւ չեն խրտնում։ Ինչո՞ւ են եկել, տեղավորվել Ալիևի կոստյումի մեջ ու իրենց լավ զգում։ Արդյո՞ք իրենց արժանապատվությունը չի նվաստանում, երբ դրսից մեկը քեզ հանձնարարում է»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































