Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխելը թողնողները կստանան բոնուսներ․ կառավարությունում քննարկում են՝ ինչպես ստուգել՝ անձը ծխելը թողե՞լ է, թե՞ ոչ

Հուլիս 09,2026 15:49 Share

«Մենք սահմանել ենք նաև լրացուցիչ ցուցանիշներ, օրինակ՝ երբ ապահովագրված անձը հանդես է գալիս՝ որպես կամավոր անհատույց արյան դոնոր, կամ բժշկի կողմից գրանցվում են անձի առողջ ապրելակերպին միտված պարբերական բարելավվող ցուցանիշներ՝ մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորում, ծխելուց հրաժարում և այլ։ Այդ դեպքում կիրառվում են բոնուսների նկատմամբ լրացուցիչ գործակիցներ»,- ՀՀ կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ կառավարության որոշման նախագիծը ըստ որի՝ ծխելը թողնող անձը, առողջ ապրելակերպ վարող անձը կարող է բոնուսներ ստանալ, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2029-ի հունվարի 1-ից։

Նիկոլ Փաշինյանն այս առիթով հարցրեց՝ ո՞նց ենք իմանալու, որ մարդը ծխելը թողել է։ Լենա Նանուշյանն ասաց, որ կան արագ թեստեր, իսկ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Լավ է, 2029-ից ենք ուժի մեջ մտցնում, քանի որ ես ենթադրում եմ, որ ծխելը թողնելու զանգվածային տեսարաններ ենք ունենալու, մյուս կողմից ծխախոտի ներմուծման և արտադրման շարունակաբար աճեր։ Ես կարծում եմ՝ պետք է կապել բանկային քարտի հետ, մարդը ծխախոտ առնում է, թե՝ ոչ։ Թե չէ՝ գնացի, ստուգվեցի, իմ տեղը՝ ենթադրենք հարևանին, երեխային տարա, դա լավ բան չէ։ Կոնկրետ օրինակ է պետք դնել։ Պետք է կապվի անկանխիկ առևտրի հետ․ մարդու քարտից ինչքան ալկոհոլ է ձեռք բերվել, ինչքան ծխախոտ։ Սա օբյեկտիվ ցուցանիշ է»։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս առիթով ասաց, որ իր կարծիքով՝ 2029-ին մարդիկ կրելու են մոնիտորինգի վերահսկողության սարք։ Ըստ նրա՝ ի՞նչ վատ կլինի, որ այդ սարքը կպած լինի ընտանեկան բժշկին։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ հիշեցնելով նաև հեռախոսների IMEI համակարգի կարգավորումը․ «Երբ մարդուն շտապօգնությունով տանում են հիվանդանոց, սարքեր են հագցնում, ոչ մեկը չի ասում՝ ի՞նչ դրեցիք ինձ վրա, բայց որ ասում ենք՝ եկեք, մի բան անենք, որ չվատանաք, ասում են՝ հոպ, մեր անձնական տվյալները սկսում են հավաքել։ Ասենք՝ օտարերկրյա արտադրության սմարթ հեռախոս, կոստյում, ականջակալ և այլ ամեն ինչ կրում են, իրենց բոլոր տվյալները գրում են, բայց ոչ մեկը չի ասում՝ կարող է ուրիշ տեղ մեր տվյալը կարդում են, բայց մեր երկրում, որ ասում ենք՝ հեռախոսները մաքսանենգ ճանապարհով, որ ներմուծում են, քայլեր ձեռնարկենք, ասում են՝ հոպ մեր անձնական տվյալները։ Էս ի՞նչ հակասություն է։ Ժողովուրդ ջան, պաշտոնապես ասում եմ՝ դուք ոչ մի գաղտնիք չունեք 21-րդ դարում։ Էդ գաղտնիքներն ազնիվ խոսքի վրա են՝ հորս արև, հավատացեք, որ մենք ոչ ձեր ձայնայինները, ոչ սննդի նախընտրությունները ազնիվ խոսք, պապայի արև, մենք ընդհանրապես չգիտենք։ Եվ մարդիկ հավատում են։ Բայց երբ պետությունն ասում է՝ այս բջջային հեռախոսները ո՞նց եք բերել, ասում են՝ մեր անձնական տվյալները հավաքեցիք»։

 

ՀՀ կառավարության ծրագիրն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել