Բարձրակարգ մարզիկների պատրաստման եւ առողջ ապրելակերպով զբաղվելու լավագույն կենտրոններից մեկը՝ Օլիմպավանը, արդեն հինգ օր փակ է։ Պարալիզացվել է մարզական այս կառույցի աշխատանքը, որտեղ գերազանցապես մարզվում են մեր ազգային եւ տարբեր տարիքային խմբերի հավաքականները, առողջարարական խմբեր։ Օլիմպավանում 1000-ից ավելի երեխա է մարզվում։ Այստեղ է տեղակայված նաեւ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը, որը նույնպես հինգ օրից ավելի չի գործում, ինչը շատ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ ընդհանրապես հայկական սպորտի համար։
Օլիմպավանում պետք է ուսումնամարզական հավաքներ անցկացնեին մեր հենակետային մարզաձեւերի՝ ըմբշամարտի, ծանրամարտի հավաքականները։ Երեւանում այս օրերին ընթանում էր բասկետբոլի Եվրոպայի Մ16 «C» դիվիզիոնի առաջնությունը։ Եվ Հայաստանի թիմը հանգրվանել էր հենց Օլիմպավանում։ Բայց, կապված հայտնի իրադարձությունների հետ, նրանք ստիպված են եղել լքել Օլիմպավանը՝ ըստ էության, խափանելով նախապատրաստության բնականոն ընթացքը։
«Ես բասկետբոլի մարզիչ եմ եւ մենք համագործակցում էինք Օլիմպավանի հետ։ Խնդրում եմ, որ մեր Օլիմպավանը կրկին բացեն, որպեսզի պատերի տակ նստած եւ դրան սպասող մեր այս լավ բալիկները րոպե առաջ վերսկսեն մարզումները։ Այս գործընթացում փաստացի բասկետբոլիստներն էլ մատնված են պարապուրդի, լուրջ խնդիրներ են առաջ գալիս։ Պատկերացնո՞ւմ եք, առավոտյան վաղ գալ, միջազգային մրցումների մասնակցող երեխաներին ասել՝ հինգ րոպեի ընթացքում տարածքն ազատեք, ճիշտ չեմ տեսնում։ Չէ՞ որ նման բաները նրանց վրա բարոյահոգեբանական ճնշում են թողնում։ Մասնավորապես, Մ 16 ԵԱ մասնակից մեր բասկետբոլիստները առաջին երկու խաղը շատ լավ խաղացին։ Դրանից հետ, արդեն երրորդում, չնայած մրցակիցը Մալթան էր եւ թույլ թիմ էր, մեր թիմն անճանաչելի էր։
Ամեն օր ասվում է չէ՞, որ երեխաները պետք է վաղ տարիքից զբաղվեն սպորտով, մարզվեն, որ մարդիկ զբաղվեն առողջ ապրելակերպով։ Բայց Օլիմպավանի նման համալիրը փակում են։
Կարդացեք նաև
Այս ամենը սպորտին մեծ վնաս է։ Պրոֆեսիոնալ մարզիկը պետք է ամեն օր մարզվի ու ճիշտ մարզվի, մարզվի պրոֆեսիոնալ խաղադաշտում, ինչը մենք ունենք եւ որը, սակայն այսօր փակ է։
Մենք այսօր այստեղ հավաքվել ենք, պահանջում եւ խնդրում ենք, որ Օլիմպավանը բացեն, բոլոր մարզիչները անցնեն իրենց բուն աշխատանքին։ Մենք քաղաքականությունը չենք խառնում սպորտի հետ, բայց տեսեք, որ քաղաքականությունը խանգարում է սպորտին։ Ու ազատություն եմ մաղթում Գագիկ Ծառուկյանին։ Այս կառույցը 2017 թվականին Գագիկ Ծառուկյանի շնորհիվ է բացվել։ Ես 1994 թվականից մարզիկ եմ եղել եւ Հայաստանում այսպիսի մարզահամալիր չեմ տեսել։ Այսօր միջազգային որ մարզիկն էլ գալիս է, նրա համար Օլիմպավանը տարածաշրջանի լավագույն մարզահամալիրն է»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Օլիմպավանի առջեւ Գագիկ Ծառուկյանին աջակցելու նպատակով բողոքի ակցիայի մասնակից բասկետբոլի մարզիչը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































