«Հուլիսի 1-ից ներդրվել է, արդեն բոլոր բանկերը որոշակի լուծումներ ունեն, նաև տեղեկացրել են իրենց հաճախորդներին տարբեր ձևերով՝ էլեկտրոնային և իրենց կայքերի միջոցով։ Կան բազմաթիվ հաճախորդներ, որոնք օգտվել են այս հնարավորությունից… Յուրաքանչյուր մարդ, ով օգտվում է որևէ բանկի, վճարահաշվարկային կազմակերպության կամ վարկային կազմակերպության թվային հավելվածից, երբ մտնի այդ թվային հավելված, կարող է գտնել «STOP» գործիքը, որը երբեմն նաև «ծառայությունների կասեցում» անվան տակ է լինում։ Նա կարող է տեսնել ծառայությունների ցանկը, որը տվյալ կազմակերպությունը մատուցում է, և կարող է բլոկավորել դրանք առանձին-առանձին։ Բացի դրանից, ունի հնարավորություն նաև բլոկավորելու բոլոր ծառայությունները միասին վերցրած»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը՝ ի թիվս այլնի, անդրադառնալով առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորություններին։
Նրա հավաստմամբ՝ եթե երրորդ անձը՝ զեղծարարը, ինչ-որ կերպով մուտք գործի և հասանելիություն ստանա դեպի թվային հավելված, չի կարողանա այդ գործիքից գումարներ հանել։ «Օրինակ, եթե արգելափակվել է վարկը (մարդն ասում է՝ ես այլևս վարկ չեմ ուզում ստանալ թվային հավելվածով), և զեղծարարը, մտնելով թվային հավելված, փորձում է վարկ ձևակերպել, որպեսզի այդ գումարը դուրս բերի, հաստատ չի կարողանա այդ գործողությունն անել։ Եթե մարդն արգելափակել է իր ավանդը, դա նշանակում է, որ զեղծարարը, նույնիսկ հավելվածին հասանելիություն ունենալու դեպքում, չի կարողանա ավանդից ելքագրում անել։ Եթե փոխանցումները փակվել են (այսինքն՝ երրորդ անձանց փոխանցումների գործարքը փակված է), ապա զեղծարարն այլևս երրորդ անձի փոխանցում չի կարողանա անել։ Հետևաբար, այսքանով սահմանափակվում է զեղծարարության ռիսկը»,- մանրամասնեց ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ղեկավարը։
Հարցին՝ եթե վարկ վերցնելու հնարավորությունը արգելափակվում է, արդյոք արգելափակվում է նաև գործող վարկը մարելու հնարավորությունը, Արմենուհի Մկրտչյանը բացասական պատասխան տվեց. «Վարկի արգելափակումը նշանակում է՝ «նոր վարկ չեմ ուզում ստանալ» կամ «իմ չօգտագործված վարկային գծի մնացորդը չեմ ուզում օգտագործել»։ «STOP» գործողության իմաստը դա է, իսկ վարկի մարումները շարունակվում են»։
Ինչ վերաբերում է «STOP բոլորը» գործիքին, այս մասին էլ նշեց. «Օրինակ՝ դուք կասկածելի զանգ եք ստացել կամ հասկացել եք, որ զեղծարարին հնարավոր է հասանելի են դարձել ձեր թվային հավելվածի տվյալները (դեռ հստակ չգիտեք՝ այդպես է, թե ոչ, բայց կասկածներ ունեք)։ Նման իրավիճակում «STOP բոլորով» դուք փակում եք ձեր բոլոր գործարքները հավելվածի միջոցով, հետո դիմում եք բանկ և սկսում պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել։ Այսինքն՝ «STOP բոլոր գործարքները» գործիքն ուղղված է նրան, որ հնարավորինս արագ արձագանքեք կասկածելի իրավիճակին»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































