Հայաստանի Թեքեյան մշակութային կենտրոնում այսօր կայացավ «Շուշի․ անհերքելի փաստեր» վավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի առաջին ցուցադրությունը։
Ֆիլմը ներկայացնում է Շուշիի պատմությունը՝ հիմնվելով պատմական սկզբնաղբյուրների, արխիվային փաստաթղթերի և գիտական ուսումնասիրությունների վրա՝ նպատակ ունենալով վերականգնել քաղաքի պատմության փաստական պատկերը և անդրադառնալ դրա շուրջ ձևավորված կեղծումներին։
Ֆիլմի ռեժիսոր և օպերատոր Գևորգ Տեր-Ղուկասյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ ֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են շուրջ վեց տարի։ Նրա խոսքով՝ գործընթացը երկու անգամ ընդհատվել է՝ նախ՝ համավարակի, ապա՝ Արցախի շրջափակման պատճառով։
Կարդացեք նաև
«Ֆիլմի վրա վեց տարի շարունակ աշխատել եմ։ Մեկ տարի հետաձգվեց համավարակի, ևս մեկ տարի՝ Արցախի շրջափակման պատճառով, և այդ պատճառով ավելի շուտ ավարտել չհաջողվեց»,- ասաց նա։
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի պատրաստման ընթացքում ուսումնասիրվել են Մոսկվայի, Կրասնոդարի կինո-ֆոտոարխիվի, Հին ձեռագրերի արխիվի, Վրաստանի արխիվների, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի և Մատենադարանի նյութերը։
Տեր-Ղուկասյանը հիշեց նաև 2020 թվականի պատերազմի օրերից մի դրվագ․
«Շուշիում նկարահանումների ժամանակ արկ ընկավ Ղազանչեցոց եկեղեցու վրա, իսկ բեկորներից մեկը հարվածեց իմ մեքենային։ Կարելի է ասել՝ պարզապես փրկվեցի»։
Նրա խոսքով՝ ֆիլմի ստեղծման ընթացքում մեծ աջակցություն են ցուցաբերել Մատենադարանի գիտաշխատողները, մասնավորապես՝ պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մաղալյանը, ով ֆիլմի գիտական խորհրդատուներից մեկն է։
Մյուս գիտական խորհրդատուն պատմական գիտությունների դոկտոր Վալերի Ավանեսյանն է։
Տեր-Ղուկասյանը նշեց, որ հիմնականում աշխատում է վավերագրական կինոյի ոլորտում։ Նրա առաջին ֆիլմը՝ «Հաղթանակի հետնորդները», նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի 30-ամյակին, որի համար արժանացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակի։
Ռեժիսորը նաև ցավով նշեց, որ իր նկարահանած մի շարք ֆիլմեր մնացել են Արցախի արխիվներում։
Մեր հարցին, թե արդյոք նախատեսում է շարունակել նկարահանել ֆիլմեր, ռեժիսորը պատասխանեց առանց երկմտելու․
«Իհարկե նախատեսում եմ»։
«Շուշի․ անհերքելի փաստեր» վավերագրական ֆիլմը բաղկացած է չորս մասից, որոնցից երրորդ և չորրորդ մասերի աշխատանքները նախատեսվում է սկսել այս աշնանը։
Հիշեցնենք, որ ֆիլմը ներկայացված է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ռուսերեն տարբերակը ցուցադրվել է 2026 թվականի մայիսի 8-ին Կինոյի տանը։
Ռիմա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

























































