Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշի․ անհերքելի փաստեր»

Մայիս 09,2026 15:00 Share

Վավերագրող ռեժիսոր Գեւորգ Տեր-Ղազարյանը վեց տարի աշխատել է «Շուշի․ անհերքելի փաստեր» փաստավավերագրական ֆիլմի վրա։ Տարբեր արխիվներում՝ Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Թբիլիսիի, Երեւանի, ամիսներ է անցկացրել։ Ֆիլմի վրա աշխատանքները բարդ են ընթացել՝ հաճախակի ընդհատումներով․ մեկ կորոնավիրուսի համաճարակն էր խանգարում, ապա՝ 2020 թվականի պատերազմը, հետո Արցախի շրջափակումը․․․

«2019 թվականին ֆիլմը սկսել եմ նկարել։ Ես Ղարաբաղից եմ՝ ստեփանակերտցի։ Ընդհանրապես, որոշել էի Արցախի մասին մի մեծ ֆիլմ նկարել։ Ստացվեց այնպես, որ այդ թեման ընտրեցի․ Շուշին ինձ համար միշտ է հարազատ եղել։ Երեխա ժամանակ Շուշի շատ էի գնում․․․ Արսեն Մելիք-Շահնազարովի գիրքը կարդացի՝ «Վարանդայի տիրակալները՝ կայսրության ծառայությանը»․ այդ  գիրքն ինձ դրդեց Շուշիի թեման ընտրել»,- Aravot.am-ի հետ զրույցում ֆիլմի «ծննդյան» մասին պատմում է Գեւորգ Տեր-Ղազարյանը՝ հիշելով, որ սցենարը հինգ անգամ փոխել են՝ կախված իրավիճակներից։

Երբ ֆիլմի աշխատանքներն ավարտվում էին՝ Շուշին արդեն հանձնված էր․ «Դրա համար սցենարն ամբողջությամբ փոխվեց։ Շուշիի ազատագրումը պետք է արտացոլվեր ֆիլմում։ Արայիկը (Արայիկ Հարությունյանը-Ն․ Գ․)՝ մեր նախագահը, ինքն էլ է մասնակցել Շուշիի ազատագրմանը, իր եղբայրն էլ զոհվել է այդ մարտում․․․ այդ ամբողջը հանեցինք, թողեցինք միայն պատմական փաստեր՝ 6-րդ դարից մինչեւ Հեյդար Ալիեւի կառավարման տարիները։ 2020 թվականին կանդրադառնանք, երբ ամենքն իր տեղը նստի։ Շատ նյութեր կան, ականատեսներ կան շատ, բայց հիմա չարժե, հետո կանենք։ Ես ոչ մի բան չեմ մոռանում, ամեն ինչ եմ հիշում․․․ 1987 թվականից եմ շարժման մեջ ընդգրկված, ամենը հիշում եմ»։

Ֆիլմը Մոսկվայում է ցուցադրվել։ Ֆիլմի առաջին եւ երկրորդ մասերի երեւանյան պրեմիերան երեկ էր՝ «Կինոյի տանը», Շուշիի ազատագրման՝ «Հարսանիք լեռներում» օպերացիայի եւ արցախյան առաջին պատերազմի հաղթանակների նախօրեին՝ «Դիալոգ» հասարակական կազմակերպության աջակցությամբ։

«Այս ֆիլմը պատմաճանաչողական, ուսուցողական նշանակությունից բացի, պատմական կեղծարարության դեմ պայքարի նշանակություն ունի»,- ասում է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

Գեւորգ Տեր-Ղազարյանն ասում է՝ շատ կցանկանար, որ իր ֆիլմի առաջին ցուցադրությունը Ստեփանակերտում լիներ․․․

Ֆիլմը չորս մասից է բաղկացած՝ պատմական շրջան, ռուսական կայսրության շրջան, որը Շուշիի զարգացման լավագույն շրջանն է համարվում, 1905 -1920 թվականի ջարդեր, ապա՝ ադրբեջանական զեղծարարության շրջան։ Այն ամբողջությամբ գիտական ուղղությամբ է՝ տարբեր խոշոր գիտնականներ՝ պատմաբաններ, միջազգայնագետներ, կովկասագետներ, քարտեզագիրներ ներկայացնում են Շուշիի պատմությունը, իրենց կատարած աշխատանքները։ Ֆիլմը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն․ թարգմանական աշխատանքներն ավարտական փուլում են։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031