Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում էր ընդունել։ Նախատեսվում էր, որ այս որոշումը վերջնական պետք է հաստատվեր Իսրայելի Քնեսեթի կողմից, բայց հուլիսի 13-ին Քնեսեթը կասեցրեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Haaretz պարբերականը հայտնել է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթի օրակարգից հանել է Բաքվից զանգ ստանալուց հետո։ Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն արգելափակել է քվեարկությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի խորհրդականը կապ է հաստատել իր գրասենյակի հետ: Ադրբեջանական հարթակները գրում են, որ զանգը եղել է Հիքմեթ Հաջիևի կողմից։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ (այդ պաշտոնում նա գլխավորում էր Հայաստան-Իսրայել բարեկամական խումբը) Արտակ Զաքարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս տեղեկությանը, ասաց․ «Որքանով տեղյակ եմ՝ ուղղակի որոշում է կայացվել այդ հարցը հիմա չուղարկել Քնեսեթ, քանի որ այս Քնեսեթն արդեն ավարտել է իր աշխատանքը, եւ հոկտեմբերի 27-ին հաջորդ ընտրություններն են լինելու։ Եվ ենթադրվում է, որ եթե նորից այս կառավարությունը մնա, իրենք կշարունակեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Բայց որքանով ես տեղյակ եմ՝ Իսրայելի կառավարության որոշումն արդեն իսկ պաշտոնական որոշում է համարվում Իսրայելի քաղաքականության տեսանկյունից։ Եվ իրենք համարում են, որ Իսրայելի կառավարությունն արդեն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Քնեսեթում, պարզ է, որ օրենք չէին ընդունելու, զուտ հայտարարություն էին ընդունելու։ Դա էլ երբ կանեն, արդեն իրենց ներքին քաղաքական խնդիրն է»։
Արտակ Զաքարյանի խոսքով՝ Ադրբեջանը դժգոհություններ ցուցաբերել է, փորձել է լոբբիստական աշխատանք իրականացնել, բայց Իսրայելի կառավարությունն այս որոշումը կայացնելիս ոչ Հայաստանին է հարցրել, ոչ էլ Ադրբեջանին։ «Այսինքն՝ դա Իսրայելի քաղաքականությունն է Թուրքիայի հանդեպ, դա ոչ Հայաստանի խաթր են արել, ոչ էլ Ադրբեջանի բողոքները կարող են նշանակություն ունենալ։ Ուղղակի, իմ կարծիքով, ադրբեջանական մամուլը փորձել է դա թանկ վաճառել իր լսարանի վրա»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ մինչեւ Քնեսեթը վերջնական որոշում չընդունի, Իսրայել պետության կողմից Հայոց ցեղասպանությունը չի կարող պաշտոնապես ճանաչված համարվել, Արտակ Զաքարյանն ասաց․ «Չէ, միշտ չէ, որ Քնեսեթը պետք է կառավարության որոշումները հաստատի։ Կառավարության որոշումը կառավարության որոշում է, օրենք չէ, որ պարտադիր պետք է ընդունվի։ Իհարկե, լավ կլինի, որ գնա Քնեսեթ, Քնեսեթն էլ լիարժեք դարձնի կառավարության այդ քաղաքականությունը, բայց դա, ենթադրում եմ, կլինի արդեն հաջորդ Քնեսեթում, եթե, իհարկե, Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ սրված հարաբերությունները շարունակվեն»։
Արտակ Զաքարյանի խոսքով՝ եթե ընտրությունների արդյունքում Իսրայելի կառավարող կոալիցիան մոտավորապես նույն կառուցվածքով ձեւավորվի, կարելի է ենթադրել, որ նոր Քնեսեթում հարցը կանցնի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































