Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավանականությունը շատ մեծ է, որ Քնեսետն էլ կընդունի Հայոց ցեղասպանությունը, այս անգամ կառավարությունն է առաջարկը դրել սեղանի վրա»

Հունիս 30,2026 16:12 Share

Երուսաղեմի հայ համայնքում կա այն տեսակետը, որ եթե Իսրայելի Քնեսետն ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը, կարող է վերջ դրվել Իսրայել-Ադրբեջան դաշինքին, ինչից կարող է օգտվել Հայաստանը։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիգ Գիրագոսյանը՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման ընդունմանը եւ հայ համայնքի տրամադրություններին։

«Հավանականությունը շատ մեծ է, որ Քնեսետն էլ կընդունի, որովհետեւ այս անգամ կառավարությունն է առաջարկը դրել սեղանի վրա։ Ընդհանրապես, ընդդիմությունն էր բերում այս հարցը օրակարգ, այսինքն՝ ընդդիմությունն այս հարցն արգելակելու խնդիր չունի։ Երեւի մինչեւ աշնանը կայանալիք ընտրությունները Քնեսեթն արդեն այդ որոշումը կընդունի։ Անակնկալ էր, որ այսպիսի քայլի դիմեց Նեթանյահուի կառավարությունը, հայ համայնքի ներկայացուցիչները շատ ուրախ են, բայց միաժամանակ գիտենք, որ մեզ համար չէ արված սա, պարզապես Էրդողանին հակադարձելու կամ Էրդողանի դեմ ուղղված քայլ էր, ոչ հայերի համար արված։ Բայց մենք ուրախ ենք, որ մի պետություն եւս Հայոց ցեղասպանությունն ընդունում է։ Մեր գաղութի 50 տոկոսից ավելին ցեղասպանության զոհերի ժառանգներն են, արդեն երկրորդ, երրորդ սերնդի ժառանգներն ենք։ Ժամանակն է, որ ամբողջ աշխարհն արդեն իմանա, թե ինչ պատահեց 1915 թվականին»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության զենքայնմացան հարցը չի բխում ՀՀ շահերից, Բեդիգ Գիրագոսյանն ասաց․ «Շատ վատ եմ գնահատում այդ հայտարարությունը, դա վարչապետի խոսելու բան չէր, Փաշինյանը Հայաստանի ներսում հայերի շահերից ավելի շատ պաշտպանում է թուրքերի եւ ադրբեջանցիների շահերը։ Հայաստանի կառավարությունը պետք է հայտարարություն աներ այս առիթով, եթե չէր ուզում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները խաթարվեն, գոնե արդարության համար թող խոսեր։ Իսրայելն ինքը հայտարարեց, որ պատմական արդարությունը պետք է մեջտեղ բերել, որ ցեղասպանություն է եղել։ Իսկ Փաշինյանը նույնիսկ հայտարարություն չարեց, ես նույնիսկ կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայ է»։

Անդրադառնալով այն հարցին,որ Իսրայելն Ադրբեջանի դաշնակիցն է, 44-օրյա պատերազմում աջակցել է Ադրբեջանին, եւ հայ ժողովրդի մոտ բացասական տրամադրվածություն կա այդ պետության նկատմամբ, մեր զրուցակիցը նշեց․ «Ես կարծում եմ՝ եթե Քնեսեթը Հայոց ցեղասպանությունն ընդունի, դա կլինի Իսրայել-Ադրբեջան դաշինքը չեղարկելու առաջին քայլը։ Ադրբեջանը Թուրքիայի կողմը կանցնի, եւ կամաց-կամաց կխզի հարաբերություններն Իսրայելի հետ։ Դա էլ կարող է հնարավորություն ստեղծել, որ Հայաստանը կարողանա ձեռք բերել իսրայելական զենքերը»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930