Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղմկահարույց որոշումից առաջ Իսրայելից զանգ է եղել Բաքու»․ ինչո՞ւ Քնեսեթը կասեցրեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

Հուլիս 15,2026 16:17 Share

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։

Դավիթ Կարապետյան

-Պարոն Կարապետյան, այս տարվա հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում ընդունեց։ Նախատեսվում էր, որ այս որոշումը վերջնական պետք է հաստատվեր Իսրայելի Քնեսեթի կողմից, բայց հուլիսի 13-ին Քնեսեթը կասեցրեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Իսկ այս տարվա աշնանն արդեն Քնեսեթի ընտրություններ են սպասվում։ Ի՞նչ ցույց տվեցին այս գործընթացները, սպասելի՞ էր նման զարգացումը։

-Այո, սա սպասելի էր։ Երբ կառավարության որոշումը կայացվեց, ես ինքս խորը կասկած եմ հայտնել իմ բոլոր հրապարակային ելույթներում։ Այս որոշումը, որով տպավորություն էր ստեղծվել, թե Իսրայելը վերջապես պաշտոնապես կգնա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, եւ մեծ շրջադարձ տեղի կունենա, իրականում, ժամանակավոր բնույթ էր կրում, որովհետեւ այս պահին դա ընդամենը Իսրայելի նոր զենքն էր Թուրքիայի դեմ։ Դա պայմանավորված էր թուրքերի հետ ունեցած իրենց քաղաքականությամբ, որովհետեւ Իսրայելի համար ամենակարեւոր գործոնը երկար տարիներ եղել է հենց Թուրքիայի հետ հարաբերությունները։ Եվ այդ հարաբերություններում Թուրքիան կտրուկ մերժել էր ցեղասպանության գործոնը։ Իսկ Իսրայելն իր մասով միշտ խուսափել էր Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնել։ Ցանկացած պաշտոնական ճանաչում կարող էր դիտարկվել որպես լուրջ դիվանագիտական ճգնաժամ, եւ այդ պատճառով է, որ Իսրայելն ընտրել է այսպես ասած զգուշավոր դիրքորոշում։ Ընդհանրապես արտաքին քաղաքական ու անվտանգային շահերի տեսանկյունից Իսրայելի արտաքին քաղաքականությունը «ռեալ պոլիտիկի» զգուշավոր ու պրագմատիկ քաղաքականության համատեքստում է։

Այստեղ կարեւոր է նաեւ հարցը, թե ինչի հետեւանքով այդ որոշման քվեարկությունը կասեցվեց։ Ես այստեղ բնականաբար տեսնում եմ Ադրբեջանի գործոնը։ Ասեմ ավելին, աղմկահարույց որոշումից առաջ Իսրայելից զանգ է եղել Բաքու։ Քանի որ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները ռազմավարական են, Ադրբեջանը Թուրքիայի գլխավոր դաշնակիցն է, սա չէր կարող ուղղակի ազդեցություն չունենալ, որ Իսրայելը չշտապի ճանաչման հարցում։ Վերջին տարիներին իրավիճակը փոխվել է, որովհետեւ Թուրքիա-Իսրայել հարաբերություններում այնպիսի ճգնաժամ կա, որ, բնականաբար, Իսրայելն օգտագործելու էր այդ գործիքը։ Իսրայելի ներսում ուժեղացել է այսպես ասած «մորալ պարտքի» գաղափարը, եւ դա է պատճառներից մեկը, որ այս հարցը քաղաքականության մեջ որպես գործիք օգտագործվեց, որ դա պատմական ճշմարտության ճանաչում է։ Եվ սա է պատճառը, որ շատ վերլուծաբաններ, այդ թվում՝ ես նշում էինք, որ այս որոշումը քաղաքական է եւ ժամանակավոր արդյունք ստանալու համար է։

Հետեւաբար, Իսրայելը ոչ թե սառեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլ պարզապես տասնամյակներ շարունակ խուսափել է դրանից՝ հիմնականում քաղաքական-ռազմավարական պատճառներով եւ վերջերս է սկսել փոխել այդ դիրքորոշումը։ Այսինքն՝ սա ի օգուտ հայ ժողովրդի եւ Հայաստանի ընդունված որոշում չէր։ Իսրայելի ճանաչումը բնավ պայմանավորված չէ ոչ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ, ոչ դիվանագիտական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու հարցով, ոչ իսրայելահայության դերակատարմամբ։ Սա ոչ մորալ, ոչ պատմաիրավական հիմքեր ունի, ընդամենը քարոզչական հարթությունում է՝ որպես գործիք ու լծակ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում։ Սա ընդամենն այս պահին բացառապես իրենց ազգային ու պետական շահերից ելնելով՝ Թուրքիայի դեմ կիրառվող գործիք է, եւ ելնելով Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները չփչացնելու համատեքստից՝ իրենք փորձեցին այդ հարցը առժամանակ կասեցնել։

Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ ոչ թե Իսրայելն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլ տվյալ դեպքում Իսրայելի կառավարությունն է ճանաչել։ Դրանք խիստ տարբեր բաներ են, մինչեւ Քնեսեթը չհաստատի, չի համարվում, որ Իսրայել պետությունն ամբողջական ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելը խորհրդարանական պետություն է, ճանաչումն ավարտում կլինի այն դեպքում, երբ իրավական ակտը Քնեսեթի կողմից կընդունվի, իսկ նախագահի կողմից կհաստատվի։ Իսկ դրա հավանականությունը գրեթե զրոյական էր, որովհետեւ շատ կարճ ժամանակ էր մնացել, Քնեսեթը գնում էր արձակուրդ, եւ հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին նոր նախանշվում են հերթական խորհրդարանական ընտրությունները։ Այսինքն՝ նաեւ ժամանակի խնդիր կար, իրենք ֆիզիկապես չէին հասցնի ընդունել այդ որոշումը։

-Դուք ասում եք, որ Իսրայելն այս գործընթացում իր շահերով է առաջնորդվում, դա բնական է, իսկ միգուցե հայկական կողմն էլ կփորձեր իր շա՞հը գտնել այստեղ։ Մենք տեսանք, որ պաշտոնական մակարդակով ոչ արձագանք եղավ Հայաստանից, ոչ էլ որեւէ գործողություն, դա նորմա՞լ է։

-Շատ ճիշտ եք ասում։ Այո, անկախ նրանից, որ մենք անաչառ ու օբյեկտիվ վերլուծում ենք իրավիճակը, ես միաժամանակ կարծում եմ, որ եթե հայկական կողմը դիվանագիտորեն կարողանար ճիշտ դիրքավորվել այս հարցով, կկարողանար օգտագործել այս ժամանակահատվածը՝ Իսրայելի հետ ավելի հստակեցնելու հայ-իսրայելական հարաբերությունները։ Ես կարծում եմ՝ այդ գործիքակազմն ու մեխանիզմները կային, մանավանդ որ անմիջապես իրենց արտգործնախարարն էր հարցը բարձրացրել կառավարության առաջ։ Այսինքն՝ դա սեփական նախաձեռնություն էր, եւ հայկական կողմը դիվանագիտական ներքին խողովակներով կարող էր այս ժամանակահատվածում այս հարցին որոշակի լիցք հաղորդել, համագործակցային իրավիճակ ստեղծել, որպեսզի կարողանային այս գործը տանել մինչեւ Քնեսեթի կողմից ճանաչման։ Ես կարծում եմ, որ հնարավորություններ կային, ուրիշ հարց, թե ՀՀ գործող իշխանություններն ինչպիսի դիրքորոշում են որդեգրել այս հարցով։

Այսքանով փակվե՞ց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

-Սա կոչվում է առժամանակ՝ կանխատեսելի կամ ոչ կանխատեսելի ժամանակահատվածով «սառեցնել», բայց ինքը մնում է որպես օրակարգային հարց։ Ես առավել քան վստահ եմ՝ որ րոպեին թուրքական կողմը կրկին կակտիվացնի Գազայի ցեղասպանության հարցը, Իսրայելն արդեն Քնեսեթում ավարտական տեսքով քաղաքական օրակարգ կբերեն հայոց ցեղասպանության արխիվացված հարցը։ Ես կարծում եմ՝ սա Իսրայելի համար միշտ հակաթուրքական գործիք է լինելու, որը կիրառվելու է ըստ պատեհ առիթի ու իրավիճակի։ Ինչքան էլ պաշտոնապես հայտարարվեց «սառեցման» մասին, բայց նոյեմբերին, երբ նոր Քնեսեթը կհավաքվի, չի բացառվում, որ Իսրայելի կառավարությունը վերստին կակտիվացնի այս հարցը։ Էլի գալիս ենք նրան, թե ինչ իրադարձություններ տեղի կունենան մինչեւ նոյեմբեր։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել