Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցության այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության ազգային կենտրոն: Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին:
Կենտրոնը 2025թ․-ին վերազինվել և ընդլայնել է իր գործունեության շրջանակը։ Պետական բյուջեի միջոցների հաշվին ներդրումը կազմել է ավելի քան 1 մլրդ 444 մլն դրամ: Կենտրոնի մասնակի վերանորոգման շինարարական աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 36 մլն դրամ, ձեռք են բերվել ավելի քան 1 մլրդ 407 մլն դրամի սարքավորումներ: Պետական բյուջեի հաշվին կատարված ներդրումների շնորհիվ կենտրոնը համալրվել է նորագույն, թվային ՊԷՏ/ՀՏ համակարգով, բարձր դասի սոնոգրաֆիկ ու մամոգրաֆիկ սարքավորումներով, կոլոնոսկոպիկ ու կոլպոսկոպիկ համակարգերով, ինչպես նաև անխափան սնուցման սարքավորումներով։
Կարդացեք նաև
Միջուկային բժշկության ազգային կենտրոնը եզակի մասնագիտացված կենտրոն է, որը համալրված է բելգիական IBA ընկերության արտադրության ցիկլոտրոնով։ Կենտրոնի զարգացման շրջանակում արդեն իսկ իրականացված մրցութային գործընթացների արդյունքում ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ՝ թեռանոստիկ բժշկության զարգացման նպատակով։
Ըստ պատասխանատուների, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական ստեղծված հնարավորությունները կարևոր նախադրյալներ են միջուկային բժշկության ախտորոշիչ և բուժական ուղղությունների հետագա զարգացման, նոր ռադիոֆարմպրեպարատների կիրառման, թեռանոստիկ մոտեցումների ներդրման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական ներուժի ձևավորման համար։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




















































