«Բոլոր պարագաներում սուտ վկայությունը դատապարտելի է, բայց այս պարագայում խորը մտահոգիչ է, երբ մարդը կարող է սուտ վկայությամբ հանդես գալ, և 10 ամիս անմեղ մարդուն կալանավորեն՝ իր բոլոր բացասական ու ողբերգական հետևանքներով, սա ամեն դեպքում լուրջ մտածելու առիթ է: Հուսամ՝ այս կեղծ վկայություն տվողները դրան անդրադարձ կունենան»,- Aravot.am-ին տրված մեկնաբանության մեջ նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով այն թեմային, թե ինչպես էր կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը ցուցմունք տվել, որ իբր 5 տարի աշխատավարձ չի ստացել:
Այդ ամենի հետևանքով թեմի առաջնորդը, հաշվապահը և այլք ամիսներով կալանքի տակ էին մնացել, կրել զրկանքներ: Այնուհետև փաստաբանների ջանքերի շնորհիվ ուսումնասիրվել էր բանկային գործարքների պատմությունը և պարզվել, որ աշխատավարձն այդ ողջ ընթացքում փոխանցվել է, Թախմազյանն էլ ասել էր, որ իբր չի հիշում կամ գուցե չի նկատել:
Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել էր Փաշինյանի կողմն անցած ու կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի հարցազրույցի հիման վրա: Մկրտիչ սրբազանի դեմ ցուցմունք տված մյուս անձը Արամայիս Թախմազյանն էր, որը ևս միացել է Փաշինյանի և ՔՊ-ի կողմից համակարգվող հակաեկեղեցական շարժմանը:
Հավելենք նաև, որ վերջերս վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Գործը վերաբերում էր Սուրբ Հովհաննավանքին, որտեղ Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։ Ոստիկանությունը, սակայն, հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































