Ընթանում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը: Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել Փաշինյանի դեմ հավաքներին, նաև 2021-ի ընտրություններին հրահանգել է չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։
Մկրտիչ Սրբազանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Փաշինյանին միացած կարգալույծ Արամայիս Թախմազյանն է, որը դատարան էր եկել հոգևորականի հանդերձանքով: Պատասխանելով հանրային մեղադրողի հարցերին՝ նա ասաց, որ տարվա ընթացքում թեմը հրավիրել է 2-3 ժողով՝ հիմնականում հրատապ հարցերի հետ կապված։
«Վերջին ժողովներին, որոնց ես մասնակցել եմ, հավաքվել ենք մասունք բերելու հարցով, հիմնականում խոսել ենք Տեր Արամի հետ կապված հարցերից: Դրանից առաջ գումարված ժողովը եղել է առաջնորդարանում, և եկեղեցու հետ կապված հարցեր չեն եղել: Եղել է քաղաքական, որ մասնակցենք ընտրություններին»,- ասաց Արամայիս Թախմազյանը։
«Ես բովանդակությունն եմ հիշում՝ ընտրություններին գործող իշխանությունները կանցնեն, թե չեն անցնի, առաջնորդի կողմից հնչել է հայտնի արտահայտությունը՝ ում ուզում եք ընտրեք, բացի Նիկոլից»,- ասաց կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը։
Կարդացեք նաև
Մկրտիչ Սրբազանի փաստաբան Պետրոս Պետրոսյանն առարկեց այն հարցի դեմ, թե Մկրտիչ Սրբազանի խոսքն աներկբա ընդունելի՞ է ձեզ համար։
«Հանրային մեղադրողի հարցերը խաչաձև հարցաքննության տրամաբանության են, ուղիղ հարցեր չեն: Հանրային մեղադրողը այս փուլում, ըստ իս, չի օգտվում խաչաձև հարցեր տալու հնարավորությունից, հետևաբար հարցերը պետք է հնչեցնել բացառապես ուղիղ, դրանցում պատասխան, պատասխանի ակնկալիք կամ նման արտահայտություններ չպետք է լինեն»,- ասաց նա՝ նշելով, որ հարցերն ուղղորդող են, և խնդրեց վերաձևակերպել։
Հանրային մեղադրողը չհամաձայնեց, որ իր տված հարցն ուղղորդող է՝ նշելով, որ տուժողից պարզվում է հանգամանքը, թե թեմի առաջնորդի խոսքը որպես այդպիսին անվերապահորեն ընդունելի՞ է թեմի բոլոր հոգևորականների համար: Դատավորն ասաց, որ հարցը պետք է վերաձևակերպել այնպես, որ ուղիղ հարց հնչի։
«Պատվարժան դատարան, հարցն ի սկզբանե ուղիղ հնչեցված էր՝ ինչպես են ընկալվում թեմի առաջնորդի հանձնարարությունները: Եվ այդ հարցին պետք է հնչեր պատասխան, ոչ թե դրան ավելացվեր՝ այ, դա անվերապահ կատարման ենթակա՞ է, թե ոչ, որն արդեն իսկ իր մեջ պատասխան էր ակնկալում»,- ասաց փաստաբանը։
Հանրային մեղադրողը կարգալույծ քահանային հարցրեց՝ արդյոք մասնակցե՞լ է որևէ կուսակցության կողմից կազմակերպված հավաքի: Արամայիս Թախմազյանն ասաց, որ մասնակցել է, և դա իր կամքով չի եղել. «Թեմում կար WhatsApp համակարգ, որտեղ քահանաներին հրահանգ էր գալիս, որ պետք է մասնակցել այս կամ այն հավաքին»։ Նա չկարողացավ հստակ պատասխանել հանրային մեղադրողի այն հարցին, թե ով էր վարում WhatsApp-ի խումբը.«Չեմ կարող ասել, ցանկացած մեկը կարող էր վարել, հստակ չգիտեմ, ում մոտ է եղել, բոլորս կարող էինք գրություն գրել, բոլորիս հասանելի էր»։
Փաստաբան Պետրոսյանը առարկեց նաև հանրային մեղադրողի այն հարցի վերաբերյալ, թե ցուցակ կազմողի քմահաճո՞ւյքն էր մարդկանց հրահանգներ տալը. «Առարկում եմ, ինչ ցուցակի մասին է խոսքը… Նման հանգամանք տուժողը հայտնե՞լ է, որ ցուցակի մասին հարց է տրվում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Պետրոս Պետրոսյանը տուժող ճանաչված Թախմազյանին հարցեր ուղղեց.
-Եղե՞լ է դեպք, որ հիշեք, որ հավաքը եղել է և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից կազմակերպված։
-Մեկ օր եղել է, որ այս կողմը կար, և այն կողմը կար: Ընդդիմությունը կազմակերպում էր Բաղրամյան փողոցում, իշխանությունը՝ կարծեմ Օպերայում: Իրար շատ մոտ էին»,- ասաց Թախմազյանը։
-Հնարավո՞ր է, որ այս օրը հոկտեմբերի 7-ն էր, որովհետև, ըստ գործի նյութերի, դուք այդպիսի պնդում եք արել, որ դա ձեզ համար առանցքային կարևոր օր է եղել,- հարցրեց Մկրտիչ Սրբազանի փաստաբանը։
Հանրային մեղադրողը առարկեց հարցի առնչությամբ։ Փաստաբանը նշեց, որ, ըստ մեղադրանքի, այդ հավաքները վերաբերվել են 2023 թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին. «Ձեր պատմած իրադարձությունները բացառապես այդ ժամանակահատվածի՞ն են վերաբերվում, թե այդ ժամանակահատվածից դուրս են ինչ-որ իրադարձություններ տեղի ունեցել»,-հարցրեց նա կարգալույծ հռչակված Թախմազյանին։ Վերջինս չհիշեց կոնկրետ ամիսները, ասաց՝ գուցե սխալվում է։
Դատական նիստն՝ ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































