Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունն ինքն է ապացուցել է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ․ մարդկանց ձերբակալում են առանց մեղադրանքի, դրանք նախապես հայտարարվել էին վարչապետի կողմից»․ Ֆիլիպ Քալֆայան

Օգոստոս 25,2026 13:55 Share

«Կառավարությունն ինքն է ապացուցել, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ․ մարդկանց ձերբակալում են առանց մեղադրանքի։ Հետևաբար այո, ՀՀ-ում ունենք քաղբանտարկյալներ, արդյոք կա՞ն այլ լուրջ մեղադրանքներ, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը կամ այլ կոռուպցիոն համակարգերին, մենք չգիտենք։ Բայց փաստ է, որ ձերբակալությունները հայտարարվում են որևէ քննությունից, վարույթ հարուցելուց առաջ, ինչը վկայում է այն մասին, որ գործ ունենք ոչ թե դատաիրավական համակարգի հետ, այլ քաղաքական հաշվեհարդարի հետ»,- հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակը, «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց IODA գործադիր խորհրդի անդամ Ֆիլիպ Քալֆայանը։

Նա բերեց Ավետիք Չալաբյանի օրինակը․ «Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է հենց ընտրություններից հետո, նրան ներկայացվել է մեղադրանք ռուսաստանահայերին կաշառելու և ՀՀ գալու ու քվեարկելու համար։ Մենք նախընտրական փուլում զգուշացրել էինք, որ չունենք որևէ ապացույց զանգվածային կաշառք տալու մասին։ Եվ օրեր առաջ նրան առանց մեղադրանքի բաց թողեցին։ Սա տիպիկ իրավիճակ է, որտեղ կարող ենք տեսնել՝ քաղաքական բնույթի ձերբակալություններ են տեղի ունենում ընդդիմադիրների շրջանում, և այս բոլոր ձերբակալությունները հայտարարվել էին մինչև ձերբակալությունը ՀՀ վարչապետի կողմից, որ այս բոլոր մարդիկ ձերբակալվելու ու բանտարկվելու են։ Երեկ ու այսօր հենց այդպես էլ արվեց նախագահ Քոչարյանի ու նրա որդու նկատմամբ․ փաստացի նույնն արվեց, ինչ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»։

Ֆիլիպ Քալֆայանի համար տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին․ «Տարօրինակն այն է, որ վարչապետ Փաշինյանը որոշում է կայացրել դիմել ԵՄ-ի անդամակցության համար, քանի որ նա ինքն է հայտարարել, որ ԵՄ-ից նման հրավեր չկա, անգամ, եթե գործընթացը սկսի վաղը, միևնույն է՝ շատ երկար ժամանակ կպահանջի։ Մի բան կցանկանայի նշել, որ Թուրքիան ԵՄ անդամի թեկնածու է 2004-ից ի վեր, վերջերս հայտարարել է, որ իրենք որևէ հույս չեն տեսնում, որ մոտ ապագայում կանդամակցեն ԵՄ-ին, հարցն այն է՝ արդյոք ԵՄ-ն կընդունի՞ ՀՀ-ին որպես անդամ՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան ու Վրաստանը, որոնք սահմաններ ունեն ԵՄ-ի հետ, չեն ընդունվում ԵՄ։ Սա շատ հետաքրքիր հարց է»։

Խոսե Արանաս

IODA գործադիր խորհրդի անդամ Խոսե Արանասն էլ հավելեց․ «Բացի նրանից, որ հստակ ժամկետներ չկան ԵՄ անդամակցության, նաև ուզում եմ նշել, որ բռնատիրությունը ԵՄ մուտքի ուղին չէ։ Բոլոր այն երկրները, որոնք գործընթացը շատ ավելի վաղ են սկսել, հասկացել են՝ ԵՄ ճանապարհը հաստատված բարեփոխումների, իրավունքի գերակայության, օրենք հարգելու ճանապարհ է, այլ ճանապարհ դեպի ԵՄ չկա։ Տարածաշրջանային խաղաղությունը և հարևանների հետ խաղաղությունը բռնապետությամբ չի հաստատվում։ Դեպի ԵՄ տանող ուղին Սահմանադրության այնպիսի բարեփոխումները չեն, որոնք կարող են խաթարել Սահմանադրությամբ ամրագրված արժեքները, հետևաբար ինչքան ավելի շատ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, այնքան ավելի մոտ կլինենք ԵՄ-ին։ Հուսանք հենց սա կլինի այն ուղերձը, որը կհղվի ԵՄ-ին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31