Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին, կնշանակի շարունակել Ղարաբաղյան շարժումը եւ վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը»

Օգոստոս 24,2026 10:44 Share

Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նոր Սահմանադրությանը։ Նա նշեց, որ ընդդիմադիրները ջանք ու եռանդ չեն խնայում՝ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնելու, այն որպես ադրբեջանական օրակարգ ներկայացնելու համար։

«Նախ պիտի արձանագրեմ, որ Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է, ոչ միայն այն պատճառով, որ դեռեւս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը եւ հայտարարել դրա մասին, այլեւ հիմա ՀՀ քաղաքացիները, քվեարկելով ՔՊ կուսակցության օգտին, քվեարկել են նաեւ այդ օրակարգի օգտին, որովհետեւ նոր Սահմանադրության ընդունումը ՔՊ-ի նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներից մեկն է»,- ասաց նա։

Մյուս կողմից, Փաշինյանի խոսքով, հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը շատ ակտիվ արծարծում եւ նույնիսկ գործիքայնացնում է սահմանադրական բարեփոխումների թեման։ «Բայց, եթե սա նշանակում է, որ նոր Սահմանադրության հարցն ադրբեջանական օրակարգ է, ինչպես պնդում են որոշ ընդդիմադիր շրջանակներ, եկեք հետ գնանք եւ նայենք Երրորդ Հանրապետության պատմությանը։ Այդ նույն տրամաբանությամբ 1994 թվականից միայն Ադրբեջանն է շարունակաբար արծարծել 7 շրջանների վերադարձի թեման։ Հայաստանում ոչ մի նախաձեռնություն դրա հետ կապված չի եղել։ Եվ, ինչպես Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային հրապարակված թղթերն են վկայում, ՀՀ բոլոր նախկին իշխանություններն այդ խնդրով ակտիվ բանակցություններ են վարել։ Բա ինչո՞ւ են բանակցել, բա ինչո՞ւ են 24 տարի Հայաստանը պահել ադրբեջանական օրակարգի մեջ, ինչո՞ւ են առաջնորդվել ադրբեջանական օրակարգով։ Մի՞թե այն պատճառով, որ ղեկավարվել են Ադրբեջանի կողմից կամ եղել են Ադրբեջանի ներկայացուցիչ, մանավանդ, որ նրանց մի մասը ծնվել եւ մեծացել են Ադրբեջանում։ Այս բնորոշումներն անում եմ՝ ցույց տալու համար, թե մեր մի շարք ընդդիմադիրների տրամաբանությունը ինչ անհեթեթ հետեւությունների կարող է հանգեցնել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանը հավելեց․ «Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության տեքստին, այն կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում։ Եվ ինչպես ասել եմ՝ 1990 թվականի Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի նոր Սահմանադրության մեջ։ Ինչո՞ւ, մի պարզ պատճառով՝ մենք հայտարարել ենք Ղարաբաղյան շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության եւ որոշման մասին։ Եվ ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։ Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին, կնշանակի շարունակել Ղարաբաղյան շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող, առավել եւս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին։ Եվ խաղաղության օրակարգն այժմ արդեն համապետական օրակարգ է»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31