Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

«Իրեն հայտնի չի, որ հանք ունի, մեզ հայտնի չի, որ ինքը հանք ունի»․ Արամ Օրբելյանը՝ Սեդրակ Քոչարյանի հանքի մասին

Օգոստոս 31,2026 14:49 Share

«Վաղեմության ժամկետը, մեր գնահատմամբ, անցել է»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ հակադարձելով դատախազության պնդմանը, որ այս գործում նախագահին մեղադրանք է առաջադրվել ևս մեկ դրվագով, որն ունի հակակոռուպցիոն բնույթ, և այդ մասով վաղեմության ժամկետի խնդիր չկա։ Արամ Օրբելյանը մանրամասնում է՝ խոսքը 1996 թվականին հիմնադրված ընկերության մասին է, որն ունի բաժնետերեր, որը գործունեություն է իրականացնում և որը ոչ Սեդրակ, ոչ Ռոբերտ Քոչարյանների հետ ուղղակի առնչություն չունի։

«Հողերի մի կտորը, որը ինքն էր ձեռք բերել, օտարել է 2017 և 2021 թվականներին, և քանի որ 2017-ին է օտարվել, ասում են՝ «փողերը լվացիք»․ ինչպես լվացին, ես չգիտեմ։ Իրենք ասում են՝ փողերն օրինականացրեցիք․ մինչև դա էլ էին փողերն օրինական, կասկած չկար։ Այս դրվագով պայմանավորված՝ ասում են՝ վաղեմությունը չի անցել»,- մանրամասնեց փաստաբանը՝ հավելելով, որ իրենց հիմնական փաստարկն այն է, որ վաղեմություն անցած գործերով կալանք չի կարող կիրառվել։ Նա նաև տարակուսած է՝ ինչո՞ւ, ասենք, տնային կալանք չի կիրառվել։ Հիշեցրեց, որ նախագահ Քոչարյանը գտնվում է ԱԱԾ ծառայողների անուղղակի վերահսկողության ներքո։

Փաստաբանական թիմը չի կարողանում հասկանալ 2017 և 2021 թվականների վաճառքների կապը, բայց դատախազությունում պնդում են՝ «մենք համարում ենք, որ սա իրենն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Որևէ ձև չեմ քննարկել այս հարցը։ Բայց հենց վաղն էլ կհամոզեմ՝ հաշտություն կստորագրենք, եթե դատախազությունը հրաժարվի իր բոլոր պահանջներից, մենք հատուցման պահանջ չենք ներկայացնի»,- ասաց Արամ Օրբելյանը՝ պատասխանելով հարցին՝ Քոչարյանները պատրա՞ստ են հաշտության գնալ կառավարության հետ՝ հակակոռուպցիոն գործերով։

Մինչդեռ, փաստաբանի փոխանցմամբ, գործընթացն ամբողջությամբ օրինական է, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սեդրակ Քոչարյանի կողմից ոչ իրավաչափ գործընթաց չի եղել․ «19 տարեկան աղջիկը գործարք է կատարել։ Եթե 19 տարեկան է՝ չգիտեմ՝ ինչի՝ Ռոբերտ Քոչարյանին են վերագրում, որ 20 լիներ, 18 լիներ՝ ո՞վ էր լինելու։ Իսկ որ այդ 19 տարեկան աղջկա հայրը բիզնեսմեն էր, 1996-ին գրանցած ընկերություն ուներ, զբաղվում էր տարբեր գործունեությամբ, և այդ աղջիկը հետագայում Սեդրակ Քոչարյանի հետ բիզնեսներից մեկում համատեղ աշխատել են, նաև կարտինգի ֆեդերացիայի նախագահ-փոխնախագահ են եղել և այլն, հնարավոր չէ՞ր, 19 տարեկանում ոչ ոք ձեռնարկատիրական գործունեությամբ չկարողանա զբաղվել, երբ պապան ուներ որոշակի դրամական հնարավորություններ։ Կարո՞ղ է այդ 19 տարեկան աղջիկն ինքը չի զբաղվել, ուղղակի իր անունով են գրանցել, իրեն օգտագործել են ու չգիտեմ՝ ինչու որոշեցինք, որ դա Ռոբերտ Քոչարյանն է եղել, ոչ թե իր հայրը։ Օգտագործելն էլ հարաբերական է՝ ուղղակի իր անունով է գրանցած եղել, որպեսզի աղջիկը կարողանա մտնել ձեռնարկատիրական գործունեության մեջ»։

Խոսքը «Կապուտակ Սևանի» ծրագրի մասին է։ Արամ Օրբելյանը հերքում է, որ այդ գործարքի և ծրագրի հետևում կանգնած է եղել Ռոբերտ Քոչարյանը․ «Կարող էր-չէր կարողով քրեական գործ չեն հարուցում և առնվազն չեն կալանավորում մարդուն։ Մեղադրանքն իրենք մինչև վերջ չեն կարողանում հասկանալ, բերել հանգեցրել են՝ «սիրուն չի»-ի, որ կարողանան լցնել։ Երբ մենք նայում ենք սեփականաշնորհման գործընթացն այդ ժամանակահատվածում՝ բոլոր դեպքերում խնդրահարույց է․ ինչի՞ են կադաստրային գնով արել՝ միշտ կարող ենք բարձրացնել այդ հարցը։ Բայց օրենքն էր այդպիսին, կադաստրային գնով էր կատարվում վաճառքները։ Վերցրել են պայմանական 1000 գործարքից մի գործարք ու նախագահին են մեղադրում, որովհետև այդ մեկում իր տղան հետո բիզնես է արել, մնացած 999-ում՝ նորմալ է, խնդիր չկա։ Պնդում եմ՝ գործընթացներն օրինական են, և ֆիկտիվ գործընթացներ այլոց անուններով տեղի չեն ունեցել»։

Արամ Օրբելյանի փոխանցմամբ՝ նույն գործարարն այսօր էլ շինարարությամբ է զբաղվում՝ բնակարաններ է կառուցում և վաճառում, որի հետ Քոչարյան ընտանիքն առնչություն չունի։ Սեդրակ Քոչարյանը բնակարան է ձեռք բերել, ու դրվագներից մեկով քննարկում կա, թե քիչ է վճարել։

Արամ Օրբելյանը հայտարարեց՝ Սեդրակ Քոչարյանը ունի համատեղ բիզնեսներ, և դա երբեք չի թաքցվել, ավելին, Քոչարյանների ընտանիքը շատ թափանցիկ է ցույց տվել իր մասնակցությունը տարբեր բիզնեսներում, իր տիրապետած գույքը։

Ինչ վերաբերում է 6 միլիոն դրամանոց հանքին, Արամ Օրբելյանը հայտարարեց՝ մեղադրանքում նման բան չկա․ ««Մարտի 1»-ի գործով, կաշառքի դրվագով, երբ Սեդրակ Քոչարյանի բանկային հաշիվներն էինք ուսումնասիրում, գրված էր, որ Սեդրակ Քոչարյանը փոխանցում է արել Ավստրիա՝ անշարժ գույք ձեռք բերելու համար։ Ձևակերպում էր տրված՝ հիպոթեքի վճար է արվել, ինչը երկար փորձում էինք հասկանալ, մինչև բնօրինակ գերմանալեզու տեքստը կարդացի՝ պարզվեց՝ փոխանցում էր արվել ինչ-որ հիվանդանոցի, ու բանկի անունը, որով փոխանցում էր կատարվել, այսպես էր՝ Հիպոթեքի և անշարժ գույքի բանկ։ Թարգմանել էին, որ անշարժ գույքի ձեռքբերման գումար է։ Ես չեմ բացառում, որ պայմանական ասած՝ լեռնամետալուրգիայի բանկում ինչ-որ փոխանցում է եղել, որոշել են, որ դա հանք է։ Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, թղթերը ձեռք կբերենք՝ կհասկանանք։ Իրեն հայտնի չի, որ հանք ունի, մեզ հայտնի չի, որ ինքը հանք ունի, այո, դա նշանակում է, որ չունի»։

Նա նաև անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման վարույթին, որով Տանզանիայում գտնվող ինչ-որ գույք է վերագրվում Սեդրակ Քոչարյանին, որի մասին նա պատկերացում չունի և պատրաստակամ է աջակցել ամեն կերպ՝ լիազորագիր, հանձնարարություն և այլն, տվյալ գույքը հայտնաբերել-բացահայտելու համար․ «Բայց գրել են։ Հ1-ի հարցազրույցով ես հասկացա, որ Սեդրակին ոչ թե մեղադրում են այն ամենի համար, ինչ որ գրված է, այլ ևս ինչ-որ բանով, որ գրված չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31